Կիրակի օրն Արմավիրում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավարի տեղակալ Ռուբեն Խլղաթյանը պահպանել է իր պաշտոնը: Ըստ ԿԸՀ-ի, Ռուբեն Խլղաթյանը ստացել է 8322 ձայն, իսկ նրա մրցակից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի քաղաքային կառույցի ղեկավար Արայիկ Աղաբաբյանը՝ 6844: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 61%-ը կամ 25.884 ընտրողներից 15.791-ը: Որեւէ դիմում-բողոք, արտառոց դեպք կամ իրադարձություն ընտրատարածքային հանձնաժողովը չի արձանագրել: Միաժամանակ, Արայիկ Աղաբաբյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները: «Երեկվա ընտրությունները լրիվ կազմակերպված ավանտյուրա էր, մեծ մասշտաբի կեղծիքներ են թույլ տրվել, ու նվազագույնը 4 հազար ձայնի խախտում է արվել»,- ասել է նա: Ըստ Աղաբաբյանի, կեղծիքներն արվել են տարբեր մեթոդներով. «Գործնականում դրանք կրկնակի, եռակի, քառակի քվեարկություններ են»: Թեկնածուն հայտնել է, որ իրենք պատրաստվում են այսօր դիմում-բողոք ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ուշագրավ է, որ երեկ մինչեւ ժամը 14-ն ընտրության մասնակիցներն ունեին դիմում-բողոքներ ներկայացնելու հնարավորություն, սակայն, ինչպես մեզ փոխանցեց ԿԸՀ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, որեւէ դիմում-բողոք չի եղել: Արմավիրի քաղաքապետի ընտրության վերջնական արդյունքը կհրապարակվի եռօրյա ժամկետում, ինչպես պահանջում է օրենքը: