Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձյալ չխոսեց

28/03/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին կառավարության Նիստերի դահլիճում կայացավ Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցության 15-րդ համագումարը: Համագումարը սկսվեց մեծ ոգեւորությամբ (ինչը, թերեւս, պայմանավորված էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությամբ), սակայն երկրորդ ընդմիջումից հետո այն այլ ընթացք ունեցավ եւ նախատեսվածից շուտ ավարտվեց, ինչը պայմանավորված էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահով:

Համագումարին ներկա էին նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը, «Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության» ներկայացուցիչ Էդուարդ Անտինյանը, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչը՝ Գերմանիայից, եւ այլք: 667 պատվիրակներից համագումարին մասնակցում էին 526-ը: Համագումարի պատվիրակներին ուղղված ողջույնի խոսքում Արամ Զ. Սարգսյանը կարծիք հայտնեց, թե ՀՀՇ-ն այսօր ամենամաքուր եւ ամենապինդ կուսակցություններից մեկն է: «Բոլոր պատեհապաշտները եւ անմաքուրներն այսօր էլ շարունակում են աշխատել իշխանությունների հետ՝ տարբեր օղակներում»,- նշեց նա: Ըստ Ա. Սարգսյանի, այնպես չէ, որ միջնադարը մեկ անգամ եղել եւ ավարտվել է: Նրա խոսքերով՝ ցանկացած ժամանակաշրջան ունի իր միջնադարը, եւ այսօր մենք ապրում ենք մեր ժամանակների միջնադարը: Միաժամանակ նա հիշեցրեց, որ միջնադարին հետեւում է վերածնունդը: Անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին՝ նա նշեց, թե ընտրությունները մայիսի 12-ով չեն ավարտվում, եւ մայիսի 12-ին սկսվում է իշխանությունն իր իրական տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելու գործընթացը: Համագումարի աշխատանքները ողջունեցին նաեւ Է. Անտինյանը եւ Հ. Բագրատյանը: Ընթերցվեց նաեւ Վրաստանի Հանրապետական կուսակցության ողջույնի խոսքը: Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Վերջինս հիշեցրեց, թե ինչ ծանր ժամանակահատվածում ՀՀՇ-ն եկավ իշխանության. պատերազմ, երկրաշարժ, Ադրբեջանից գաղթած մոտ 400 հազար փախստականներ, փակված ատոմակայան եւ այլն: Նա նշեց նաեւ, որ այս իրավիճակում ՀՀՇ-ի իշխանության տարիներին հռչակվեց ՀՀ անկախությունը, եղան ռազմական հաղթանակներ, Լեռնային Ղարաբաղը դարձավ բանակցությունների լիիրավ կողմ, ձեւավորվեցին պետական ինստիտուտները, իրականացվեցին տնտեսական կարեւոր բարեփոխումներ, վերացվեց էներգետիկ ճգնաժամը, եւ այլն: Ա. Զուրաբյանի ելույթին հաջորդեց Երջանիկ Աբգարյանի ելույթը: Սակայն ինչ-որ անհանգիստ սպասման մթնոլորտ էր. բոլորը սպասում էին ՀՀ առաջին նախագահին: Եվ ահա Ե. Աբգարյանի ելույթի միջնամասում դահլիճ մտավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա մուտքն անասելի ոգեւորություն առաջացրեց ներկաների մոտ: Պրն Աբգարյանը ստիպված էր ընդհատել իր ելույթը: Բոլոր ներկաները հոտնկայս մի քանի րոպե շարունակ ծափահարում էին, հնչում էին բացականչություններ, ոմանք պարզել էին բռունցքները, ոմանք՝ Վանո Սիրադեղյանի նկարը…: Շատերի՝ այդ թվում եւ լրագրողներից ոմանց մոտ, առաջին նախագահի դիմավորման այդ արարողությունն անկեղծորեն հուզմունք առաջացրեց: «Պարոն նախագահ, մենք համոզված ենք, որ այն իրավիճակը, որ հիմա Հայաստանում կա, էլի այս ձեւով պետք է մի օր խախտվի»,- դիմելով ՀՀ առաջին նախագահին՝ նշեց ՀՀՇ վարչության նախագահ Ա. Զուրաբյանը: Չխախտելով վերջին տարիների ավանդույթը՝ ՀՀ առաջին նախագահը հրաժարվեց պատասխանել իրեն շրջապատած լրագրողների հարցերին: Ընդմիջումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս դահլիճում չէր, սակայն առանց նրա ներկայության հնչող ելույթներում նրան վերադարձի կոչեր էին արվում: Իսկ ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ իր ելույթում նշեց, թե ՀՀՇ-ն այսօր գնում է ընտրությունների համախմբված, գնում է իշխանություններին «Ոչ» ասելու, գնում է՝ հանուն ՀՀ շահերի եւ ոչ թե ինչ-որ մարդկանց դեմ: «Եվ մենք գալու ենք, համառորեն գալու ենք, մինչեւ վերջ գալու ենք, մինչեւ վերջ պայքարելու ենք՝ հասնելու այն բանին, ինչը մեր պապերի երազանքն է, ինչն այս դահլիճում անկախություն պարգեւած, անկախություն վաստակած, բայց այժմ նահատակ տղաներն են: Հանուն նրանց հիշատակի, հանուն մեր պապերի հիշատակի, հանուն մեր երեխաների ու հանուն մեր բարգավաճ երկրի, մենք գալու ենք»,- հայտարարեց Ա. Մանուկյանը: Այնուհետեւ առաջադրվեցին ՀՀՇ 25 հոգանոց վարչության անդամության թեկնածուներ ու ընտրությունների համար ընդմիջում հայտարարվեց: Ընդմիջման ժամանակ լրագրողներին տված հարցազրույցում Ա. Զուրաբյանը կարծիք հայտնեց, թե եթե ԱԺ առաջիկա ընտրության ժամանակ «ցինիկությունն ավելի պակաս լինի», ապա ՀՀՇ-ն կարող է ստանալ 10-15% ձայն: ՀՀՇ-ն մեծ նշանակություն է տալիս հետընտրական գործընթացներին: Կուսակցությունը պատրաստվում է հանդես գալ բազմաթիվ քաղաքական նախաձեռնություններով եւ չի պատրաստվում միանալ «Այլընտրանքի» նախաձեռնությանը, որով քաղաքական ուժերին կոչ է արվում հանդես գալ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ Կարապետիչի կուսակցությանը նախընտրական արշավից դուրս թողնելու քայլով, որովհետեւ այդ ուժերը խախտում են օրենքը: Միաժամանակ, Զուրաբյանը համամիտ է «Այլընտրանքի» հետ, քանի որ, ըստ նրա, իսկապես իշխանական կուսակցությունները համատարած խախտում են նախընտրական արշավի վերաբերյալ օրենսդրության բոլոր պահանջները: ՀՀՇ-ն լինելու է նաեւ հանրության հետընտրական համախմբման եւ պայքարի առաջամարտիկը: Իսկ այդ պայքարում ՀՀՇ-ն պատրաստ է գործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք նպատակ ունեն հասնել Հայաստանում օրինական իշխանության ձեւավորմանը: Ինչեւէ, ընդմիջումից հետո Ա. Մանուկյանը տեղեկացրեց, որ հանկարծամահ է եղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին վարչապետի հիշատակն ու համագումարի աշխատանքներն ավարտեցին նախատեսվածից շուտ: