Ուժեղի դիրքերից

28/03/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցյալ շաբաթ Մոսկվան հերթական անգամ ցույց տվեց, թե իր համար որքան կարեւոր են ԱՊՀ անդամ-երկրների հետ հարաբերությունները: Եվ ստացվեց, որ այնքան էլ կարեւոր չեն:

Վլադիմիր Պուտինը մերժեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպելու առաջարկը: Հանդիպումը հետաձգվել է՝ առանց որեւէ պատճառաբանության: Ավելի ուշ պարզ դարձավ, թե ինչն էր նման վերաբերմունքի պատճառը: Կրեմլին նյարդայնացրել էր այն, որ Յուշչենկոն Մոսկվա էր գործուղել արտգործնախարարի պաշտոնի իր թեկնածուին՝ Վլադիմիր Օգրիզկոյին՝ ստորագրելու «Ռուսաստան-Ուկրաինա 2007-2008թթ.» համաձայնագիրը: Իսկ ուկրաինական խորհրդարանն այդպես էլ Օգրիզկոյին որպես նախարար չէր հաստատել: Յուշչենկոյի գործողությունների մեջ որոշակի արհամարհական վերաբերմունք նկատելով՝ Կրեմլը հանդիպումը մերժելով՝ որոշեց «տեղը դնել» Ուկրաինայի առաջնորդին:

Ալեքսանդր Լուկաշենկոյի բախտն ավելի քիչ բերեց: Նա հանգստանում էր Սոչիում եւ սպասում էր Կրեմլի ազդանշանին, որպեսզի առաջին իսկ կանչի դեպքում մեկնի այնտեղ: Այդպես էլ նրան կանչող չեղավ, եւ նա կարծես թե արդեն վերադարձել է Մինսկ:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նույնպես մերժում է ստացել Պուտինի կողմից: Մերժման պաշտոնական պատճառը նախագահի հարբուխն էր: Ղազախստանի նախագահը միայն երկրորդ փորձից հետո է ընկել Կրեմլ: Հանդիպումն անհաջող է անցել: Պուտինը հետաձգել է ուրանի հարստացման համատեղ կենտրոն ստեղծելու պայմանագրի ստորագրումը, իսկ Նազարբաեւի ինտեգրացիոն նոր առաջարկներն ընդամենն ի գիտություն է ընդունել: Սա, ակնհայտորեն, Ռուսաստանի պատասխանն է Ղազախստանի ակտիվ մասնակցությանը էներգետիկ այն նախագծերում, որտեղ Ռուսաստանին չեն հրավիրել:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դումայում Կառավարական ժամին ելույթի ժամանակ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների վիճակի համար պատասխանատվությունը գցեց վերջիններիս վրա: Նա փաստեց, որ ԱՊՀ-ն չկարողացավ դառնալ ոչ լիարժեք ինտեգրացիոն միավորում, ոչ արդյունավետ միջազգային կազմակերպություն, քանի որ ԱՊՀ երկրներից ոմանք չեն ընդունում դրա գործունեության վերազգային բնույթը: «Այդ երկրներից մի քանիսում իշխանության եկած մարդիկ, հռչակելով բազմակողմ մոտեցում միջազգային խնդիրների նկատմամբ, Ռուսաստանին չեն դիտարկում իբրեւ գլխավոր գերակա ուղղություն իրենց արտաքին կապերի մեջ եւ համապատասխանաբար էլ կառուցում են իրենց քաղաքականությունը»,- հայտարարեց նախարարը:

Լավրովը ճիշտ է, բայց՝ մասամբ, քանի որ Ռուսաստանը որոշ ժամանակից ի վեր ԱՊՀ անդամների հետ հարաբերություններում կառուցողականություն չի դրսեւորում: Նրան զզվեցրել են մի մասի կամակորությունները, մյուսների սպառողական վերաբերմունքը, երրորդների չափազանց անկախությունը եւ չորրորդների գրեթե թշնամական վերաբերմունքը: Ռուսաստանն իրեն բավականին հզոր է զգում, որպեսզի հավասարի իրավունքով խոսի միջազգային հզոր տերությունների հետ: Միանգամայն հնարավոր է, որ նա հիշել է 90-ականների կեսերը, երբ ԱՊՀ-ն իրեն պետք էր՝ սեփական կայացածությունը միջազգային քաղաքական թատերաբեմում ապացուցելու համար: Նա այն ժամանակ ուրիշ ոչինչ չուներ, բայց ԽՍՀՄ-ի նախկին «եղբայրական հանրապետությունները», նրան աջակցելու փոխարեն, գործում էին նրա շահերին հակառակ՝ չխորշելով անգամ դիմել շանտաժի՝ ցանկացած առիթի դեպքում սպառնալով դուրս գալ ԱՊՀ-ից: Ուկրաինան եւ Թուրքմենստանն այդպես էլ չստորագրեցին ԱՊՀ կանոնադրությունը, Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան իրենց խաղն էին վարում՝ իրենց ապրանքները իրացնելու համար օգտագործելով Ռուսաստանի ներքին շուկաները: Ուզբեկստանին պետք եղան Անդիջանի իրադարձությունները, որպեսզի նա նորից նետվի Մոսկվայի գիրկը, Բելառուսը, Հայաստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանն ԱՊՀ-ի կազմում մնալու սեփական շահերն ունեն: Եվ այժմ ԱՊՀ-ն, երեւում է, ավելի շատ պետք է նրա մյուս անդամներին, քան Ռուսաստանին: Այդ պատճառով էլ Աստանայի, երբեմն էլ՝ Մինսկի կողմից նոր ինտեգրացիոն սխեմաների առաջարկները Մոսկվան չի մերժում, բայց նաեւ չի էլ աջակցում դրանց: Դա նրան արդեն պետք չէ: