Անընդունելի եւ ապօրինի

28/03/2007

IRNA-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն անընդունելի է համարել ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները՝ դրանք որակելով «ապօրինի»: Ֆրանսիական «2-րդ ալիք» հեռուստացանցին տված հարցազրույցում Ահմադինեջադը զգուշացրել է, թե «Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն հետամուտ լինող երկրներն իրենք են ավելի մեծ վնաս կրելու»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 15 պետությունները շաբաթ օրը միաձայն բանաձեւ են ընդունել, որով նոր պատժամիջոցներ են սահմանվում Իրանի նկատմամբ, քանի որ այդ երկիրը հրաժարվում է դադարեցնել ուրանի հարստացման իր ծրագրերը: Ըստ Իրանի նախագահի, միջուկային բնագավառում իր երկրի գործունեությունն օրինական է՝ «հիմնված երկրի օրինական եւ անքակտելի իրավունքների վրա», եւ ծրագիրը շարունակվելու է՝ «առանց տատանվելու»: ԱՄՆ-ը եւ արեւմտյան այլ պետություններ կասկածներ ունեն, թե Իրանը ձգտում է միջուկային զենք ձեռք բերել: Իրանը հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, թե իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով է զարգացնում: