Երեխան քաղցից գիշերը չէր քնել

28/03/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լիանայի մեկ տարեկան որդին երեկ ամբողջ գիշեր չի կարողացել քնել, որովհետեւ ծնողները նրան կերակրելու համար մանկական սնունդ չեն կարողացել հայթայթել: «Գիշերը տանջվեց-տանջվեց, չկարողացավ քնել»,- ասում է 25 տարեկան Լիանան, ով ամուսնանալով Արսենի հետ չի էլ պատկերացրել` ինչ դժվարին կյանք է սպասվում իրենց: Երկու երեխաներից ավագը՝ 4-ամյա Իլոնան, մանկապարտեզ է հաճախում, որտեղ էլ սնվում է, իսկ փոքրիկ Արթուրին կերակրելը մեծ խնդիր է: «Դե՛, մեծերինն ուրիշ է, մենք կարող ենք ճաշով յոլա գնալ, բայց երեխայի համար պեչենի կամ կաթ է պետք: Ստիպված թեյով եմ շիշը լցնում»,- պատմում է երեխայի մայրը: Ապրում են Էրեբունի համայնքի Վարդաշենի հանրակացարանում, որտեղ գտնվելով՝ քեզ միանգամայն հեռավոր, խուլ գյուղում ես զգում: «Առաջ շատ էինք նեղվում, չէինք հարմարվում, բայց կամաց-կամաց ամեն մի դժվարության հարմարվում ես, արդեն սովորական բան է դառնում: Մենք ամուսնացանք ու մի քանի ամիս վարձով ապրեցինք, բայց տեսանք, որ հնարավոր չէ, վարձը չէինք կարողանում տալ: Էրեբունու թաղապետին խնդրեցինք հանրակացարանում մեզ սենյակ տրամադրել ու, փաստորեն, լավ մարդ գտնվեց, չմերժեց: 5 տարի է արդեն, էստեղ ենք ապրում»,- պատմում է Լիանան, ով մտահոգված է, որ շուտով հանրակացարանի սենյակից նույնպես իրենց կվռնդեն: Հանրակացարանի բնակտարածությունը զբաղեցնելու համար նրանք մեկ տարի ժամկետով պայմանագիր են կնքել, ըստ որի` պարտավորվել են ամսական վճարել 4000 դրամ: Արդեն քանի ամիս է, սակայն, վարձավճարը կուտակվել է: «Չգիտեմ, թե ինչ պիտի անենք, ինն ամսվա վարձը չենք մուծել, անհնար է 2 կոպեկ հետ գցել: Չնայած էլի գոհ ենք, որ գոնե վարձով տանը չենք ապրում, շատ թանկ էր»,- ասում է Լիանան: Այս երիտասարդ ընտանիքը գոյատեւում է «Փարոսից» ստացած 16.000 դրամ նպաստով: Հարցնում եմ՝ «Ամուսինդ չի՞ աշխատում»: Պատասխանում է՝ «Սանտեխնիկ է: Գործ որ ճարում է՝ անում է, բայց մշտական աշխատանք չի գտնում: Ինքը միշտ էլ աշխատել է, բայց էս 2 տարի կլինի, որ վիճակներս վատացել է: Հիմա մեր ծնողները, մեր հարազատներն ինչքան կարողանում՝ օգնում են, բայց դա էլ փրկություն չի»: Լիանայենց սենյակն ահավոր խոնավ է: Ասում է, որ մինչեւ հիմա վառարան են վառում, սակայն սենյակի խոնավությունը չի անցնում: «Երեխաներս շատ են հիվանդանում: Ինչ պատահի, զիբիլ-միբիլ լցնում-վառում ենք, բայց միեւնույն է՝ չի օգնում: Փոքրիկս թոքաբորբ տարավ էս խոնավության ու թերսնման պատճառով: Ամուսինս էլ երիկամների հիվանդ է, պատկերացրե՛ք, մեր էս պայմաններն էլ նպաստում են, որ մարդու առողջական վիճակն էլ ավելի վատանա»,- ասում է Լիանան՝ վստահեցնելով, որ ամուսինը հիվանդության պատճառով այլ աշխատանք չի կարողանում կատարել: «Ճիշտն ասած, հայրը երիկամների հիվանդությունից մահացավ, ու ինքն էլ նույն հիվանդությամբ է տառապում: Բանվորություն, ծանր գործ չի կարող անել, կվատանա, անկողնային կդառնա»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ երեխաները հագնում են հիմնականում հարազատների տված հին հագուստը: «Մանկապարտեզ ուղարկելիս մեկ-մեկ շվարում եմ, չգիտեմ՝ ինչ հագցնեմ ուղարկեմ: Ամեն ինչ էնքան բարդ է: Մարդ ամուսնանում է, երեխա է ունենում ու չգիտի, թե ոնց պահի: Էսքան տարի չենք կարողացել մեր երեխաների համար մի լավ բան անել»,- ասում է Լիանան` իշխանություններին կոչ անելով օգնել, ոտքի կանգնեցնել երիտասարդ ընտանիքներին, որպեսզի Հայաստանում առողջ սերունդ եւ ընտանիքներ լինեն: Լիանան ուզում է դիմել Գործազուրկների գործակալություն, սակայն ճանապարհածախսի պատճառով չի կարողանում գնալ ու գրանցվել: «Ես մասնագիտությամբ դերձակ եմ, բայց որտեղ դիմում ես, որ աշխատանքի ընդունվես, պահանջում են անգլերենի իմացություն: Իմ հարազատներից մեկը գնացել էր ավտոլվացման կետում մեքենա լվացող աշխատելու, բայց, երբ իմացել էին, որ անգլերեն չգիտի՝ չէին ընդունել: Նույնիսկ եղել է, որ հավաքարարության համար եմ դիմել, ասել են՝ անգլերեն, ռուսերեն լեզվին պիտի տիրապետես: Ասում եմ՝ լա՛վ, ժամանակին ի վիճակի չեմ եղել անգլերեն սովորել, ուրեմն ի՞նչ, ինձ նմանները չե՞ն կարող աշխատել, եկամուտ վաստակել, երեխա պահել»,- վստահեցնում է Լիանան՝ հավելելով, որ իրենց նման հազարավոր երիտասարդ ընտանիքներ սոցիալապես ծանր վիճակում են, որովհետեւ չեն կարողանում աշխատանք գտնել: «Նորաստեղծ ընտանիք ենք, բայց կրիզիսի առաջ ենք կանգնել, մենք աշխատող ենք, չենք նստի-սպասի, որ մի տեղից եկամուտ գա: Բայց, երբ ամեն օր գնում ես աշխատանք ման գալու ու ոչինչ չի ստացվում՝ էդ ամեն ինչն ազդում է ընտանիքիդ մթնոլորտի վրա: Երբ երեխաս թոքաբորբով հիվանդացավ՝ շատ ընկանք: Ամեն օր հիվանդանոցներում էինք, դեղորայքի գումար չէինք ճարում, էդպես՝ պարտքեր, պարտքեր… Ու լարվում, ճնշվում ենք»,- ասում է նա՝ միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ, եթե Հայաստանից դուրս գնալու հնարավորություն լիներ, անկախ իրենց դժվար կենսապայմաններից՝ չէր ցանկանա մեկնել: «Չէի ուզենա մեր էս դժվար կյանքով ապրել, բայց դրա հետ մեկտեղ՝ չէի փախնի էս խնդիրներից, Հայաստանից դուրս հաստատ չէի գնա: Մի պահ եղավ՝ ամուսինս ուզում էր գնալ, բայց հետո ասեց՝ չեմ կարող ուրիշ երկրում ապրել»,- հավատացնում է Լիանան:

Մեր զրույցի ընթացքում փոքրիկ Արթուրը խոր քնած էր, որովհետեւ քաղցից ամբողջ գիշեր չէր կարողացել քնել։