Ոչ ոք չի ուզում հավատալ

28/03/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահը շատերին ցնցեց: Հայաստանցիներն անկեղծորեն սգում են եւ ամեն մեկը յուրովի է գնահատում վարչապետի կորուստը: Ամենուր՝ տնից մինչեւ փողոց, աշխատանքի եւ հասարակական տարբեր նշանակության վայրերում ժողովրդի զրույցի հիմնական թեման Անդրանիկ Մարգարյանի մահն է:

Քաղաքական գործիչից մինչեւ շարքային քաղաքացի՝ վարչապետին համարում էին հավասարակշռող ուժ ոչ միայն իշխանության եւ ընդդիմության, այլեւ իշխանության տարբեր թեւերի միջեւ: Նրա նաեւ հավասարակշռող դերակատարումն էր, որ բարձր է գնահատում ժողովուրդը: Այդ իսկ պատճառով այսօր շատերն անկեղծ մտահոգված են, թե այսուհետ հնարավոր է, որ Հայաստանի քաղաքական կյանքում ինչ-որ բան խախտվի: Նկատի ունենալով ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունների ներքաղաքական խմորումները, եւ հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական կյանքում Ա. Մարգարյանի մեծ դերը, շատերը մտածում են, որ նրա մահը եւ անսպասելի էր, եւ անժամանակ: Սպասվում էր, որ Հանրապետական կուսակցությունն Ա. Մարգարյանի առաջնորդությամբ մեծամասնություն կունենա նաեւ հաջորդ Ազգային ժողովում եւ կառավարությունում: Սակայն ՀՀԿ-ն ստիպված է այդ ճանապարհն անցնել արդեն առանց Անդրանիկ Մարգարյան ղեկավարի: Անդրանիկ Մարգարյանը քաղաքական այն գործիչն էր, ով իր հետ կտանի նաեւ բազմաթիվ քաղաքական գործիչների ծրագրերը, հույսերն ու սպասելիքները: Իսկ նրանք, ովքեր վարչապետի հետ շփվել են առանց վերոհիշյալ սպասելիքների, եղել են նրա ամենօրյա գործընկերը, մարդկային ամենախոր ափսոսանքով են խոսում նրա մահվան մասին: Կառավարության աշխատակազմի ամենատարբեր պաշտոնյաները երեկ հիշում էին, թե աշխատանքային ինչպիսի հարաբերություններ են ունեցել վարչապետի հետ, ինչպիսի ղեկավար եւ գործընկեր է եղել Անդրանիկ Մարգարյանը: Թեպետ շատ դեպքերում նրանք չէին էլ կարողանում խոսել, որովհետեւ չէին հավատում, թե իրենց ղեկավարը մահացել է:

Վարչապետի հետ աշխատանքի բերումով շատ էր շփվում Ամալյա Ենգոյանը՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետը: «Նա գործի մարդ էր, տրամադրության մարդ չէր,- ասում էր տիկին Ամալյան:- Էսօրվա գործը երբեք վաղվա վրա չէր թողնում: Եթե ինչ-որ բան մենք մոռանայինք, ապա երբեք չպետք է հույս ունենայինք, որ վարչապետն էլ մոռացած կլիներ: Նա հիշում էր եւ մեզ էլ հիշեցնում էր թեկուզ ամենաքիչ կարեւորություն ունեցող հարցի մասին: Բացի այդ, նա իր գործը երբեք մեկ ուրիշի հույսին չէր թողնում: Հիշում եմ, տարիներ առաջ ԱԺ-ում մի օրինագիծ էր քննարկվում, որին վարչապետը սկզբունքորեն դեմ չէր: Սակայն այդ օրինագիծը որոշակի ֆինանսավորում էր ենթադրում, որի հնարավորությունն այդ տարվա բյուջեն չուներ: Առաջարկություն եղավ՝ օրենքը ընդունել, բայց ուժի մեջ դնել հաջորդ տարվանից: Ա.Մարգարյանը չհամաձայնեց, թե՝ կարող է ես մյուս տարի վարչապետ չեմ լինի, իմ կառավարության առաջարկած օրինագծի ֆինանսական պատասխանատվությունն ինչո՞ւ կրի հաջորդ կառավարությունը: Նա աշխատանքի վայրում ամբիցիաներ չուներ, երբեք չէր խորշում մեզանից հարցնել, թե ՝ ո՞նց անենք, որ լավ լինի, ճիշտը ո՞րն է: Երբեմն զանգում էր եւ հարցնում՝ ի՞նչ օրի եք, ի՞նչ կա-չկա»:

Անդրանիկ Մարգարյանը հաճախ էր այցելում մարզեր եւ այդ ժամանակ նրան ուղեկցել են կառավարության այն աշխատակիցները, որոնց ամենաշատն ուղղված կլինեին գյուղական համայնքների դիմումները, բողոքներն ու խնդրանքները: Այդ աշխատակիցներից էր կառավարության Սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը:

«Երբ գյուղացիները հավաքվում էին, նա ինձ առաջ էր բրթում, թե՝ սոցիալականի հետ կապված ձեր բոլոր խնդիրների լուծումն այս մարդուց պահանջեք,- պատմում է Ա. Կարապետյանը: -Ամեն մի այցելության ժամանակ մոտ 100 նամակ էինք բերում: Վարչապետը հանձնարարում էր դրանք տեսակավորել եւ լուծում տալ ըստ առաջնահերթության: Վարչապետի ֆոնդը 25 մլն դրամ էր, փետրվար ամսին դա վերջացած էր լինում»:

Նամակներ կառավարություն գալիս էին ամեն օր: Դրանք թեպետ լինում էին տարբեր բնույթի, բայց ակնկալիքը մեկն էր լինում՝ աջակցություն: «Բնական է, բոլորին գումար տալ հնարավոր չէր, բայց դեպքեր էին լինում, որոնց համար անպայման հատկացվում էր,- ասում է կառավարության գործավարության եւ նամակների բաժնի աշխատակից տիկին Նունեն: -Այդ նամակների մեջ հետաքրքիր, երբեմն՝ նաեւ զվարճալի դիմումներ էլ էին լինում: Վերջերս Վանաձորից 2-րդ դասարանցի մի երեխայից նամակ ստացանք: Նա իր նամակը հասցեագրել էր անձամբ վարչապետին եւ խնդրել էր իր հորը ծննդյան օրվա առիթով բջջային հեռախոս ուղարկել «զարյադչնիկն էլ հետը»: Երեխան նաեւ խնդրել էր՝ հորն իր նամակի մասին տեղյակ չպահել:

«Պարոն վարչապետ, ես կմեծանամ ու անպայման վարչապետ կդառնամ: Ձեր լավության տակից դուրս կգամ»,- խոստացել էր երեխան:

Վարչապետին հուզել էր այդ խնդրանքը եւ նա հեռախոսն ուղարկել էր, ինչը տեղ է հասել ծննդյան արարողության պահին: Ստացել էր նաեւ պատասխան շնորհակալական նամակը, ուր պատմվում էր, թե որքան անակնկալ էր եղել այդ նվերը: Իսկ երեկ կառավարությունը վարչապետի անունով ոչ մի նամակ չէր ստացել: «Նրանց սպասելիքները ոչ այնքան կառավարությունից էին, որքան վարչապետից,- բացատրում է տիկին Նունեն: -Բոլոր նամակների ենթատեքստում ես դա զգում էի»:

Ա.Մարգարյանը շատ է այցելել գյուղեր, եւ ուղեկցող աշխատակիցները պատմում էին, որ նա կարողանում էր անմիջականորեն շփվել գյուղացիների հետ, հասկանալ նրանց հուզող խնդիրները: Այս առումով նա մեծ ժողովրդականություն էր վայելում: Վարչապետը սովորություն է ունեցել նաեւ անսպասելիորեն մտնել որեւէ մի գյուղացու տուն, նստել, զրուցել նրանց հոգսերից ու կատակել: «Հերթական այդպիսի մի այցելության ժամանակ մտանք Լոռու մարզի Սարամեջ գյուղը,- պատմում է Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը: -Ուշ ժամ էր: Գյուղի մի տան լույսերն էին վառ: Մեքենան քշել տվեց դեպի այդ տունը: Իջավ, մտավ ներս, թե` հյուր կընդունե՞ք: Տանտերը տանը չէր, Երեւան էր եկել, կինը նրան էր սպասում: Տիկինը ճանաչեց վարչապետին ու անակնկալի եկավ: Այդ պահին հեռուստացույցը միացրած էր ու լրատվական ծրագրով տեսանյութ էր ցուցադրվում վարչապետի՝ Լոռու մարզ կատարած այցի մասին: Խեղճ կինն ապշած մեկ հեռուստացույցին էր նայում, մեկ՝ վարչապետին: Հետո ներս հրավիրեց, նստելու տեղ էլ չկար: Վարչապետը նստեց անկողնու ծերին ու սկսեց այդ կնոջ հետ զրուցել: Հարեւաններն իմացան, ամեն մեկը բերեց իր թանն ու մածունը հյուրասիրեց»:

Աշխատակիցները պատմում էին, որ իրենք բոլորով միասին չէին կարողանում հարմարվել Անդրանիկ Մարգարյանի աշխատանքային ծանր ռեժիմին՝ առավոտյան շուտ գալ, աշխատել, մասնակցել տարբեր խորհրդակցությունների ու հանդիպումների եւ երեկոյան ուշ տուն գնալ: Հատկապես, երբ առողջական խնդիրներ է ունեցել: Բոլոր դեպքերում նրանք պատմում են, որ վարչապետի մահն իրենց համար անսպասելի է եղել այն առումով, որ վերջին օրերին նա իրեն շատ վատ չի զգացել: Առողջական շատ ավելի ծանր պահեր էլ է ունեցել եւ հաղթահարել է: