Նոր գաղափարների էր սպասում

28/03/2007

Լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն արվեստի եւ մասնավորապես` թատրոնի շատ նուրբ գիտակ էր: Թատրոնը համարելով արվեստի կարեւորագույն ոլորտներից մեկը, նա ընտրում էր թատրոններին սատար կանգնելու ամենաարդյունավետ ու անաղմուկ ճանապարհը` անձամբ ֆինանսավորելով նոր ներկայացումները, որոնք հեռահար արձագանք կարող են ունենալ հանդիսատեսի սրտում: «Ուզում եմ, որ աշխատեն ու խնդիրներ չունենան»,- ասում էր նա: Անդրանիկ Մարգարյանը հապճեպ կատարվող թատերական բարեփոխումների կողմնակից չէր, նախընտրում էր քայլ առ քայլ աջակցել այն թատրոններին, որոնք Հայաստանի անկախությունից հետո գտնվում էին փոքր-ինչ շփոթված վիճակում եւ փորձում էին պահպանել կոմերցիայի եւ բարձր արվեստի հավասարակշռությունը: «168 Ժամ» թերթին կից «Պրեսսինգ» ակումբում նա ափսոսանքով ու մեծ սպասելիքներով էր խոսում հայկական թատրոնի ու կինոյի նոր նախագծերի մասին: Ցանկանում էր Ղարաբաղյան պատերազմի ու նոր սերնդի հերոսներին տեսնել բեմում ու էկրանին: Ուզում էր հայ երիտասարդներին ոգեշնչող թատերական իրադարձության ականատեսը դարձնել:

Անդրանիկ Մարգարյանը շատ լավ զգում էր թատրոնի ու գրականության ներուժն ու ազդեցությունը, եւ հասկանում էր, թե ո՞ր թատերախումբն ու ո՞ր հեղինակը կարող են հեռանկարային աշխատանք անել: Յոթ տարի շարունակ Անդրանիկ Մարգարյանի հովանավորության շնորհիվ Երեւանի Դրամատիկական թատրոնը ֆինանսական խնդիրներ գրեթե չի ունեցել եւ կարողացել է ճիշտ կառուցել իր խաղացանկային քաղաքականությունը:

Անձամբ վարչապետի աջակցության շնորհիվ կարողացել է հաճախակի մեկնել հյուրախաղերի նաեւ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որը Ռուսաստանում ներկայացնում էր Հայաստանը: Անդրանիկ Մարգարյանն այն հազվագյուտ մարդկանցից էր, ով պատասխանատվություն էր զգում երկրում կատարվող իրադարձությունների համար: Այդ թվում՝ նաեւ թատրոնի: Ինչպես ասում է ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը. «Վարչապետը կարողանում էր միավորել իրար հակադրվող եւ նույնիսկ` բացառող մարդկանց»: Եվ դա անում էր եւ՛ կյանքում, եւ՛ քաղաքականության մեջ: