CeBIT-ն աշխարհի խոշորագույն տեղեկատվական եւ հեռահաղորդակցման ոլորտի միջազգային ցուցահանդես է: Այն հիմնադրվել է 1986 թվին Գերմանիայի Հանովեր քաղաքում եւ ունի ավելի քան 250.000քմ տարածք, ինչը հավասար է մոտ տասը ֆուտբոլային դաշտի:
Այս տարի CeBIT միջազգային ցուցահանդեսը տեղի ունեցավ մարտի 15-21-ը: Մոտ 6000 ընկերություններ աշխարհի գրեթե բոլոր երկրներից (ավելի քան 70 երկիր) մեկ շաբաթ շարունակ ներկայացնում էին իրենց նվաճումները, ծանոթանում միմյանց հետ, գործնական կապեր հաստատում եւ մտքեր փոխանակում: Այդ 70 երկրների շարքում է նաեւ Հայաստանը, որին ցուցահանդեսին մասնակցելու հարցում աջակցել են մասնավորապես USAID-ը (ԱՄՆ ՄԶԳ) եւ GTZ-ը (Գերմանիայի Տեխնիկական համագործակցության ծրագիր):
Ինչպես IT ընկերությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը նշեց, անցած տարվա համեմատ այս տարի բավականին մեծ է շարժը. «Հայաստանն արդեն ութերորդ անգամն է մասնակցում CeBIT-ին: Շատ գոհ եմ: Ռեալ գործնական առաջարկներ եղան տարբեր երկրներից, այդ թվում՝ Նիդեռլանդներից, Իտալիայից, Ռուսաստանից, Լեհաստանից եւ Գերմանիայից»,- ասաց նա:
«Մենք գործունեություն կսկսենք փոքր անձնակազմով, քսան կամ երեսուն հոգով, բայց ընդլայնվելու մտադրությամբ»,- ասաց գերմանացի գործարար Յուրգեն Գիցան՝ Դյուսելդորֆ քաղաքից: -Դեռ հաստատ չեմ որոշել՝ Հայաստանո՞ւմ, թե՞ նախկին Խորհրդային Միության մեկ այլ երկրում կսկսենք աշխատել, բայց առավել հակված եմ Հայաստանում սկսել: Հայաստանի մասին լրիվ պատահաբար իմացա: Մեր բակի կրպակից հերթական անգամ թերթ գնելիս պարզեցի, որ վաճառողը հայ է, խոսեցինք, սուրճ խմեցինք: Նա պատմեց հայերի եւ Հայոց ցեղասպանության մասին: Տխուր պատմություն է… Դրանից հետո չեմ դադարում Հայաստանի մասին մտածել»:
Այս տարի միության հետ Գերմանիա CeBIT-ին մասնակցելու են եկել չորս ընկերություն. Smart Systems LLC, ITE Multimedia Development, Outsourcing եւ Sourcio: «Ես դեռ Երեւանում համոզված էի, որ արժե գալ Հանովեր»,- ասում է Smart Systems-ի տնօրեն Ստեփան Ասլանյանը: -Այստեղ ստացա այնպիսի ինֆորմացիա, որը կօգնի ինձ հետագայում առավել էֆեկտիվ կառավարել մեր հիմնարկությունը»:
Այսօր Հայաստանում գործում են մոտ 200 տարբեր կարգի IT ընկերություններ, որոնցից 23-ը միության անդամ են: Իհարկե, բոլորը CeBIT-ում ներկա գտնվել չեն կարող, բայց ցուցահանդեսի հայկական թիմը հավասարապես ներկայացնում է Հայաստանում գործող բոլոր ենթաճյուղերը:
Օտարերկրյա մի շարք հայտնի ընկերություններ ընդունեցին Digitec ցուցահանդեսին մասնակցելու հրավերը, որը Երեւանում տեղի կունենա հոկտեմբերին: «Այս տարի չորս-հինգ անգամ ավելի մասնակիցներ ենք սպասում,- ասաց Կ. Վարդանյանը, ավելացնելով,- Ուրախալի կլիներ, եթե CeBIT-ին մասնակցեին ոչ միայն հայ գործարարները, այլեւ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները, որովհետեւ այստեղ նախանշվում են այն տեխնոլոգիական ուղղությունները, որոնցով աշխարհը շարժվելու է մոտակա տարիներին, եւ Հայաստանը, որքան էլ ուզի, չի կարող դրանից խուսանավել»:
Ցեղասպանության հարցը CeBIT-ում
Միջազգային ասպարեզում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելանում է: Դրան առավելապես նպաստում է գլոբալիզացիայի ալիքը. խոշոր ընկերությունները տեղափոխվում են զարգացող երկրներ, որոնք ունեն էժան եւ որակյալ աշխատուժ եւ բարենպաստ հարկային դաշտ:
Հայաստանը, որը դեռ Խորհրդային Միության տարիներին բարձր տեխնոլոգիաների մշակման կենտրոններից մեկն էր, այսօր վերստին ձեռք է բերել օտարերկրյա ընկերություններին իր ապրանքներն առաջարկելու եւ համագործակցելու ներուժը եւ կարողացավ նաեւ այս տարի աշխարհի խոշորագույն տեղեկատվական եւ հեռահաղորդակցման ոլորտի միջազգային ցուցահանդեսին` CeBIT-ին գրավել օտարերկրյա գործարարների ուշադրությունը:
«Բավական է Հնդկաստանը գովերգենք»,- ասում է գերմանացի մի լրագրող, որը մոտեցել էր հայկական տաղավարին` ինֆորմացիա ստանալու համար: -Կարծում եմ, որ Հայաստանն էլ կարող է Հնդկաստանին մրցակից լինել IT ոլորտում: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան մեծ կլինի գերմանացիների զարմանքը, երբ հանկարծ կարդան, թե Հայաստանը, որի մասին իրենք գրեթե ոչինչ չգիտեն, այդքան ուժեղ է այս բնագավառում»:
Մտքովս չէր անցնի, որ IT ոլորտին նվիրված CeBIT ցուցահանդեսում էլ Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճ կընթանա, բայց որեւէ թուրք անտարբերությամբ չէր անցնում հայկական տաղավարի կողքով: Սովորաբար նրանք մոտենում են լուրջ տեսքով եւ բարյացակամ ժպիտով հարցնում՝ «Եվ ի՞նչ եք դուք ներկայացնում»: Ինչպես, օրինակ, Էմին Թուրանը, որը, սակայն, ի տարբերություն իր շատ հայրենակիցների, ասաց. «Անշուշտ կհամագործակցենք, երբ մեր երկրների միջեւ հարաբերությունները լավանան»: Է. Թուրանն իր պայուսակի մեջ տեղավորեց այն բոլոր ձեռնարկները, որոնք տվել էր իրեն ITE (Information Technologies Education) ընկերության նախագահ Գարեգին Չուգասզյանը, եւ ավելացրեց. «Անտանելի է, երբ ամեն կողմից հարձակվում են մեր, թուրքերիս վրա»: Գ. Չուգասզյանը, որ պատրաստվում էր հրաժեշտ տալ իր այցելուին, մտափոխվեց եւ, փորձելով զսպել իր զայրույթը, հարցրեց. «Նկատի ունեք ձե՞զ, թե՞ մեզ»: «Մեզ, իհարկե: Ամենուր ճնշում են մեր կառավարությանը, թե՝ ճանաչեք, ճանաչեք, հետո ինչ-որ հողեր են հետ պահանջում»: Այս դիալոգը շարունակվեց, այդքանով չսահմանափակվեց.
Գ.Չ. – Մի րոպե, կարծում եմ, այդ հայերն են, որ հարձակման են ենթարկվում: Հրանտ Դինքի սպանությունը, ի՞նչ է, հարձակում չէ՞ր ըստ ձեզ:
Է.Թ. – Երբ թուրքերն են սպանվում, ոչ ոք աղմուկ չի բարձրացնում…
Գ.Չ. – Դրանք տարբեր բաներ են:
Է.Թ. – Ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Հայերի ու թուրքերի միջեւ միշտ էլ իրավահավասարություն է եղել: Հայերը ժամանակին պատգամավորներ են եղել Օսմանյան խորհրդարանում:
Գ.Չ. – Այո, 1908 թվականի հեղափոխությունից հետո ընդունված նոր սահմանադրության համաձայն:
Է.Թ. – Չգիտեմ, թող այդ մասին նստեն եւ խոսեն պատմաբանները, ինչո՞ւ է մերժում հայկական կողմը:
Գ.Չ. – Որովհետեւ պատմաբանները փաստերով են խոսում, իսկ երբ 1919 թվականին, թուրքական դատից…
Է.Թ. – Օսմանյան Թուրքիայի,- ցուցամատը բարձրացնելով՝ ուղղեց Է. Թուրանը:
Գ.Չ. – Դատից հետո դրանք վերացվեցին, այստեղ արդեն հասարակությունը պետք է խոսի: Դատավարության կարեւոր փաստերը ոչնչացվել են ձեր արխիվներից:
Այս խոսակցության մանրամասներն անսալու նպատակով կողքի հնդկական տաղավարի այցելուները կանգ էին առել մեզ մոտ: Բանավեճը դեռ երկար կշարունակվեր, եթե թուրք գործարարն այդքան չշտապեր: «Գործերս ստիպում են…»,- ասաց նա եւ բարեհամբույր ժպիտով արագ հեռացավ:
Բացի թուրքերից եւ անտեղյակ շարքային գերմանացիներից՝ հայկական տաղավար էին գալիս նաեւ Գերմանիայում բնակվող հայերը. «Եկել ենք ձեզ տեսնելու, մեր հայկական տաղավարը տեսնելու»: Կային եւ հայ գործարարներ, որոնք IT ընկերությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի եւ ցուցահանդեսին իրենց ապրանքը ներկայացնող այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ գործնական խոսակցություն ունենալու նպատակով էին եկել Հանովեր: