ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է

27/03/2007

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը երեկ պարզաբանումներ է ներկայացրել ԱՄՆ Պետդեպարտամենտի` Մարդու իրավունքների մասին զեկույցում Հայաստանի վերաբերյալ ձեւակերպումների առնչությամբ: «ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը խոսել է մեզ եւ Վաշինգտոնի հետ` հստակորեն արտահայտելով զեկույցի շարադրանքի վերաբերյալ իր հիասթափությունը: Մենք հասկանում ենք օգտագործված արտահայտությունների հետ կապված մտահոգությունները, սակայն 2006թ. արդեն հրապարակված զեկույցը փոփոխել չենք կարող: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ: ԱՄՆ-ը շարունակում է պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում: Ինչպես զեկույցի մեջ ներառված հակամարտություններ ունեցող այլ տարածքների մասով, այստեղ էլ զեկույցի կենտրոնական թեման գործունեությունն է մարդու իրավունքների ոլորտում»,- ասված է հայտարարության մեջ:

Չնայած ԱՄՆ դեսպանատան այս հայտարարությանը, երեկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, թե ինքը հավատում է Վարդան Օսկանյանին, քանի որ վերջինիս չհավատալու հիմք չունի: Փաստորեն, դեսպանատան հավաստումը Ղուկասյանի համար եւս հիմք չէ: