Մի անգամ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ առանձնազրույցում հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ 2000թ.` նշանակվելով ՀՀ վարչապետ, հրաժարվեց ընտանիքով տեղափոխվել Կառավարության ամառանոց: Ինձ մոտ հաստատ նման հետաքրքրություն չէր առաջանա, եթե նախկին վարչապետերից եւ մյուս պաշտոնյաներից, որոնց համար նախատեսված է այդ ամառանոցը, որեւէ մեկը մինչ այդ հրաժարված լիներ այնտեղ ապրելու հնարավորությունից:
Բայց այսօր, երբ նա այլեւս չկա, ու նրա մասին խոսում են հարեւաններն ու բարեկամները, ովքեր ամեն օր տեսել են, թե ինչպես է նա առավոտյան տանից դուրս եկել աշխատանքի ու երեկոյան վերադարձել, սկսում ես հասկանալ, թե իսկապես որքան կարեւոր էին իր համար իր թաղամասն ու հարեւանները: Անդրանիկ Մարգարյանին թվում էր, թե իր այդ քայլը որեւէ մեկի մոտ հարցադրում չպիտի առաջացներ: Մտածում էր, որ հակառակը` եթե տեղափոխվեր ամառանոց, հենց դա պետք է տարօրինակ լիներ ու ավելորդ հարցադրումների տեղիք տար: Այդուհանդերձ, նա պատասխանեց, որ իր համար կարեւորն իր հարեւաններն ու բարեկամներն են, ովքեր ոչ մի վայրկյան իրենց մենակ չեն թողնում: Ասում էր, որ իր բնակարանի դուռը միշտ բաց է եղել, օրվա որ ժամին հարեւան-բարեկամի «սիրտն ուզեր» մտնել իր տուն` մտնում էր: Ասում էր, որ ընտանիքով շատ կապված են հարեւանների հետ, ամեն օր պիտի տանից դուրս գալիս իմանար, թե որ հարեւանն ինչ խնդիր ունի: Ամառանոցում ապրելու դեպքում, Անդրանիկ Մարգարյանի ասելով, նույնը չէր կարող լինել, որովհետեւ Ավանի իր հարեւաններին չէր կարող ամեն օր տեսնել, նրանք օրը մի քանի անգամ չէին կարող մտնել իրենց տուն: Ասում էր, որ ինքը մենակ մարդ չի, չի կարող գնալ տուն ու փակվել իր տան պատերի մեջ: «Հիմա նախկինի պես հարեւանություն եմ անում, երեխեքս շենքի բակում մյուս երեխաների հետ խաղում ու նույն մանկապարտեզն են գնում»,- ասում էր նա:
Այս օրերին բոլորը նրա մասին են խոսում: Հարեւաններն ասում են, որ «երկիրն անտեր է մնացել», ու անորոշությունից չգիտեն՝ ում կողմը նայեն:
Պարզվում է` բոլորը նրան ճանաչում են ոչ միայն որպես վարչապետ կամ ՀՀԿ նախագահ, այլեւ որպես մարդ: Անկախ նրանից` նրան գոնե մի անգամ մոտիկից տեսե՞լ են, թե՞ ոչ, միեւնույն է` նրա մասին խոսում են որպես հին ծանոթի: Երեկ բազմաթիվ ցավակցական հեռագրեր են ստացվել պետությունների ու կառավարությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական ներկայացուցչություններից, Հայաստանի եւ Սփյուռքի կրոնական, մշակութային, հասարակական ու քաղաքական կազմակերպություններից: Բոլորի հեռագրերում, բացի հզոր քաղաքական գործիչ լինելուց, ընդգծվում է նաեւ Անդրանիկ Մարգարյան մարդը: «Իսկապես ազնիվ ու բարեկիրթ մարդ»` այսպես է Անդրանիկ Մարգարյանին բնութագրել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Քարիմ Մասիմովը: ՈՒկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչն էլ` ցավակցելով հայ ժողովրդին, Անդրանիկ Մարգարյանին բնութագրել է որպես հայ ժողովրդի «փառավոր զավակի, ում կյանքն անձնազոհ նվիրումի օրինակ էր իր հայրենիքին` նրա վերածննդի եւ հայոց պետականության կայացման փուլում»:
Ա. Մարգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ հայ ժողովրդին ցավակցություն են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Արդյունաբերողների եւ գործարարների միջազգային կոնգրեսի նախագահ, ՌԴ Դաշնության ժողովի Դաշնային խորհրդի անդամ Վ. Կ. Գլուխիխը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին, Շառլ Ազնավուրը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը, ԱՄԷ վարչապետի տեղակալ սուլթան Բին Զաեդ ալ-Նահիանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ վարչապետ Անուշավան Դանիելյանը, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները եւ այլք: Ցավակցական հեռագրեր են ստացվել նաեւ ՀՀ քաղաքական մի շարք կուսակցություններից` «Ազգային Միաբանություն», «Դաշինք», ՀՅԴ, ԱԺԿ, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», ԱԺՄ, ՀՀՇ, «Օրինաց երկիր», ՍԻՄ եւ այլն:
Առաջին նիստն՝ առանց Անդրանիկ Մարգարյանի
Երեկ ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սկսվել է վարչապետ Ա. Մարգարյանի հիշատակը հարգող լռությամբ:
«Մենք կորցրել ենք պետական գործիչ, գործընկեր, ընկեր, որը 15 ու կես տարվա մեր Անկախության պատմության մեջ մոտ 7 տարի գլխավորել է կառավարությունը, եւ այդ 7 տարիները մեր պետության լավագույն տարիներն են: Մի մարդ, որը զբաղեցնելով այդ բարձր պետական պաշտոնը, եղել եւ մնացել է համեստ, հանդուրժողական եւ պարկեշտ,- կառավարության անդամներին ասել է Ռ. Քոչարյանը։ -Բոլորիս հիշողության մեջ Անդրանիկ Մարգարյանը մնալու է հենց այդպիսին՝ առաջին հերթին իր մարդկային որակներով: Անդրանիկ Մարգարյանը հեռացավ մեզանից շատ պատասխանատու պահի, եւ մենք, իբրեւ իշխանություն, պետք է տանք ճիշտ լուծումներ՝ ներկա վիճակից դուրս գալու համար»: Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի, Ռ. Քոչարյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականն ու հանձնարարել է հրաժարական տված կառավարության անդամներին շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Սահմանադրությամբ նախատեսվում է, որ ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: Ավելի ուշ, Ռոբերտ Քոչարյանի մոտ խորհրդակցության են հրավիրվել կոալիցիոն կուսակցությունները, որտեղ, մեր տեղեկություններով, որոշում է կայացվել, որ վարչապետի պաշտոնը, որի քվոտան պատկանում է ՀՀԿ-ին, պետք է պահպանվի եւ այն պետք է վերապահվի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Երեկ որոշ էլեկտրոնային կայքերով լուրեր էին տարածվել, թե Սերժ Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Սակայն երեկոյան ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հերքեց այդ լուրերը` ասելով, թե դա իրականությանը չի համապատասխանում: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ, այնուամենայնիվ, վերջնական որոշում է կայացվել, որ Սերժ Սարգսյանն Անդրանիկ Մարգարյանին պետք է փոխարինի ոչ միայն կուսակցության նախագահի պաշտոնում, այլեւ վարչապետի: Սակայն իշխանությունները որոշել են առայժմ այդ մասին չհայտարարել` սպասելով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտին:
Հ.Գ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած հանձնաժողովի եզրակացության համաձայն, վարչապետի մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթների արյան շրջանառության խանգարման հետեւանքով առաջացած սրտի հանկարծակի կանգից: