Ռոստրոպովիչի հոբելյանը

01/04/2007

Վիրտուոզ թավջութակահար, հիանալի դիրիժոր Մստիսլավ Ռոստրոպովիչը հանդիսությամբ նշում է իր 80-ամյակը: Ռոստրոպովիչը մի ողջ դարաշրջանի` «երկաթյա վարագույրի» ետեւում գոյություն ունեցող ազատամիտ արվեստի խորհրդանիշն է: Մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն ու բարեգործությունը տարիներ շարունակ եղել են Ռոստրոպովիչի մարդկային կերպարի անբաժանելի մասը: Այն բանից հետո, երբ ի պաշտպանություն աքսորված գրող Ալեքսանդր Սոլժենիցինի՝ նա նամակ գրեց ու ուղարկեց «Պրավդա» թերթին, Ռոստրոպովիչին թույլ չէին տալիս համերգների մասնակցել եւ արտասահման մեկնել: Բայց նա հաճախ է ասել, որ չի զղջում այդ նամակի համար, քանի որ իր խիղճը մաքուր է: Ռոստրոպովիչը միջազգային ճանաչում եւ համբավ ձեռք բերեց, երբ Խորհրդային Միության կարգերը ստիպեցին նրան հեռանալ հայրենիքից, եւ իրեն ու իր կնոջը` օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայային զրկեցին ԽՍՀՄ քաղաքացիությունից:

Երբ 1989 թվականին քանդում էին Բեռլինի պատը, նա Բախ էր նվագում փլատակների կողքին, իսկ 1991-ի օգոստոսին Ռուսաստանում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ նա վերցրեց ավտոմատն ու դեպի Սպիտակ տուն ուղեւորվեց: Նա համարում էր, որ «մաքուր» երաժիշտ լինել չի կարող, քանի որ պետք է իր սկզբունքներին եւ հույզերին հետեւի: Եռանդով ու արտիստիզմով լի այդ հանճարեղ մարդը բազմաթիվ շքանշանների եւ կոչումների է արժանացել, նրան հաճախ «Մոլորակի մարդ» են անվանում: