Ոճիր եւ պատիժ

28/03/2007 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Երբ լաթով փաթաթված մետաղե խողովակի առաջին հարվածը իջավ Զառայի գլխին, նա անսպասելիությունից գոռաց` Կարեն, ի՞նչ ես անում, հո չե՞ս գժվել:

Երբ իջնում էին հաջորդ հարվածները, Զառան հատակին ընկած, արնաքամ լինելով ու ցավերի մեջ իր մեջ ուժ էր գտնում մտածելու` ինչպե՞ս կյանքը փրկի, եւ մահվանը չհանձնվելու կամքն ու մտքի հստակ աշխատանքն էլ փրկեցին նրան: Փետրվարի 18-ին Ձորագյուղի իր ամառանոցում Զառա Նազարյանի գլխին մի քանի անգամ հարվածելով փորձում է նրան սպանել տունը վերանորոգող վարպետը: Հիվանդանոցում բժիշկն ասում է, որ 30 րոպե ուշացնելու դեպքում նրա կյանքն այլեւս փրկել չէր լինի:

Ո՞վ կսպասեր, որ Զառայի եւ նրա մոր` Նիկայի բարեկամ դարձած Կարենը, որ երկու տարուց ավելի նրանց երեւանյան տունն ու ամառանոցն էր վերանորոգում, որ ասում էր` Զառան իմ քուրն ա, իսկ Նիկա Պավլովնան` մորքուրս, հանկարծ կփորձի սպանել Զառային: Ու երբ հիվանդանոցում Նիկա Պավլովնային ասացին, թե Կարենն է ուզել սպանել, նա պատասխանեց` չի կարող պատահել:

Նիկա ու Զառա Նազարյանները 18 տարի առաջ Թբիլիսիից տեղափոխվել են Երեւան: Թբիլիսիում Նիկայի լրագրողական կարիերան տապալվել էր, քանի որ թերթում աշխատելու համար վրացիները ստիպում էին նրան ազգանունը փոխել՝ դարձնել վրացական, ինքն էլ սկզբունքորեն չէր արել, եւ իր ձգտումները թաղել էր՝ Հավլաբարում երաժշտություն դասավանդելով: Զառան ավարտում է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժինը, Թբիլիսիի մի ամսագրում աշխատանքի է ընդունվում եւ կրկին բախվում է ազգանունը փոխելու պարտադրանքի ու ազգային խտրականության հետ:

Նիկա Պավլովնան հիշում է. «Զառային ասի` իմ կյանքը կորավ, բայց քոնը կփրկեմ, կտանեմ քեզ էստեղից»: Զառան Երեւանում աշխատել է «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում, շարունակել է ուսումը, ավարտել է Մոսկվայի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի եւ «Փարիզ-8» համալսարանի եբրայագիտության բաժինները, Փարիզի պետական կառավարման դպրոցի երկու բաժինները: Աշխատել է «Ռենո» ավտոգործարանի մարքեթինգի բաժնում՝ որպես ռազմավարական հետազոտող: Հայրենիքի ու միայնակ մոր կարոտը նրան վերադարձնում են Երեւան, եւ վերջին երեք տարին նա Երեւանի կոնյակի գործարանի մարքեթինգի ու հանրային կապերի բաժնի վարիչն է:

43-ամյա Կարեն Իվանյանը հայտնվում է նրանց ընտանիքում չորս տարի առաջ, երբ տեղադրում էր ջրի բաքը: Նիկան նրան գտել էր թերթի հայտարարությամբ: Նա թողնում է կիրթ եւ բարեխիղճ վարպետի տպավորություն, եւ կանայք նրան են վստահում նոր գնած առանձնատան, իսկ որոշ ժամանակ անց` նաեւ Ձորագյուղի ամառանոցի վերանորոգումը: Վերանորոգման ժամկետներն ու ծախսերը սկսում են գերազանցել ձեռք բերված պայմանավորվածությունները: 4-5 ամսվա աշխատանքը տեւում է երկու տարի, իսկ գումարը կրկնապատկվում է: Կանայք այնքան են վստահում Կարենին, որ առանց ծախսերը ստուգելու տալիս են նրա պահանջած ցանկացած գումար: Սակայն հետզհետե Զառան սկսում է հասկանալ, որ ծախսերը անտրամաբանական աճում են, սկսում է չվստահել նրան եւ անցյալ տարվա սեպտեմբերից ինքն է սկսում շինանյութ գնել:

Նիկա Պավլովնան վիճում է դստեր հետ, որ նա կասկածում է Կարենի ազնվությանը: Տարեց կինը շատ միայնակ է զգում, Երեւանում հարազատներ չունի, հարեւանների հետ չի շփվում, իսկ Զառան էլ ամբողջ օրը աշխատանքի է, եւ երկու տարվա ընթացքում Կարենը դարձել էր նրա բարեկամը, որին պատմում էր իր մտահոգությունները եւ Զառայի կյանքի գաղտնիքները: Նրանք ընտանիքներով այնքան էին մտերմացել, որ Կարենը երեխաների հետ հյուր էր գալիս, Նիկան էլ նրանց էր այցելում:

Ամառանոցի վերանորոգումը մոտենում էր ավարտին, եւ յուղոտ եկամտի աղբյուրը ցամաքում էր: Թեեւ Զառայի բանկային հաշիվներն արդեն զրոյացել էին, այսուհանդերձ, Կարենը կարողանում է շարժել նրա խղճահարությունը, գանգատվում է սրտից, եւ բուժման համար Զառան նրան է տալիս բանկից տոկոսով վերցված 400 հազար դրամ (1120 դոլար):

Փետրվարի սկզբին Կարենը կարողանում է վերցնել եւս 200 հազար դրամ՝ այս անգամ Զառայի երեւանյան բնակարանի դիմացի փոքրիկ հողատարածքի սեփականաշնորհումը ձեւակերպելու համար:

Իսկ նրա գլխին հարվածելուց երկու օր առաջ, երբ եւս 2000 դոլար է ուզում սեփականաշնորհման հետ կապված այլ ծախսեր անելու համար, Զառան չի տալիս եւ պահանջում է ներկայացնել փաստաթղթերը, որպեսզի համոզվի, որ նա գործը իրոք կատարել է: Այժմ պարզվել է, որ Կարենը քաղաքապետարան որեւէ դիմում չի ներկայացրել եւ սեփականաշնորհման ձեւակերպման ծախսեր չի արել:

Այդ կիրակի նրանք ամառանոց են գնում գազի հաշվիչը փոխելու համար: Զառան կասկածում էր, թե հաշվիչը ծախսված գազից շատ է գումար հաշվում, եւ Կարենը նրան համոզել էր, որ այդ օրը գազի աշխատակիցը գալու է, եւ նրա ներկայությունը պարտադիր է հաշվիչը փոխելու դիմում գրելու համար:

Ամառանոցում մոտ մեկ ժամ Զառան սպասել է գազի աշխատակցին, անընդհատ Կարենին հարցրել է, թե ինչ եղավ, իսկ նա բջջայինով մի երկու անգամ խոսել է ու ասել` հես ա կգա: Գազի աշխատակից այդպես էլ չի եկել: Զառան հանել է խոհանոցի պահարանից կկվով ժամացույցը եւ Կարենի հետ քննարկել դրա կախելու հարցը:

«Ասեցի` նայի ինչ լավ ժամացույց ա, ստեղ եմ ուզում կախել: Հարցրեց` մեխանիկակա՞ն ա, թե՞ կվարցի, ասի` մեխանիկական: Ասեց` հա, հա, մեխանիկականը լավն ա: Հետո դուրս եկավ խոհանոցից, անմիջապես հետ եկավ, ու տեսա բարձրացված ձեռքը գլխավերեւումս եւ առաջին հարվածը: Ես ընկա»:

Ապա հարված հարվածի հետեւից իջնում են ընկած Զառայի վրա ու միայն գլխին: Սկզբում Զառան ասում է` ինչ ուզում ես տար, միայն ինձ թող, բայց չի ազդում: Կարենը ուղիղ նայելով զոհի աչքերի մեջ` նոր հարվածներ է հասցնում: Զառան ձեւացնում է, թե հարվածներից գժվել է, մտածում է` կարող է փրկվելու շանս լինի, Կարենը կարծի, թե իրեն չեն կասկածի ու սկսում է գոռալ` «Դուք ո՞վ եք, ես ձեզ չեմ ճանաչում, բայց հիմա Կարենը կգա, ձեզ կտեսնի»:

Կարենը, որ կակազող է, ինչ-որ բան է փորձում ասել, բայց բառեր բերանից դուրս չեն գալիս: Ապա Զառային հրելով փորձում է կողքի պառկեցնել ու մի պահ խոհանոցից դուրս է գալիս: Զառան սողալով մոտենում է մուտքի դռանը, բայց Կարենը նկատում է, վազելով գալիս ու մի քանի հարված հասցնում գլխին:

Զառան մուտքի մոտ ձեւացնում է մեռած, մի դիրքում քարանում է, շնչում այնպես, որ չնկատվի, աչքերը կիսաբաց թողնում, որ հետեւի Կարենին: Տեսնում է, որ նա` համոզված, թե սպանել է իրեն, անընդհատ գնում-գալիս է սենյակ ու խոհանոց ու ծխում է:

Զառայի հաշվարկով` մոտ 20 րոպե մնացել է այդպես անշարժ, եւ մեկ էլ անսպասելիորեն թակում են դուռը: Զառան իր մեջ ուժ է հավաքում, բարձրանում է, պտտում բանալին, բացում դուռը ու գոռում`«Խնդրում եմ, ինձ մենակ մի թողեք, տուն մի մտեք, նա տանն ա,- ու բարձրաձայն ավելացնում է,- Չգիտեմ, թե ով ա»,- որ Կարենը լսի ու մտածի, թե իր վրայից կասկածը կընկնի, փրկվելու շանս կունենա եւ չփորձի հիմա էլ երկուսին սպանել:

Էլեկտրիկ Բաբկեն Թոսունյանն է լինում. տեսնում է դրսում Զառայի «Նիվան» եւ գալիս անցած ամսվա վարձը վերցնելու:

«Դուռը ծեծեցի, Զառան բացեց, ընկած վիճակից էր բացում, նույնիսկ նկատվում էր, որ սողեսող է հասել,- պատմում է նա: -Բղավեց` օգնություն, ես առաջ եկա, ձեռս գցեցի, որ բարձրացնեմ, թեւիցս բռնեց ու ասեց` զգույշ մնա, քեզ էլ կսպանի: Նրան դուրս հանեցի, դուռը փակեցի ու սկսեցի զանգելով օգնություն կանչել»:

Գալիս են սկզբում Բաբկենի էլեկտրիկ ընկերները, հետո` թաղային ոստիկանը, որ մոտերքում էր: Զառան ոստիկանին հայտնում է, որ հարձակվողը Կարեն Իվանյանն է: «Վռազ էկանք,- պատմում է ոստիկան Գառնիկ Ներսիսյանը: -Զառան արդեն մեքենայում էր, էլեկտրիկների ձեռը` մեկինը` զոնտիկ, մեկինը` փետ, վերցրել էին, որ իրանց չխփի, փախչի: Մտա, ասի` Կարեն, Կարեն: Ձեն չէր տալիս, երկրորդ հարկի չուլանում էր, ուզում էր կռիշից դուրս գալ, բռնեցինք»:

Ճանապարհին ոստիկանը հարցնում է. «Խի՞ արիր: Կարենն ասում է` չգիտեմ, ստացվավ: Ինքը մեր մոտից զանգեց կնոջը, թե ծեծել եմ, գնա հիվանդանոց` տեր կայնի»,- պատմում է Ներսիսյանը: Զառային 4 ժամ վիրահատում են, գլխին մոտ 30 կար դնում: Բժիշկ Արման Աղաջանյանն ասում է, որ Զառան ծանր վիճակում էր, շատ արյուն էր կորցրել, եթե հիվանդանոց մի փոքր ուշ հասցնեին, կյանքին կարող էր վտանգ սպառնալ:

Կարենին երկու օր անց ազատում են, եւ Կոնյակի գործարանը թիկնապահ է վարձում` հիվանդանոցում Զառային նոր հարձակումից պաշտպանելու համար:

Կարենին դատարանի որոշմամբ կալանավորում են դեպքից 18 օր անց, մարտի 8-ին: «ԱրմենիաՆաուն» պարզել է, որ հարձակման օրը Կարենը գազի գրասենյակի աշխատողին կանչած չի եղել:

Թեեւ նախապես պատրաստված խողովակը եւ անընդհատ գլխին հասցված հարվածները ենթադրել են տալիս, որ կանխամտածված սպանության փորձ է եղել, սակայն քրեական գործ է հարուցված ոչ թե սպանության փորձ կատարելու, այլ մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:

Աբովյան քաղաքի ոստիկանության քննիչ Մովսես Ստեփանյանը հրաժարվեց բացատրել, թե ինչու են այդքան ուշ կալանավորել եւ ինչու սպանության փորձ կատարելու մեջ չեն մեղադրում: Դատախազության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կալանքը ուշացել է, քանի որ սպասել են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասում է, որ դատախազության պատճառաբանությունն անհիմն է: Մասնագետներն ասում են, որ նման դեպքերի գրեթե 100 տոկոսում մեղադրյալին ձերբակալում են: Կասկած կա, որ Կարենը հզոր թիկունք ունի:

Կարեն Իվանյանի պաշտպանությունը փորձում է ներկայացնել, թե նա հոգեկան խանգարում է ունեցել եւ չի հասկացել, թե ինչ է անում: Նրա փաստաբան Էդիկ Մայսուրյանն ասում է, թե նա կարող էր հետալկոհոլային խանգարում ունեցած լինել, սակայն խոստովանեց, որ նա երբեք ալկոհոլիկ չի եղել եւ հոգեկան պրոբլեմներ չի ունեցել:

Հարձակման դրդապատճառներն այն բազմաթիվ հարցերից են, որոնց պատասխանները չեն պարզվել: Պատասխան չունի նաեւ Զառային հանգիստ չտվող հարցը` ինչո՞ւ էր ուզում իրեն սպանել մի մարդ, որին ինքը ճանաչում ու վստահում էր:

www.armenianow.com