Ազգային փոքրամասնություններ. քրդեր

01/04/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Հայերը լավ չեն ճանաչում ոչ հայերին»

«Այդ թվում՝ Հայաստանում ապրող քրդերին»,- այս կարծիքին է ազգությամբ քուրդ, «Ռյա Թազա» թերթի գլխավոր խմբագիր Գրիշա Չատոյանը: 2001թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում բնակվում է 1519 քրդական ինքնություն կրող քաղաքացի, որոնց ընդամենը 315-ն է քաղաքաբնակ, իսկ գյուղաբնակները սփռված են Հայաստանի շուրջ 21 քրդական գյուղերում: «168 Ժամը» Հայաստանում ապրող եզդիների մասին նախորդ հոդվածում անդրադարձել էր եզդի եւ քուրդ համայնքների միջեւ առկա էթնիկ ինքնության շուրջ տարաձայնություններին: Գ. Չատոյանն ասում է, որ վերջին մարդահամարի ժամանակ որեւէ դեպք չի հիշում, որ որեւէ մեկն իր ազգային պատկանելությունը ճշգրտելու համար այցելած լինի իր բնակարան: Այդ պատճառով քուրդ մտավորականը թերահավատորեն է վերաբերվում պաշտոնական վիճակագրության հրապարակած թվերին, ավելին, նա կարծում է, որ 2001թ. մարդահամարի ընթացքում նոր ազգություն է ստեղծվել, քանի որ եզդիներն ու քրդերը նույն ազգի ներկայացուցիչներն են, տարբերությունը դավանանքի մեջ է: Այդ կարծիքին է նաեւ «Ազատ կանանց միություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) կովկասյան պատասխանատու ներկայացուցիչ, քրդուհի Մեդիա Հասանին, որը նույնպես չի տարանջատում քրդերին ու եզդիներին: «Ես համաձայն չեմ այն իրողությանը, թե Հայաստանում ապրում են 1500 քրդեր եւ 42 հազար եզդիներ: Մենք ասում ենք՝ 40 հազար քրդեր կան, նրանք ասում են՝ 40 հազար եզդիներ: Թող պատմությունն ուսումնասիրի ու ճշգրտի: Մենք ունենք ստորագրահավաքներ, թե ժողովուրդն ինքն իրեն ի՞նչ ազգ է համարում: Մի պարզ թվաբանություն կա, մեր միտինգների ժամանակ Երեւանի հրապարակներում ու փողոցներում հազարավոր մարդիկ են հավաքվում, հիմա նրանք եզդինե՞ր են, թե՞ քրդեր»,- հարցնում է տիկին Հասանին:

Հանուն Օջալանի

Իր վերջին հանրահավաքը քուրդ ժողովուրդն անցկացրեց 2007թ. մարտ ամսին` Երեւանի Շահումյանի հրապարակից շարժվելով դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Քայլերթը նվիրված էր քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին: Իսկ մարտի 21-ին համայն աշխարհի քրդերը տոնեցին իրենց ազգային Նովրուզը կամ Նավրոզը (թարգմանաբար նշանակում է՝ նոր օր): Հայաստանի բոլոր մարզերից հավաքվելով Երեւանի Քանաքեռ թաղամասի իրենց հավաքատեղիում` համայնքը երգ-երաժշտությամբ, ճաշկերույթով նշել է ազգային տոնը, ինչպես նշում է ՀԿ ներկայացուցիչը, այդ ամենը տեսագրվել է ու տեսահոլովակն ուղարկվել է Թուրքիա: «Արդեն 8-րդ տարին է, ինչ քուրդ ժողովրդի ղեկավար Աբդուլլահ Օջալանը գտնվում է Իմբրալիի մենախցում: Աշխարհի բոլոր քրդերը ոտքի են ելել` իրենց ձայնը բարձրացնելով ընդդեմ թուրքական քաղաքականության, որը ձգտում է ամեն գնով Օջալանին «արանքից հանել», որպեսզի քուրդ ժողովուրդը չկարողանա միաբանվել, համախմբվել: Այդ պատճառով նրանք բանտախցում Նավրոզի օրերին թունավորեցին Օջալանին, որպեսզի լռեցնեն քուրդ ժողովրդի ձայնը: Ի հեճուկս իրենց, ամբողջ քուրդ ժողովուրդն այսօր բարձրաձայնում է հանուն Օջալանի պաշտպանության եւ Նավրոզը նշում է բարձր մակարդակով»,- ասում է քրդուհի Մեդիան: Նրա հավաստմամբ, թուրքերը վերջին տարիներին սեփականացնելով Նավրոզը, այն վերագրում են իրենց եւ նշում իբրեւ գարնան առաջին օր եւ հավատքի օր, իսկ քուրդ ժողովուրդն այն համարում է բոլոր ժողովուրդների հավասարության, աշխատանքի, մարդկային զգացմունքների ազատության օր: Նա պատմում է նաեւ, որ գոյություն ունի դարբին Քավայի պատմություն, որը պայքարել է հանուն քուրդ ժողովրդի ազատագրման: «Ըստ նրա, չպետք է լինեն ճնշող եւ ճնշվող ժողովուրդներ, բոլորը պետք է ապրեն համահավասար: Նավրոզի նպատակն էլ հենց դա է: Ինչքան Նավրոզի օրերը մոտենում էին, այնքան քրդերի ձերբակալությունները Թուրքիայում շատանում էին, երեխաներին վախեցնում էին, մեծերին՝ անհանգստացնում, այսինքն՝ թուրքական իշխանությունները նախօրոք էին պլանավորել, որպեսզի քուրդ ժողովուրդը ոտքի կանգնի: Այս Նավրոզն իսկական Օջալանի Նավրոզն է, որովհետեւ Օջալանը քուրդ ժողովրդի միտքն է, գաղափարը, խելքը, որը քուրդ ժողովրդի համար բոլոր ճանապարհները բացեց, եւ այս Նավրոզը ժողովուրդը նվիրում է Ա. Օջալանին»,- ասում է Մ. Հասանին, ով ապրելով Հայաստանում, այդուհանդերձ, բոլոր քրդերի նման իր հայրենիքը համարում է պատմական Քուրդիստանը, որը ներկայումս մասնատված է 4 մասի` Իրանի, Իրաքի, Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ: Ավանդաբար, Նավրոզը մեկ օր է նշվում, սակայն, Մ. Հասանիի ասելով, քանի որ թուրքական իշխանությունների կողմից փորձ է արվել Օջալանին մեկուսացնել իր ժողովրդից, այս տարի Նավրոզը շարունակվելու է մինչեւ մարտի վերջը: Ոտքի ելած քուրդ ժողովուրդն առաջնորդվում է «Կամ մաքուր ճշմարտություն, կամ մահ», «Ժողովրդավարություն Թուրքիայում, կամ մահ», «Մենք Օջալանի հետ ենք արյունով, հոգով» լոզունգներով:

Ամեն մեկն ինքն է ընտրելու

Քուրդ ժողովուրդը Հայաստանում ապրում է հիմնականում գյուղական համայնքներում, զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ: «Մեր տնտեսական պայմաններն այնպիսին են, ինչպիսին հայ ժողովրդինն է: Սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով՝ շատ քրդեր են հեռացել Հայաստանից»,- ասում է Մ. Հասանին: Արտագաղթի պատճառով հանրապետությունից հեռացել է ազգային փոքրամասնությունների 1,9 %-ը: 1988թ. ադրբեջանցիների հետ մեկտեղ հեռացել է նաեւ մահմեդական քրդերի բացարձակ մեծամասնությունը: Մոտավոր հաշվարկներով, ներկայումս մեզ մոտ կան 2 տասնյակի հասնող մահմեդական քրդեր:

Հայաստանում հրատարակվող «Ռյա Թազա» քրդական թերթը մինչեւ 1990-ական թթ. ֆինանսավորվել է պետբյուջեից: «Երբ բոլոր թերթերի նման մենք էլ վերաձեւակերպվեցինք ՍՊԸ-ի, դժվարություններ առաջ եկան, հիմա տարին մեկ անգամ 500 հազար դրամ սուբսիդիա ենք ստանում, դրա համար, «Ռյա Թազա»-ն թեեւ շաբաթաթերթ է, սակայն ամիսը մեկ անգամ է լույս տեսնում: Մեկ մամուլ ծավալով թերթում շատ բան չենք կարողանում տպագրել, բայց աշխատում ենք անդրադառնալ մեր ժողովրդին հուզող բոլոր թեմաներին»,- ընդգծում է գլխավոր խմբագիր Գ. Չատոյանը: «Ճիշտ է, Հայաստանն այսօր ազգային փոքրամասնությունների խնդիրներին շատ է անդրադառնում, բայց այսօր մենք կադրերի խնդիր ունենք: Հայաստանը մենք համարում ենք մեր երկրորդ հայրենիքը եւ կցանկանայինք, որ բուհերի ընդունելության կարգում բացառություններ լինեին, օրինակ, նախկինում նախատեսված 1 կամ 2 անվճար տեղերն այսօր չեն գործում: Եթե մեր ազգի ներկայացուցիչները` մտավորականությունը եւ բժիշկները կարողանային ծառայել ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ քուրդ ժողովրդին, դա կլինի իրոք ժողովրդավար քայլ եւ կրկնապատկի մեր բարեկամական կապերը»,- նկատում է «Ազատ կանանց միության» ներկայացուցիչը: «168 Ժամի» այն հարցին, թե խորհրդարանական ընտրություններին քուրդ համայնքն արդյո՞ք նախապատվություն տալու է որեւէ քաղաքական ուժի, Մ. Հասանին պատասխանեց, որ քրդական համայնքը որեւէ քաղաքական ուժի նկատմամբ հատուկ եւ միասնական վերաբերմունք չի ցուցաբերելու: ««Քուրդիստան» կոմիտեն չի ցանկանում եւ չի պարտադրելու մեր ժողովրդին: Քուրդ ժողովուրդը կազմակերպված ժողովուրդ է: Կոմիտեն այդ հարցով չի ծանրաբեռնվի եւ չի ծանրաբեռնի մեր ժողովրդին: Յուրաքանչյուրն ունի իր գաղափարը. ո՞ւմ կցանկանա, նրան էլ ձայն կտա, այդպես է կարգը: Ժողովրդավար պետության մեջ այդպես պետք է լինի կարգը»,- համոզված է քուրդ ազգի ներկայացուցիչը:

Կաղամբը խոզի մսի պես արգելված սնունդ է

Քուրդ ազգաբնակչության ազգային տոները երեքն են` Նովրուզ (Նոր տարի), Այդաէզդի եւ Բախտ բաժանողի տոներ: Նովրուզն իրանական ծագում ունեցող ժողովուրդների տոնն է, եւ արդեն ասվեց, որ այն նշվում է մարտի 21-ին: Տոնի առթիվ քրդերը թխում են կոլոճե սարե սալե, այսինքն՝ միչինգ, որտեղ թաքցվում է նշխարք: Այն պատրաստվում է 7 համեմունքներով եւ բաժանվում է ընտանիքի տղամարդկանց, սրբերի անուններով: Տարվա բոլոր իրադարձությունները կապվում են նշխարքին արժանացած տղամարդու կամ սրբի անվան հետ: Դեկտեմբերի երրորդ շաբաթվա երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ օրերը, Էզդիդին նվիրված Այդաէզդի տոնն է: Տոնին ընդառաջ գնացող քրդերը երկուշաբթի գիշեր՝ լույս երեքշաբթի առավոտյան, անկախ տարիքից, բոլորը կուշտ ուտում են եւ ծոմ են պահում, կանայք լվացք չեն անում, ծխող տղամարդիկ դադարում են ծխելուց: Ուրբաթ մայրամուտին կանայք պատրաստություն են տեսնում, չամիչով փլավ են պատրաստում: Գ. Չատոյանն ասում է, որ քրդերը, հայերի նման, արեւապաշտ` հեթանոս են եղել, սակայն օտարների տիրապետության տակ դարերի ընթացքում նրանցից շատերը դարձել են մահմեդականներ: «Այլադավաններով շրջապատված լինելով՝ մեր կրոնը փակ է եղել, այդ պատճառով գրավոր աղբյուրներ չեն պահպանվել, բացառությամբ Սեւ գրքի, որը երբեւէ ոչ ոք չի տեսել»,- հավելում է արեւելագետ Չատոյանը: Իսկ քրդերի երրորդ տոնը հայտնի է Բախտ բաժանողի անվամբ, որը շատ նման է մեր Ս. Սարգսի տոնին, եւ զարմանալի զուգադիպությամբ նշվում է փետրվարին` երրորդ շաբաթվա երեքշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում: Այն բացառապես երիտասարդական տոն է, որի ժամանակ հավաքվում են ամենաազդեցիկ մեկի տանը, ճոճք են կապում` ճոճվելով երիտասարդները փորձում են իրենց մեղքերին թողություն տալ: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ հեթանոս քրդերը, մահմեդականների նման, խուսափում են խոզի միս եւ կաղամբ ուտել: Արգելված կաղամբի հետ կապված լեգենդի համաձայն, հրեշտակը քրմերին թաքցրած է եղել կաղամբի թփի մեջ: Սակայն քաղաքակրթությունն իր ազդեցությունը թողել է, ու այսօր այդքան էլ գործածական չէ նշված բանջարեղենի արգելումը: Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղակայված է քրդերի սրբավայր համարվող գմբեթաձեւ լալըշը: Գ. Չատոյանը նման շինությունները համարում է արհեստական, քանի որ, նրա մոտեցմամբ՝ մատուռ կառուցողները պետք է լինեն մեղքերից զերծ, մաքրամաքուր անձինք: