Մեր մասին
Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ
գլխավոր խմբագիր
Կարողանում է մարդկանց եւ իրադարձությունները գնահատել միանգամից եւ անվրեպ: Գիտի
ինչպես աշխատեցնել ուրիշներին՝ միահյուսելով խիստ քննադատությունը եւ «քաղցր» խոսքը:
Լրագրողական սուր «հոտառությունը» միաժամակ եւ օգնում, եւ խանգարում նրան: Ոչ մի
հավաքույթի եւ հանդիման ժամանակ չի մոռանում, որ լրագրող է: Հոդվածների թեմաները
որսում է օդում:
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
գլխավոր խմբագիրի տեղակալ
Հակիրճ ձեւակերպումների կողմնակից է:Հստակ գիտի ինչ անել, որպեսզի լրագրողների հոդվածները
ընթերցվող դառնան: Սակայն որպես իսկական փոխխմբագիր պահանջում է, որ աշխատակիցներն
իրենք հասկանան՝ ինչպես դա անել: Պրոֆեսիոնալ տեքստ կրճատող: Արա Գալոյանի գնահատմամբ
նրա սիրած կարգախոսն է՝ «Հեռագրասյունը լավ խմբագրված բարդի է»: Դիպուկ վերնագրերի
հեղինակն է: Կարող է լինել եւ ծանր, եւ ուրախ: Նրա հոգում ինքնահսկումը զարմանալի
համերաշխ ապրում է ազարտի կողքին:
Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ
հրապարակախոս
Բանաստեղծ է: Հրապարակախոս: Խոսքը խորն է եւ սուր: Շատերի համար երբեմն դժվարամարս
է: Սիրում է մարդկանց հետ շփվել: Ղարաբաղում գիտի գրեթե բոլորին եւ ասֆալտի յուրաքանչյուր
կտոր, եւ վստահ է, որ Ղարաբաղը «Հայաստան» հիմնադրամի անբաժանելի մասն է: Երեւանի
սրճարաննեերից մի քանիսում ունի անձնական գրասենյակներ: Ունի արջի քայլվածք: Հայաստանի
ամենաթափով լրագրող-հրապարակախոսն է: Մորուքը վերջին անգամ սափրել է անցյալ դարում:
Արա ԳԱԼՈՅԱՆ
տնտեսական մեկնաբան
Այն հազվագյուտ լրագրողներից է, որ խիստ գրական է խոսում՝ «է»-երով: Ցանկացած թեմայով
զրուցակից է, առավել եւս՝ հոգեւոր: Փիլիսոփա է՝ առանց տակառի: Տնտեսական ոլորտի
մեկնաբան է: Նպատակը՝ ապակենտրոնացնել «Կենտրոնական բանկը»: Ամենաուշն է հոդվածը
հանձնում: Հաճախ մոռանում է թերթի տպագրության օրը եւ այդպիսով կազմալուծում խմբագրության
աշխատանքը: Տարին 12 ամիս տունն է վերանորոգում, քանի որ հարեւանները անխնա ջրում
են: Ունի շատ խոսելու հատկություն, բայց չունի բջջային հեռախոս:
Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ
օպտիմիստ
Թերթի հոբելյանից մեկ ամիս հետո կդառնա 2 տարեկան: Խոսում է միայն գրավոր: Հայ օլիգարխների
պես՝ սիրած խաղալիքը ավտոմեքենան է: Իշխանություններին նման է ոչ միայն ազգանունով,
այլեւ նրանով, որ ոչ մի հարցի շուրջ երկար չի մտածում: Չպատճառաբանված լավատես է:
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
լրագրող
Առանց նրա խմբագրությունում հանդարտ եւ տխուր է: Իսկ երբ Արմինեն նյութ է հավաքում,
նրա կողքին գտնվելը վտանգավոր է՝ շատ պահանջկոտ եւ արագավազ է դառնում: Մրրիկային
արագությամբ հասցնում է միաժամանակ մի քանի գործ անել, բայց հաճախ հոդվածների վերջնակետը
դնում է ամենավերջին պահին: Գրեթե միշտ դժգոհ է իր գրածից, քանի որ համարում է,
որ կարող էր ավելի խորը «փորել»: Ցավում է, որ հաճախ չի հասցնում այցելել հարազատ
Սարչապետ գյուղը:
Նարինե ԱՎԵՏՅԱՆ
լրագրող
Իր ավագ քրոջ՝ Արմինեի հակապատկերն է: Երազկոտ, քնարական եւ ազատատենչ է: Բանաստեղծուհի
է: Նրա համար ամենակարեւորը մուսան է: Հաջողված է համարում այն հոդվածները, որոնք
լավ տրամադրությամբ են գրվում: Նյութ հավաքելու համար նախընտրում է շրջել Հայաստանի
տարբեր շրջաններով: Ափսոսում է այն ժամանակը, որը ծախսում է տնային գործեր անելիս:
Կենցաղում հաճախ անօգնական է:
Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
քաղաքական-տնտեսական մեկնաբան
Եռանդուն ու գործունյա տնտեսագետ է: Քիչ է խոսում, այդ պատճառով էլ անփոխարինելի
խորհրդատու է: Տնտեսական եւ քաղաքական վերլուծական սուր միտք ունի: Աշխատում է բաց
չթողնել աշխարհում կատարված ոչ մի նորություն: Կենցաղում պահանջկոտ է: Հետեւում
է իր հագուկապին: Հավատում է, որ մարդն ինքն է իր ճակատագրի կերտողը: Իր ամենածավալուն
հոդվածաշարով ներկայացնում է Հայկական բուրժուազիայի անհամեստ հմայքը:
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
լրագրող
Կարողանում է հաշտեցնել հակառակորդներին եւ մարել դեռ նոր ծագող վեճերը: Բարի բնավորության
շնորհիվ ընկերներ ձեռք բերում է եւ փողոցում, եւ քաղաքական կուլիսներում: Ամեն ինչ
անում է, որ խմբագրությունում բոլորն իրենց հարմարավետ զգան եւ լավ անեն իրենց գործը:
Աշխատում է 168 ժամ: Սիրում է վառ գույների զգեստներ կրել: Ուշադիր եւ նվիրված է
իր ընտանիքին: Գերման Ավագյանի հետ գործուղման գնալիս՝ պետավտոտեսուչները ավտոմեքենան
միշտ կանգնեցնում են: «Parliament Lights»-ի պաշտոնական ներկայացուցիչն է թերթում:
Ունի վարակիչ ծիծաղ:
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
լրագրող
Լավ գիտի իր ուժերի սահմանը, այդ պատճառով էլ հանդգնում է աներեւակայելի թեմաների
անդրադառնալ: Նորություններ է «պեղում» անսպասելի վայրերում: Գրում է՝ վստահելով
բնազդին: Խիստ է անպարտաճանաչ եւ ստախոս մարդկանց հանդեպ: Հակասական բնավորություն
ունի: Խմբագրությունում ամենաբարձրահասակն է:
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
լրագրող
Ամենաշուտն է գալիս աշխատանքի: Չի սիրում հեռախոսով խոսել, բայց հոդված գրելիս հեռակա
ղեկավարում է ընտանիքի անդամներին, եւ միաժամանակ խմբագրության աշխատակիցներին դամբուլ
հյուրասիրում: Գրելաոճն ինքնատիպ է: Թատերագետ է: Շատ բարի է, եւ ընդգծված բնավորություն
ունի: Լավ շախմատ է խաղում: Նյութի ընտրություն կատարելու հարցում դժվարահաճ է,
քանի որ շատ լավ գիտի մշակութային դաշտը:
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ
լրագրող
Մաթեմատիկոս է: Գրում է միայն քաղաքական թեմաներով: Սիրած թեման՝ Սահմանադրական
փոփոխություններ: Աներեւակայելի քչախոս է: Հիմնականում լուռ է, բայց աշխատանքում
շատ բծախնդիր: Ոչ ոք չի նկատում, թե նա ինչպես է գալիս խմբագրություն եւ ինչպես
է հեռանում: Լավ տիրապետում ռուսերեն եւ անգլերեն լեզուներին, բայց հայ քաղաքական
գործիչների հետ շփվում է միայն հայերեն, այն էլ՝ Սահմանադրական ճանապարհով:
Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ
լրագրող
Հետաքրքրում է կրթական եւ առողջապահական ոլորտները: Նրա որդին արդեն կես տարեկան
է: Եվ շուտով «168Ժամ»-ում կրկին կհայտնվի Անուշի ստորագրությունը:
Գերման ԱՎԱԳՅԱՆ
լուսանկարիչ
Փնթփնթան է: Լավ իմաստով: Ամենայն լրջությամբ կարծում է, որ տիեզերքի կենտրոնն իր
ֆոտոապարատն է: Օլիգարխներին դեմքով չի ճանաչում, մականունները դժվար է արտասանում:
Ում բռնում՝ տեղում նկարում է: Անընդհատ շտապում է: Ավտոմեքենան միշտ կեղտոտ է,
քանի որ մարզերից տուն չի գալիս եւ ծխախոտի դատարկ տուփերը, բնապահպանական նպատակներից
ելնելով, ավտոմեքենայի մեջ է նետում, ոչ թե փողոց: Եթե հանկարծ առավոտյան նկատում
է, որ թերթի նկարի տակ իր անունը չկա, այնպիսի աղմուկ է բարձրացնում, որ Պուշկինի
3 ա շենքի բնակիչները խուճապի են մատնվում: Չնայած այս անտանելի խասյաթին՝ իր գործի
մեջ բծախնդիր է եւ պրոֆեսիոնալ: Հավատարիմ ընկեր է: Ունի մեկ աղջիկ եւ միջազգային
երեք մրցանակ:
Լուսինե ՔԱՐԱՄՅԱՆ
գործավար
Խմբագրության գործավարն է՝ «վոժդ»-ի կարգավիճակով: Աշխատակազմն ու այցելուները խմբագրություն
մտնելիս առաջինը տեսնում են Լուսինեի ժպիտը: Ոչինչ չի մոռանում, բայց հիշաչար չէ:
Ուշադիր է եւ անփոխարինելի: Ունի շրջիկ դեղատուն, կրակմարիչ եւ սիրում է նորոգել
էլեկտրական սարքեր: Համբերատար պատասխանում է բոլոր ընթերցողների եւ նույնիսկ քաղաքական
գործիչների զանգերին: Չի վախենում ոչ մեկից, բացառությամբ՝ հարկային տեսուչների,
չնայած որեւէ բիզնես չունի: