ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ, ՀՀԿ նախագահի ընտրության հարցը կքննարկվի միայն ԱԺ ընտրություններից հետո, իսկ մինչ այդ, ՀՀԿ կանոնադրության համաձայն, նախագահի պարտականությունները կկատարի Սերժ Սարգսյանը: Է.Շարմազանովի հավաստմամբ, կուսակցությունը գնալու է այն ճանապարհով, որը նախանշել է ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: «Նրա հիշատակի հարգման լավագույն եղանակը կուսակցական գործընկերների համախմբված աշխատանքը կլինի այն ուղով, որը նախանշել էր Ա. Մարգարյանը: Նա գաղափարի պայքարի հերոս էր, եւ մենք իրավունք չունենք կիսատ թողնել նրա սկսած գործը: Ա. Մարգարյանը մեզ բոլորիս դաստիարակել էր այն ոգով, որ չպետք է տրտնջալ եւ անհրաժեշտ է շարունակել առաջ գնալ»,- ասել է Է.Շարմազանովը: