Այսօր Թատրոնի օրն է

28/03/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվող Թատրոնի օրը նշվում եւ հիշատակվում է նաեւ Հայաստանում:

Եթե ոստիկանների կամ հանքափորների մասնագիտական տոնը նշում են հենց ոստիկաններն ու հանքափորները, ապա Թատրոնի օրը ոչ միայն թատերական գործիչներն են նշում, այլեւ` մենք բոլորս, քանի որ մենք բոլորս էլ պոտենցիալ հանդիսատես ենք:

Բեմից ասված խոսքը, կամ բառերից զուրկ եւ շատ խոսուն հայացքն ահռելի էներգետիկ լիցքեր կարող են հաղորդել հանդիսատեսին` մի քանի ժամվա ընթացքում միավորելով բեմն ու հանդիսատեսին: Եվ եթե դարեր շարունակ թատրոնը կարողացել է որոշ ժամանակ առանց խոսքի, առանց բեմի, առանց ռեժիսորի կամ էլ նույնիսկ` առանց դերասանի ապրել, ապա այն երբեք առանց հանդիսատեսի գոյություն ունենալ չի կարողացել: Առանց հանդիսատեսի թատրոնը մահանում է:

Թատրոնի ճգնաժամի մասին խոսում են այն ժամանակ, երբ թատրոնը կորցնում է իր հանդիսատեսին: Եվ գուցե հիմա, երբ գրեթե բոլոր հայկական թատրոններում ներկայացումները կիսադատարկ դահլիճներում են անցնում, մեղավոր են ոչ միայն ներկայացումների հեղինակները, այլեւ` մենք բոլորս: Թատրոն գնալու կուլտուրան ու ավանդույթները կորցնելով` մենք կորցնում ենք նաեւ ժամանակակից թատրոնը: Իսկ թատրոնը միայն ժամանակակից է լինում, նույնիսկ այն ժամանակ, երբ դասականների գործեր է բեմադրում, թատրոնը ծնվում է մեր ներկայությամբ եւ մեր ներկայությամբ էլ ավարտվում է: Այն կինոյի նման չի պահվում ժապավենի վրա եւ իր արձանագրությունը պարտիտուրայի տեսքով չի թողնում: Յուրաքանչյուր ներկայացում անկրկնելի է: Դերասանն ամեն երեկո բեմ է բարձրանում` ամեն վայրկյան մահանալու պատրաստ լինելով: Դա այն մահն է, որն անպայման նոր ծնունդի սկիզբ է դնում: Թատրոնը պետք է զգա հանդիսատեսի շունչը, որպեսզի կարողանա լսելի լինել հանդիսատեսի համար: Դա այն կապն է, առանց որի թատրոնի ներկայացումներն անիմաստ են դառնում, եւ թատրոնը ժամանակից դուրս է մնում: Գուցե այդ կապի բացակայության պատճառով էլ մեր օրերում բեմադրվող ներկայացումներից շատերը դեռ նախապատրաստական փուլում հնացած եւ անհասցե են մնում: Իսկ հնացած գաղափարներ լսելու ու տեսնելու համար հանդիսատեսը թատրոն չի գնա: Նույնիսկ, եթե թատրոնի մեծ սիրահար է: Բացի թատրոնից, արվեստի ոչ մի ճյուղ իր մեջ միավորելու, հղկելու, շունչ հաղորդելու առաքելություն ու հնարավորություն չունի: Թատրոնը մեր կյանքի փոքր մոդելն է, եւ այն շատ լավ պատկերում է մեր այսօրվա հասարակությունը` փոքր-ինչ հոգնած ու հիասթափված, մանր հարցերում` չափազանց հաշվենկատ, եւ գլոբալ հարցերում` շատ անտարբեր: Մեր թատրոնը մեզ նման է: Մեզ նման կտրված է կյանքից եւ պատրաստ չէ երկխոսության:

Հանդիսատեսի մեծամասնությունը թատրոնն ընկալում է որպես զվարճանք եւ դա ստիպում է թատրոններին լույս աշխարհ բերել հեշտ մարսվող ու ծիծաղաշարժ ներկայացումներ: Ներկայացում դիտելը ոչ միայն հաճույք է, այլեւ` բավականին ծանր աշխատանք, քանի որ ներկայացման ընթացքում պետք է լուռ, երկար եւ համբերատար նստել, լսել ու կարեկցել, ընկալել ու երեւակայել, անջատել բջջային հեռախոսներն ու հարգել դերասանների աշխատանքը: Այդ բոլոր սահմանափակումներին այսօրվա հանդիսատեսը դժվարությամբ է դիմանում: Իսկ ո՞վ ասաց, որ ներկայացում դիտելը պետք է հեշտ ու թեթեւ լինի: Դա բարդ գործ է, ընդհանրապես թատրոնը որքան կենդանի, նույնքան էլ քմահաճ է: Եվ շնորհակալություն մեզ բոլորիս, որ թատրոն ենք գնում, մի քանի ժամվա ընթացքում հանդիսատես ենք դառնում ու արդարացնում ենք թատրոնի գոյությունը, քանի որ առանց հանդիսատեսի թատրոն չի լինում: