2006թ. սեպտեմբերի 16-ին «Պրեսսինգ» ակումբի առաջին քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա խոստովանեց, որ նորաբաց ակումբի հրավերն ընդունել էր, քանզի զգում էր մեր երկրում անկեղծ քննարկումների անհրաժեշտությունը: Ա. Մարգարյանը քննարկմանը ներկայացավ առանց փողկապի: Նա պատրաստ էր ցանկացած պահի բանավիճել ցանկացած քաղաքական գործչի հետ, եւ չէր խուսափում նաեւ իրեն եւ ՀՀ գործադիր իշխանությանն ուղղված առողջ քննադատություններից:
«Պրեսսինգ» ակումբի գործունեության ընթացքում Ա. Մարգարյանը ներկա էր երկու քննարկումների ու խոստացել էր կրկին մասնակցել ակումբի բանավեճերին, բայց, դժբախտաբար, դա այլեւս չի լինի: Առաջին քննարկմանը, որ նվիրված էր ժողովրդավարությանը, Ա. Մարգարյանն ասաց. «ժողովրդավարությունն ազգի ներկայացուցիչների միջեւ վստահության դաշտն է, որ փոխանցվում է պետությանը: Երբ պետություն չենք ունեցել, այն փոխանցվել է իշխանին կամ եկեղեցուն: Այդ վստահության շնորհիվ կարողացել ենք դիմակայել արտաքին ուժերին կամ ներքին պառակտումներին: Մենք անկախության հիմքը դրեցինք շատ դժվար պայմաններում, ժողովրդավարությունը մատնվեց ամենաթողության: Բայց այնպես չէ, որ ամերիկացիները կամ եվրոպացիները պետք է իրենց խաղի կանոնները թելադրեն, իսկ մենք աչքներս փակ ընդունենք դրանք: Ինչպես ցանկացած տնտեսական ռեֆորմ, որ հարմարեցնում ենք մեր տնտեսության վիճակին, ժողովրդավարության բաղադրիչներն էլ պետք է հարմարեցնենք նրան, ինչ ունենք: Եթե մեր փիլիսոփաները, քաղաքագետները կարողանային ի մի բերել ժողովրդավարության այն տարրերը, որ մենք ունեցել ենք, շատ հեշտ կլիներ նոր եկածը՝ մեր գլխին թափվածը, խմբավորել: Այստեղ պետությունը որոշակի խնդիր ունի, այն, որ մենք չենք կարող հստակեցնել իսկական ժողովրդավարության հայեցակարգը: Ով ինչպես ցանկանում, մեկնաբանում է ժողովրդավարությունը: Բայց մեր ազգային հիմքն ունենալով՝ պետք է կարողանանք զարգացնել այն: Մենք կարող ենք «ազգային պետություն» գաղափարը չօգտագործել, որովհետեւ մեր պետությունն ազգային է: Չհակադրենք ժողովրդավարությունը մեզ՝ որպես օտարածին գաղափարախոսություն»: Ա. Մարգարյանը վստահ էր, որ ռեֆորմներ անցկացնելու համար իշխանություններին անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը: «Եթե ժողովրդավարությունը լիներ հավատ իշխանությունների նկատմամբ, ապա մենք շատ ավելի մեծ արդյունք կունենայինք: Մենք համբերություն չունենք»,- ասում էր Ա. Մարգարյանը: Նա գտնում էր, որ ժողովրդավարության մեջ պետք է կարեւոր տեղ հատկացնել պետության նկատմամբ վերաբերմունքին. «Պետության նկատմամբ պետք է լավ իմիջ ձեւավորել: Սա դեմոկրատիայի ամենաթողության աստիճանն է, պետության թերությունը: Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, որ դեմոկրատիան ճիշտ ճանապարհով գնա»:
Վարչապետը գտնում էր, որ մեզ պակասում է ՀՀ քաղաքացու հոգեբանությունը: «Ես չեմ մեղադրում մեր ժողովրդին: Մեղադրում եմ ճակատագրին, որ չենք ունեցել պետականություն, որ պետության նկատմամբ պարտավորությունները հստակ չեն գիտակցվում: Նոր գործարարները, նոր սերունդը շատ ավելի լավ են անում, քան մենք: Մենք անում ենք այնպես, ինչպես դաստիարակվել ենք: Ինչպե՞ս կարող ենք մի գիշերվա կամ 15 տարվա մեջ մեր հոգեբանությունը փոխել»,- ասում էր Ա. Մարգարյանը:
Հայաստանի PR-ին նվիրված քննարկմանը (թեման առաջարկել էր հենց ինքը) Ա. Մարգարյանը բանավիճում էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եւ մի շարք այլ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ:
«Հայաստանի PR-ի խնդիրը պետական նշանակություն ունի: Մենք կառավարությունում դժվարություններ ունենք այս խնդիրները ձեւակերպելու եւ ներկայացնելու հետ կապված: Նույն բանը եղել է եւ՛ Հրանտ Բագրատյանի, եւ՛ մյուս վարչապետների օրոք, որ մենք չենք կարողացել ստեղծել մեխանիզմներ, որոնք պետք է զբաղվեին հենց այս հարցերով: Ժամանակին մենք մտածում էինք այդ մեխանիզմները ստեղծելու մասին: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունեցավ… Ես կցանկանայի շեշտը դնել ոչ թե ներքին, այլ արտաքին PR-ի վրա: Լավ թե վատ, ներքին PR-ը կուսակցություններն անում են. իշխանությունները փորձում են լավ ներկայացնել կատարված աշխատանքը, ընդդիմությունը ցանկանում է այդ ամենը սեւացնել: Հետո դա ինչ-որ ձեւով գնում է արտասահման, բացասական իմիջ է ստեղծվում պետության նկատմամբ: Մենք ունենք մի քանի մասնագիտացված կառույցներ, որոնք ի պաշտոնե պետք է դրսում ապահովեն արտաքին PR-ի գործողությունները: Սփյուռքահայ շատ կազմակերպություններ նույնպես փորձում են դա անել, բայց ոչ կանոնակարգված ձեւով: Սա հասարակական կազմակերպությունների կամ լրագրողների խնդիրը չէ, սա պետության խնդիրն է: Եթե պետությունը տեր չկանգնի, մենք ցանկացած ճակատում անընդհատ տանուլ ենք տալու: Դրա համար մենք պետք է մեր հիմնական թիրախները որոշենք: Բնականաբար, արաբական երկրներում, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում տարբեր խնդիրներ ենք ուզում լուծել: Եթե բոլոր տեղերում նույն դեղատոմսով գնանք` տանուլ ենք տալու:
Ես Ցեղասպանության զոհերի զավակ եմ, բայց երբեք թուրքերին ինձ թշնամի չեմ համարել: Միայն կոտորելով ու ցավ պատճառելով չէ, որ պետք է թշնամի գտնել: Պետք է պատճառը նաեւ մեզանում տեսնել: Անմիաբան ենք եղել, պետություն չենք ունեցել: Պետք է նորմալ պետական, տնտեսական հարաբերություններ ստեղծենք Թուրքիայի հետ: Կամ ո՞վ ասաց, որ մենք էապես կախված ենք Ռուսաստանից: Այս բոլորը ներկայացնելու խնդիր կա: Ո՞վ ասաց, որ մեր երկրի արտաքին PR-ով պետք է միայն հայերը զբաղվեն: Այսօր ոչ մի ազգ իր ներկայացուցիչների վրա նման պատասխանատվություն չի դնում: Կան բազմաթիվ ֆիրմաներ, օտարերկրացիներ, ուստի պետք է նրանց ձեռքով անել: Միջոցը պետությունն է, իսկ գործիքը, որի մասին այսօր դեռ շուտ է խոսելը՝ PR-ն է: Ինչ որ կարող ենք, պետք է մեր միջոցներով անենք, ինչ որ չէ՝ դրսի հնարավորությունները փորձենք օգտագործել: Համախմբվենք բոլորս եւ մտածենք մեր երկրի մասին: Արտաքին PR-ի ժամանակ պետք է մոռանալ կուսակցությունների տարաձայնությունները: Մեզ պետք է վստահություն պետության նկատմամբ, որպեսզի պետությանը համարենք գործընկեր: Մենք պետք է այնպես անենք, որ պետության PR-ով զբաղվող կառույցը ստեղծվի որպես անկուսակցական կառույց եւ հետագա բոլոր կառավարությունների օրոք աշխատի»,- այս խոսքերով նա եզրափակեց այդ օրվա քննարկումը: Բոլոր խնդիրների լուծման հիմքում Ա. Մարգարյանը տեսնում էր միասնականությունը, վստահությունը եւ համերաշխությունը:
Հ.Գ. «Պրեսսինգ» ակումբը խորապես ցավակցում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ, իհարկե, ամբողջ հայ ժողովրդին` այս մեծ կորստի կապակցությամբ: