Թանգարանների մոիտքը կարո՞ղ է անվճոր լինել

10/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Թանգարանների եկամտի աղբյուր կարող են լինել թանգարաններին կից աշխատող կրպակները, որոշ երկրներում նաեւ՝ սրճարանները, սակայն հիմնական եւ կայուն եկամուտ է բերում միայն այցելության տոմսերի վաճառքը։ Մեր Պատկերասրահում եւ Պատմության թանգարանում արդեն մի քանի տարի է, մուտքի տոմսն արժե 800 դրամ, իսկ մինչեւ վերանորոգումը տոմսի արժեքը 100 դրամ էր։ Տոմսերի գինը բարձրացնելով, թանգարանները կանգնեցին փաստի առաջ՝ այցելուների թիվը նվազեց։ 800 դրամը մեծ գումար չէ, եթե համեմատենք Լուվրի տոմսերի գնի հետ, սակայն այդ գումարը ծախսել «ոգու սննդի» համար, երբ բառիս բուն իմաստով` սնվել է պետք, կարող են քչերը։ Ենթադրենք, տարին մեկ կամ երկու անգամ թանգարան այցելեցինք, հերիք է երեւի։ Սակայն չենք կարող վստահ ասել, որ այդ հաճախելիությունը բավարար է դպրոցականներին եւ ուսանողներին։ Շատ բան կարող է աչքից վրիպել մեկ այցելության ընթացքում, հարկավոր է պարբերաբար դիտել եւ ծանոթանալ նմուշներին: Թանգարանները դաստիարակչական եւ կրթական մեծ դեր են կատարում՝ հետագա սերունդներին փոխանցելով պատմական ու մշակութային ժառանգությունը։ Թանգարաններն օգնում են իմանալ, թե ով ենք մենք, ինչպիսի պատմություն ու ինչ վարպետներ ունենք։ Ինչքան էլ խոսվի այն մասին, որ այժմ ամենաժամանակակից ու արագ ինֆորմացիայի փոխանցման միջոցը հեռուստատեսությունն է, պետք չէ մոռանալ, որ հեռուստատեսությունն ինֆորմացիայի պասիվ, միջնորդված աղբյուր է եւ չի կարող փոխարինել արվեստի հետ կենդանի շփմանը։

Կա նման փորձ

Այցելությունը թանգարան երկար է մնում երեխաների հիշողության մեջ։ Թանգարանում քայլում ես ու մտածում։ Որեւէ ստեղծագործության առաջ կարելի է մի պահ կանգնել-քարանալ, երեւակայել, ոգեշնչվել ու հիանալ։ Թանգարաններն իմացությունից եւ մտային հորիզոնները լայնացնելուց բացի` խթանում են ստեղծագործելու ցանկությունը։ «Երեխաներին պետք է թանգարան տանել որքան կարելի է վաղ, նույնիսկ` ավելի վաղ, քան նրանք կսկսեն քայլել»,- ասել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին։ 2004 թվականի սկզբից Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում գործում է վճարման նոր կարգ՝ անկախ քաղաքացիությունից, բոլոր երեխաների, դպրոցականների, ուսանողների եւ թոշակառուների մուտքը թանգարան անվճար է։ Էրմիտաժը՝ հասանելի դառնալով գրեթե բոլորի համար (նաեւ ամսվա մեկ օրը հայտարարված է բաց դռների օր, եւ մուտքն ազատ է բոլորի համար), այցելուների թիվը 2 մլն-ի հասցրեց։ Հայաստանում Պատկերասրահ հիմնականում այցելում են զբոսաշրջիկներն ու դպրոցականները, դահլիճներում շրջող թոշակառուի կամ երեխաներով ընտանիքի չես հանդիպի՝ թանկ է։ Տոմսերի թանկ լինելը ստվերում թողեց ժամանցի եւ տեղեկություն ստանալու այս ձեւը։ Իսկ դպրոցականները, որպես կանոն, թանգարան են գնում ողջ դասարանով՝ կազմակերպված միջոցառման տեսքով, որպես պատմության կամ գրականության դասերի հավելված։ Եվ այստեղ արդեն ծագում է վճարման խնդիրը։ Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի ասելով, իրենք մեծ ցանկություն ունեն երեխաների մուտքն անվճար դարձնել, սակայն այդպիսի հրահանգ չի եղել։ Այժմ Պատկերասրահի եւ Պատմության թանգարանի մուտքը երեխաների համար, առանց էքսկուրսավարի ուղեկցության, արժե 300 դրամ։ «Մեզ մոտ էքսկուրսիան արժե 5000 դրամ, սակայն երբ երեխաների խումբ է գալիս ու չի կարող վճարել, մենք երբեք իրենց ետ չենք ուղարկում, ներքին կարգով էքսկուրսիան ավելի էժան ենք անում՝ 2000 կամ 3000 դրամով»,- ասաց Փ. Միրզոյանը։ Հայտնի չէ, թե երեխաների ծանոթությունն արվեստին ու պատմությանն անվճար դարձնելը ո՞ր նախարարության՝ Մշակույթի՞, թե՞ Կրթության լիազորությունների սահմանում է, սակայն ակնհայտ է, որ գնային փոփոխություններն անհրաժեշտ են։ Մի քանի ամիս առաջ, Պատկերասրահի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն ասաց, որ թանգարանների մուտքն ազատ դարձնելու ծրագիր դեռ չկա։ 2001 թվականին Մեծ Բրիտանիան ստեղծեց այդպիսի ծրագիր, եւ բոլոր 15 ազգային թանգարանների մուտքն ազատ դարձավ բոլորի համար: Բրիտանացիները կարեւորեցին արվեստի միջոցով կրթելու դերը՝ համարելով, որ արվեստի հարցում խտրականություն չպիտի դրվի: Այդ որոշումը կրկնապատկեց այցելուների թիվը, աշխուժացրեց ուսումնական գործընթացն ու բարձրացրեց թանգարանների վարկանիշը:

Մեկ անվճար կիրակի

Քչերը գիտեն, որ ամսվա ընթացքում կա մեկ օր, երբ երեխաների մուտքը Հայաստանի ազգային թանգարաններ ազատ է՝ դա ամեն ամսվա վերջին կիրակին է։ Այդ մասին ոչ մի դպրոցում կամ այլ ուսումնական հաստատությունում չի հայտարարվում ու չի քարոզվում։ Եթե իմանում են՝ գալիս են։ «Մենք ինչի՞ պիտի հայտարարենք, ով իմանում է՝ գալիս ու նախապես գրանցվում է, որ ուզում է թանգարան այցելել: Առանց նախապես գրանցվելու չի լինի»,- ասացին Պատմության թանգարանում։ Թանգարանային աշխատողները հոգնում են երեխաների հոսքից, էլ ի՞նչ կարիք կա ավելորդ անգամ հիշեցնել, որ ազատ օրեր կան, կամ արդյո՞ք հիշեցնելն իրենց գործն է։ Կգան՝ կսպասարկեն, չգան՝ ավելի հանգիստ կլինի։ Երբ երկու բարձրդասարանցի աղջիկ՝ գների մասին տեղեկանալուց հետո, Պատմության թանգարանի մուտքից ետ դարձան, իրենց ոչ ոք անվճար կիրակիի մասին չհուշեց: Իսկ դա շատ զարմանալի ու գովելի փաստ էր՝ երեխաները որոշել էին առանց դպրոցի պարտադրանքի գնալ թանգարան ու շրջել դահլիճներով։ Թանգարանների դռները երեխաների ու ուսանողների առջեւ բաց անելը գուցե կօգնի հաջորդ սերնդին` ավելի կրթված ու հայրենասեր լինել։