Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պետք է մեկներ Ֆրանսիա` հերթական պրոֆիլակտիկ բուժօգնությունը ստանալու նպատակով: Օրեր առաջ Հայաստան էին ժամանել նրա բժիշկները եւ Ա. Մարգարյանի հետ միասին պետք է այսօր վերադառնային Ֆրանսիա: Ամեն ինչ, թերեւս, այլ կերպ ավարտվեր, եթե
Ա. Մարգարյանը երկու օրով հետաձգեր կուսակցության, կառավարության եւ երկրին առնչվող մյուս գործերը: Ա. Մարգարյանը, ով տարիներ առաջ սրտի վիրահատության էր ենթարկվել Ֆրանսիայում, անընդհատ գտնվում էր ֆրանսիացի բժիշկների հսկողության տակ: Ըստ «Շտապ բուժօգնություն» ՊՓԲ ընկերության տնօրեն Արտյոմ Պետրոսյանի, Անդրանիկ Մարգարյանի վիճակի վատթարացման պատճառ կարող էր լինել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ինչն անթույլատրելի է նման վիրահատության դեպքում: Մի քանի օր Անդրանիկ Մարգարյանի ինքնազգացողությունը վատ է եղել, սակայն նա հրաժարվել է դիմել բժիշկների օգնությանը` ասելով, թե մի քանի օրից մեկնելու է Ֆրանսիա: Ուրբաթ երեկոյան Ա. Մարգարյանը դարձյալ իրեն վատ է զգացել, բայց նորից մերժել է հիվանդանոց գնալու բոլոր հորդորներն ու մեկնել է տուն: Մեր տեղեկություններով, շաբաթ առավոտյան Ա. Մարգարյանն արթնացել է դարձյալ վատ ինքնազգացողությամբ եւ մինչեւ վերջին րոպեն զրուցել է որդու` Տարոն Մարգարյանի հետ: