Ո՞վ է մեր ոսկու տերը

28/03/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Mines and Communities» (MAC- Հանքեր եւ համայնքներ) կազմակերպությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների խնդիրներով եւ ուսումնասիրություններ է անցկացնում այդ ոլորտում։ Հրապարակումներից շատերը վերաբերում են հնդկական «Վեդանտա Ռեսուրսիզ» ընկերությանը, որը Հայաստանում շահագործում է Զոդի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը։ Ներկայացնում ենք ձեզ մարտի կեսերին MAC-ի կայք-էջում տեղ գտած մի հրապարակում։

«MAC-ը հետեւողականորեն տեղեկացնում է այն օրինախախտումների մասին, որոնք թույլ են տալիս հանքարդյունահանող ընկերությունները աշխարհով մեկ։ Եթե մեզ հարցնեն՝ ո՞ր ընկերությունն է այդ առումով ամենավատը, մենք կպատասխանեինք. «Չկա որեւէ ընկերություն, որը քննադատվելու տեղ չունենա, բոլորն էլ հավասարապես վատն են»։ Սակայն մեկ ընկերություն, այնուամենայնիվ, առանձնանում է մյուս բոլորից։ Ոչ միայն նրա դեմ ուղղված մեղադրանքների քանակով եւ մասշտաբներով, այլեւ այն ցինիկությամբ, որով այդ ընկերությունը շարունակում է խախտել օրենքը՝ անգամ ճնշող փաստերի առկայության դեպքում։

«Վեդանտա Ռեսուրսիզի» դեմ, որը Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված 5 խոշորագույն ընկերություններից մեկն է, ներկայումս Հայաստանում քրեական բնույթի մեղադրանքներ են ներկայացված։ Ընկերությունը նաեւ մեղադրվում է Զամբիայում այն բանի համար, որ շարունակում է կամայական կերպով օգտագործել թունավոր թափոնների հեռացման վնասակար համակարգը։

Հնդկաստանում, որտեղ գտնվում են նրա կարեւորագույն օբյեկտները, «Վեդանտան» առանց թույլտվության ընդլայնել է իր խոշոր պղնձաձուլարանը, հաշվի չառնելով, որ Գերագույն դատարանի՝ Վնասակար թափոնների մոնիտորինգի կոմիտեն հրահանգել է դադարեցնել այդ գործընթացը։ Ընկերությունը նաեւ ալյումինի զտման գործարան է կառուցել Լանջիգարհում (Օրիսսա), չնայած, որ նույն կոմիտեն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ընկերությունը գործել է ապօրինի կերպով եւ արդեն ոչնչացրել է պահպանվող անտառածածկ տարածքը։

Ինչպես արդեն նշել ենք մեր այս կայք-էջում, հունվար ամսին ընկերությունը խախտել է իր աշխատողների հետ պայմանագրի գրեթե բոլոր կետերը, երբ նրա հսկողության տակ էր անցել Չհաթթիսգարհի ալյումինային խոշոր կոմպլեքսը։

Այժմ Օրիսսայի շրջակա միջավայրի պաշտպանության պետական կոմիտեն ընկերությանը կարգադրել է դադարեցնել ալյումինի ձուլարանի կառուցումը, որը պետք է աշխատեր Լանջիգարհի ապօրինի զտման գործարանից ստացված հումքով»։

Այլ երկրներում «Վեդանտայի» ծավալած գործունեության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ www.minesandcommunities.org ինտերնետային կայքում։

Կոնկրետ Հայաստանին վերաբերող մանրամասները նույնպես քիչ չեն։ Կայք-էջում տեղ են գտել ընկերության դեմ ուղղված մեղադրանքները՝ ոսկի թաքցնելու, ոսկու ծավալները թերագնահատելու, շրջակա միջավայրն աղտոտելու, աշխատակիցների անվտանգությունն ու առողջությունը վտանգի ենթարկելու առնչությամբ։

Պակաս հետաքրքիր չեն նաեւ ընկերության՝ հնդիկների ձեռքում հայտնվելու մեկնաբանությունները։

Համառոտ հիշեցնենք ժամանակագրությունը։ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ) հիմնադրվել է 1998թ։ Այն եղել է համատեղ ձեռնարկություն։ Բաժնեմասերի կեսը պատկանել է «Հայոսկի» պետական ձեռնարկությանը, մյուս կեսը՝ «First Dynasty Mines Armenia» ընկերությանը։

2000թ. «First Dynasty»-ի վերահսկողությունն անցավ Կանադայի Տորոնտո քաղաքում գրանցված «Sterlite Gold» ընկերությանը։ Երկու տարի անց «Հայոսկի» ՊՁ-ի 50%-ը փոխանցվեց «First Dynasty»-ին։ Այսպիսով, հայկական ոսկին ամբողջությամբ հայտնվեց «Sterlite Gold»-ի, այսինքն՝ բոլորին քաջ հայտնի հնդիկ գործարար Անիլ Ագարվալի ձեռքում։

2005թ. «Sterlite Gold»-ի բաժնետոմսերի գինը սկսեց անկում ապրել, ինչը պայմանավորված էր ՀՀ կառավարության հետ ունեցած կոնֆլիկտներով։

2006թ. հունիսի 13-ին «Sterlite Gold»-ը՝ 100%-ով իրեն պատկանող ԱՈԱՁ ՍՊԸ-ով հանդերձ, անցավ «Վեդանտա Ռեսուրսիզ» ընկերությանը։ Դա ներկայացվեց որպես խոշոր նվաճում, քանի որ «Վեդանտան իր մարդկային ռեսուրսներով, ֆինանսական, տեխնիկական եւ արտադրական մեծ կարողություններով մեծ հնարավորություններ կբացի ԱՈԱՁ-ի առաջ, եւ ԱՈԱՁ-ի ամբողջ անձնակազմը կդառնա «Վեդանտա» հզոր ընտանիքի անդամ» (սա հատված էր ընկերության մամուլի հաղորդագրությունից)։

Եվ ահա ինչպես է 2006թ. այդ գործարքի մասին խոսվում MAC-ի կայքում։ «Կեղտոտ Զոդ» ենթավերնագրի տակ կարող եք կարդալ. «Երբ «Vedanta Resources»-ը գնեց «Sterlite Gold»-ը, հայկական ընկերությունը ձեռք բերելու համար վճարված 60 միլիոն դոլարի կեսը մտավ Ագարվալի եւ նրա ընտանիքի գրպանը։ Մեծ Բրիտանիայի ֆինանսական մամուլը ոչ մի քննադատական խոսք չասաց ներքին կարգով կատարված այդ սկանդալային «կվազի» գործարքի մասին։ Ավելին, գործարքը հավանության արժանացավ այնպիսի «պատասխանատու» ֆինանսական ընկերության կողմից, ինչպիսին «Ernst & Young»-ն է»։

MAC-ի վերլուծաբանների կարծիքով, հնդիկ մագնատի միակ հնարավոր քայլը Հայաստանից փախչելն է։ «Ի վերջո, Զոդի հանքավայրում նրա սկզբնական գործընկերը ոչ այլ ոք էր, քան Ռոբերտ Ֆրիդլենդը»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ Ֆրիդլենդը հենց այդպես էլ արեց՝ փախավ, երբ 1992թ. խնդիրներ ունեցավ Կոլորադոյում։

Դժվար է ասել, մետաղի ջարդոնի մանր առեւտրականից մինչեւ ոսկու արդյունահանման մագնատ դարձած Անիլ Ագարվալը ձեռք կքաշի՞ Հայաստանից, թե՞ ոչ։ Սակայն կարծես արդեն օրինաչափություն է դառնում, որ մեր տնտեսության ամենաեկամտաբեր ոլորտները հայտնվում են աշխարհի անհաջող եւ կասկածելի հեղինակություն ունեցող ընկերությունների ձեռքին։ Երեւի ճակատագիր է։