Սեւանա ծովի եւ Երեւան քաղաքի միջեւ

01/04/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Այդպես պատահեց, որ ճարտարապետ չդարձա…»,- ասում է Արա Թամանյանը, ում ազգանունն արդեն հուշում է, որ ճարտարապետությունը պետք է լիներ նրա մասնագիտությունը: Ճարտարապետական ավանդույթներ ունեցող ու պահպանող ընտանիքում մեծացած Արա Թամանյանն իր կյանքի եւ էության կենտրոնում տեղավորեց ոչ թե նախագծեր արարելու արվեստը, այլ` ազատ ու անկաշկանդ ծովը:

Քամու անկառավարելի շնչով փքված առագաստն ու վինդսերֆինգի փոքր տախտակը նրա համար աշխարհի ամենաթանկ բաներն են: Արան գիտի, որ պայքարելով քամու եւ ալիքների հետ, վինդսերֆինգ չես քշի: «Ջրի վրա կանգնելով՝ քեզ պետք է ներդաշնակ զգաս տարերքի հետ։ Իսկ դրա համար ուժ եւ մկաններ հարկավոր չեն»,- ասում է նա։ Ընդհանրապես, սերֆինգը գաղափարախոսություն ունեցող ապրելակերպ է, որը շատ է տարբերվում հասարակական կյանքից։ Ամառ-ձմեռ ջրով ես ապրում եւ ջրի ես սպասում։ Դա հիվանդության է նման, իսկ այդ հիվանդությամբ վարակված մարդիկ դառնում են ավելի առողջ, գեղեցիկ ու ազատ:

Արան նավարկել է «Կիլիկիա» առագաստանավով` իր հետ քաղաք բերելով հարուստ տպավորություններն ու ծովի լուսանկարները: Ողջ ամառը նա Սեւանում է անցկացնում, իր ընկերների ու համախոհների հետ վինդսերֆինգով է զբաղվում` ստեղծելով մի միջավայր, որտեղ հավաքվում են ոչ միայն վինդսերֆինգի սիրահարներն, այլեւ` պարզապես ազատությունն ու բնության հետ ներդաշնակությունը գնահատող մարդիկ: «Որսալով» քամին՝ կարող ես անծայրածիր ծովերով սլանալ եւ քեզ քամու շարունակություն զգալ: Արայի համար բնության հետ կապը չխզելը շատ կարեւոր է: Իր ընկերների հետ նա «Վիշապ» տուրիստական գործակալություն է հիմնել եւ ցանկանում է աշխարհին ցույց տալ մեր բնության գեղեցկությունը՝ հպարտ լեռներն, ըմբոստ Սեւանը, դարերի միջով անցած հուշարձանները: Արան միաժամանակ եւ՛ սթափ, եւ՛ ռոմանտիկ մարդ է: Լիակատար երջանիկ իրեն կարողանում է զգալ միայն ջրի վրա ու համարում է, որ միայն պարբերաբար հասարակությունից կտրվելով՝ կարելի է կյանքն իմաստավորված համարել: Բաց հորիզոնը բացում է նաեւ մտավոր հորիզոնները:

– Ալեքսանդր Թամանյանի ծոռը լինելով, երեւի, որոշակի պատասխանատվությո՞ւն ես զգում քաղաքի ստացված կամ չստացված դիմագծերի համար:

– Այնքան վաղուց է մարդկանց ուղեղներում ամեն բան շրջվել, որ պատասխանատվություն չի մնացել: Ի՞նչ կատարվեց մեզ՝ բոլորիս հետ. մենք սկզբում անարդարության հանդիպելով՝ դուրս էինք գալիս ու հանրահավաքներ էինք անում, իսկ հիմա այդ անարդարություններն անհամեմատ ավելի են շատացել, պարզապես մենք ենք հոգնել հավաքներից՝ հասկանալով, որ դա միջոց չէ: Մարդիկ հոգնել են, հետեւաբար, որոշ գործողություններ դարձել են հնարավոր: Մեր քաղաքի մասին ասում ենք, որ Երեւանը գերբնակեցված է, աղտոտված է, ծառերը սղոցվեցին: Այդ ամենը կանգնեցնել չի լինի, քանի որ հասարակությունը չի կամենում այս պրոցեսին որեւէ բան հակադրել: Քաղաքում ենթադրվում է բուսականության, հետեւաբար նաեւ՝ դրա խնամքի՝ ոռոգման համակարգերի առկայությունը: Կարծում եմ՝ քաղաքին ուղղակի անհրաժեշտ են ջրավազանները, շատրվանները, ցայտաղբյուրները, լայն փողոցներն ու լայն մայթերը: Պետք է մտածել ավտոկանգառների, ուղղակի բաց տարածությունների, մանկական հրապարակներով մեծ բակերի մասին:

– Քաղաքը պետք է ծառայի մարդուն: Իսկ ծառայո՞ւմ է:

– Դե, երեւի որոշ մարդկանց ծառայում է: Բայց շենքերի բազմությամբ քաղաք չես դառնա: Ես չեմ բացառում, որ լավ շենքեր ու հարմար բնակարաններ են կառուցվում: Վերջիվերջո, ճարտարապետությունն առաջ է շարժվում: Եվ լավ է, որ երկուսուկես մետրանոց բարձրության առաստաղներով փոքր բնակարանների ժամանակն անցել է: Հիմա բնակարանները մարդուն ծառայելու համար են կառուցվում եւ ավելի հարմար են: Բայց դրանք միայն երբեմն եզակի աչք շոյող շենքեր են, որոնք քաղաքի ընդհանուր պրոբլեմը չեն լուծում: Քաղաքը տգեղանում է: Չեմ ասում, որ պետք է գերաններից տներ կառուցել, որպեսզի դրանք ազգային համարվեն: Նոր տեխնոլոգիաներ՝ բետոն, ապակի են մտնում, բայց դրանք կարելի է գեղեցիկ համադրել քարի հետ եւ շատ սիրուն ու համարձակ բաներ կառուցել: Հիմա այն, ինչը արվում է քաղաքի համար, ժամանակավոր էֆեկտ ունի: Իհարկե, կենտրոնը թեթեւացնելու համար հիմա նոր շրջանցող ճանապարհ է կառուցվում: Համոզված եմ, որ այն որոշ ժամանակով կլուծի խցանումների խնդիրը: Բայց դա ժամանակավոր էֆեկտ կունենա: Հիմա քաղաքում այնպիսի մայթեր կան, որոնցով քայլելու համար հերթ ես կանգնում, քանի որ շենքն ուղղակի մայթին հավասար են կառուցում: Մի մետր մայթից հեռու կառուցել չեն ուզում, երեւի իրենց այդ մայթը պետք չէ: Դա նոր մոտեցում չէ, քսան տարի առաջ, օրինակ, անհնար էր քայլել Պռոշյան փողոցով: Այն ժամանակ թվում էր, որ կարելի է վերանայել փողոցի կառուցվածքն ու մայթերի համար տեղ բացել: Բայց հիմա հասկանալի է, որ քաղաքի այդ հատվածն այլեւս երբեք չի բուժվելու: Աշխարհում ամեն ինչն էլ իր ֆորման ունի եւ կարող է ճարտարապետություն համարվել՝ աթոռը, ավտոմեքենան: Եվ մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնելու իրավունք ունի: Տգեղությունը տեսնելու համար, մասնագիտությունը նշանակություն չունի:

– Փաստորեն, Թամանյանի երազանքը՝ փոքր, սիրուն քաղաք ստեղծելը, չիրականացավ:

– Իրականացավ, եւ ժամանակին մենք ունեցել ենք քաղաք-այգի: Միգուցե, այսպես թե այնպես, ժամանակի հետ կապված, որոշ փոփոխություններ անխուսափելի էին: Եթե փորձ արվեր պահել Թամանյանի սկզբունքները՝ գեղեցիկ քաղաք կունենայինք: Էսթետիկական առումով քաղաքի տեսքը տուժեց, երբ դեռ 1950-ական թվականներին ձեռնարկվեց մետրոյի շինարարությունն, ու քաղաքը սկսեց արագ տեմպերով բնակեցվել: Եվ 150-200 հազար բնակչության համար նախատեսված քաղաքը միլիոնանոցի վերածվեց: Հայտնվեցին շենքեր, որոնց բնակիչների թիվը մոտենում էր որոշ գյուղերի բնակչության թվին: Օրինակ, տասը հարկանի շենքում մոտավորապես քառասուն բնակարան կա, կան գյուղեր, որոնցում հենց այդքան ծուխ կա, նույնիսկ` ավելի քիչ: Արդյունքում մենք ունեցանք այն քաղաքը, որը հիմա կա: Ի՞նչ կարող եմ անել ես: Ոչինչ, բացի երբեմն դրա մասին հիշատակելուց: Մի բան էլ կարող եմ անել, թողնել քաղաքն ու գյուղ գնալ: Գյուղ տեղափոխվելն իմ երազանքներից մեկն է: Մարդիկ թողնում են երկիրն ու իրենց «գլուխը փախցնում են»՝ գնալով Ամերիկա, Եվրոպա, ես էլ գյուղ տեղափոխվելով եմ ուզում գլուխս փախցնել, թեեւ շատ լավ հասկանում եմ, որ դա ջայլամի հոգեբանություն է: Հետո, վերջիվերջո, չենք մոռանում Սեւանը:

– Սեւանի ափը շատերի կողմից որպես ուտել-խմելու վայր է ընկալվում…

– Բայց մարդիկ տարբեր են լինում, ոմանք գնում են Սեւան՝ միայն լողալու, ոմանք՝ գեղեցիկ բնությունը կտավին հանձնելու, ոմանք` առագաստների տակ ապրելու համար, իսկ ոմանք էլ՝ միայն խորոված ուտելու:

– Հայաստանը տուրիստներին գրավող վայր կարո՞ղ է դառնալ:

– Հայաստանն ուզում է գրավել տուրիստների ուշադրությունը, բայց չի կարողանում: Դրան խանգարում են հայկական թանկ գները՝ ավիատոմսերի, հյուրանոցների գները: Ռուսն, օրինակ, մտածում է՝ ո՞ւր գնալ՝ Հայաստա՞ն, թե՞, ասենք, Իսպանիա, եւ գնում է ավելի հեռու, բայց ավելի էժան երկիր, ավելի հետեւողական մտածող մարդկանց մոտ: Միջին կարողություն ունեցող մարդը նայում է իր գրպանին ու տեսնում է, որ Հայաստանը թանկ է իր համար: Իսկ մենք շատերին հետաքրքիր ենք՝ որպես շատ հին պատմություն ունեցող երկիր, մեր մեծ խտություն ունեցող ճարտարապետական հուշարձաններով: Ես համոզված եմ, որ, եթե պետությունը տոմսերի գները վերանայի, շատ մարդիկ կգան ու շատ մեծ գումար կծախսեն մեր երկրում:

– Հայաստանի էկոլոգիապես մաքուր լավաշն ու մածունը որպես էկզոտիկա ներկայացնո՞ւմ եք:

– Մածունը, լավաշը, թոնիրն ու խորովածը մատուցելը շատ հետաքրքիր է եւ շատ տուրիստական երթուղիների մաս է դառնում: Կիպրոսում, օրինակ, ես տեսա, թե ինչպես են զբոսաշրջիկին առաջարկում կրակի վրա նրբերշիկը պահել մինչեւ մրոտվելը, այնուհետեւ որպես էկզոտիկ կերակուր ուտել: Իսկ մեզ մոտ նման բաները շատ ավելի արդար ու անկեղծ են արվում, մենք իսկապես աշխարհին ցուցադրելու գեղեցիկ գաղափարներ ունենք: Հիմա աշխարհում շատ տարածված են խոշոր կորպորատիվ միջոցառումները, այսինքն՝ կոլեկտիվի անդամներին առաջարկվում է համատեղել ակտիվ հանգիստն ու աշխատանքը, ինչի արդյունքում կոլեկտիվի անդամներն ավելի են մերձենում: Մարդիկ եւ՛ աշխատում են, եւ՛ էքսկուրսիաների են գնում: Միայն Գառնի-Գեղարդով չենք սահմանափակվում, առաջարկում ենք Վայոց Ձոր, Աժդահակ: Արենիում, օրինակ, հատուկ մեր հյուրերի համար գինու եւ բերքատվության տոն էինք կազմակերպել: Տուրիստները խաղող էին հավաքել, ոտքերով ճմրթել, հյութ սարքել, լցրել կարասների մեջ, զմռսել: Ակտիվ հանգստի շատ ձեւեր կան՝ ձկնորսությունը, զբոսանքները, սար բարձրանալը: Մենք ուզում ենք էքստրեմալն ու էկզոտիկն իրար միացնել: Տուրիստական բազմապիսի շրջագայություններ ենք կազմակերպում՝ ամենագնացներով, ձիերով, ժայռամագլցման եւ լեռնագնացության պարապմունքներ ենք անցկացնում: Առասպելական արկածային սցենարներ ենք գրում տուրիստների համար, որտեղ ամեն մի քայլը մանրամասն մշակված է լինում:

– Իսկ ինչո՞ւ տուրիստական ընկերության խորհրդանիշը դարձավ վիշապը:

– Վիշապը բարի էակ է, ջրի, աղբյուրների պահապանն է: Դեռ հազարամյակներ առաջ, հայկական դիցաբանության մեջ վիշապները հանդիսանում էին նոր կյանքի, վերածննդի, լեռներից եկող ջրերի խորհրդանիշը: Վիշապների արձանները՝ Վիշապաքարերը, դարեր շարունակ դրվում էին աղբյուրների ակունքներում, որպեսզի աղբյուրի հոսքը երբեք չընդհատվի: Իսկ ջուրն աշխարհի ամենագեղեցիկ ու անհրաժեշտ բանն է, ջուրն ազատություն է: Առագաստ է…