Եթե տեսնում ես արեւածագը՝ իմաստ չունի բառերով նկարագրել

10/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Եվրոպայում եւ Ամերիկայում նկարազարդված պատմությունների՝ կոմիքսների, մեծ ինդուստրիա կա: Հայաստանում առաջին կոմիքսների ստեղծող, նկարիչ Տիգրան Մանգասարյանն ասում է, որ «կոմիքս» բառը Եվրոպայում ընդհանրապես չի օգտագործվում. «Նկարապատումները graphics novel՝ գրաֆիկական վեպ են կոչում, քանի որ այդ ժանրը հակագրքային տրամաբանություն ունի՝ նկարները իլյուստրացիոն չեն, ավելի կինոյական են: Կադրերը կառուցվում են կինոյի սկզբունքով, կան խոշոր, միջին ու ընդհանուր պլաններ: Դա նոր ժանր է, որը սկսեց 90-ականների վերջում հզորանալ: Սկզբում նկարապատվում էին ծիծաղաշարժ մանկական, դետեկտիվ, միստիկական, ֆանտաստիկ թեմաների գործեր: Իսկ հիմա արդեն Դոստոեւսկի են նկարապատում»: Նկարված պատմությունները վիզուալ արագ են ընկալվում՝ մի վայրկյանի ընթացքում հասցնում ես դարաշրջանի, կերպարի մասին պատկերացում կազմել, մինչդեռ այդպիսի արագ ու էֆեկտիվ տպավորություն տեքստից չես ստանում: Դա լավ է թե վատ, միանշանակ ասել չի կարելի, դա ժանրի յուրահատկությունն է: Բոլոր նկարագրությունները հանված են, կարդում ես միայն երկխոսությունները: Մարդիկ գիրք կարդալու ժամանակ չունեն: «Ուզում են կարդալ, իմանալ, բայց կյանքի ռիթմն է արագացել, ժամանակը չի հերիքում: Հետաքրքիր բան կա՝ graphics novel-ի ժանրը գոյություն ունի բոլոր զարգացած երկրներում ու գոյություն չունի երրորդ աշխարհում: Դա երկրի զարգացման աստիճանը ցուցադրող լավ ինդիկատոր է: Այդ ժանրը ծնվել է Ամերիկայում: Երբ դատական պրոցեսների նկարահանումն արգելվեց, սկսեցին ռեալիստական պատկերների շարքեր ստեղծվել: Հիմա ամենաշատ պատկերապատումներն արտադրվում են Ճապոնիայում: Նկարապատումների հեղինակները շատ լավ են վարձատրվում ու մեծ հարգանք ունեն»,- ասաց Տ. Մանգասարյանը:

«Լռություն»

Արդեն մեկ տարի նկարիչ Տիգրան Մանգասարյանն ու տեքստերի հեղինակ Ռուբեն Ծատուրյանն աշխատում են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Լռություն» գեղարվեստական պատկերապատումի ստեղծման վրա: Նախատեսվում է տպագրել շարունակելի պատմության տեսքով 7 գիրք՝ սեւ ու սպիտակ մատիտանկարներով: «Մեր նպատակը վավերագրական նյութը գեղարվեստական դարձնելն է: Դոկումենտալ նյութերն անհնար է կարդալ՝ այնքան դաժան ու անմարդկային են: Մենք ցույց ենք տալիս կորուստների, ողբերգության մասշտաբը` մեկ ճակատագրի հիման վրա,- ասաց Տ. Մանգասարյանը։ -Ընդհանրապես Եղեռնի մասին ամենահիշվող գործերը գեղարվեստական են՝ Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Էգոյանի «Արարատը»: Դոկումենտալ գրքեր մարդիկ չեն կարդում: Հրեաները, օրինակ, դա շատ լավ հասկացել են ու շուկան հեղեղել են Հոլոքոստի մասին պատմող ֆիլմերով ու վեպերով: Մենք մի քիչ ավելի քարացած մտածողություն ունենք, կարծում ենք՝ եթե վավերագրական չէ, ուրեմն՝ կեղծ է: Մեր հերոսներն իրականում եղել են, մենք հիմնվել ենք փաստերի ու իրական դեպքերի վրա, բայց սա գեղարվեստական գիրք է»: Պատմությունը պահպանել է Հարություն եւ Հայկուհի Փարթամյանների ճակատագիրը, որոնք ջարդերի ականատեսը լինելով՝ փրկվել են, հասել Հայաստան, ամուսնացել ու չորս երեխա են ունեցել: Սակայն պատկերապատումում հերոսները կկրեն Հայկ ու Մարիամ անունները, քանի որ ըստ հեղինակների՝ հայկական ու թուրքական անունները եվրոպացիները դժվար են հիշում: «Մենք հերոսներին բիբլիական անուններ ենք տվել՝ Ստեփան, Պողոս, քանի որ ուզում ենք ցույց տալ նաեւ հայ-թուրքական կուլտուրաների հակազդեցությունը: Գրքում երեւում է երկու քաղաքակրթությունների բախումը»,- ասաց Տ. Մանգասարյանը: Գրքի տեքստերը արեւմտահայերենով են լինելու: «Փորձեցինք արեւելահայերենով գրել, բայց դարձավ շատ երեւանյան պատմություն: Հիմնական դեպքերը Մարաշում են կատարվում, եւ պահպանվել է այդտեղի խոսակցական լեզուն»,- ասաց պատմության հեղինակ Ռուբեն Ծատուրյանը: Ծրագրվել է «Լռության» առաջին մասը տպագրել 3000 օրինակով, որոշ տպաքանակ կհրատարակվի նաեւ անգլերեն ու ֆրանսերեն լեզվով, բայց դա` ապագայում: Գրքի գինը Եվրոպայում կլինի 18 դոլար, իսկ Հայաստանում՝ 15 դոլարից ոչ պակաս: «Գրքի ինքնարժեքն է շատ բարձր: Մենք վարկ ենք վերցրել, որ այս գործն անենք: Պատրաստ ենք որոշ տպաքանակ ուղղակի նվիրել ֆրանսիական դիստրիբյուտրական որեւէ կազմակերպության, որպեսզի իրենք տարածեն»,- ասաց Տ. Մանգասարյանը: Նկարապատումի առաջին մասը պատրաստվում է տպագրության: Մեր պատմության ցավոտ ու արյունոտ էջերը ներկայացվելու են նորովի ու անսպասելի ժանրի տեսքով: Մինչ ընթերցողը կծանոթանա «Լռության» հետ, հարկ է հիշել, որ չկան բարձր ու ցածր ժանրեր, այլ կան լավ ու վատ ստեղծագործություններ: Պատմության ավարտական հատորում մեջբերելու են Մարիամ-Հայկուհու բառերը. «Չեմ կարող պատմել, աչքերս լցվում են, ավելի լավ է լռեմ»: Լուռ նկարները հաճախ բառերից ավելի շատ բան կարող են ասել, հիշեցնել ու խոր ազդեցություն թողնել: