Վարչապետի որոշմանը սպասելիս

10/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Համաշխարհային բանկի Առողջապահական համակարգի օպտիմալացման եւ արդիականացման վարկային ծրագրի վերաբերյալ առաջին արձագանքները դրական չեղան: Հենց առաջին իսկ փորձից, որն էր թիվ 1 հիվանդանոցի վերակազմավորումը, լսվեցին դժգոհություններ: Նախ բողոքում էին հիվանդանոցի բժիշկները, որոնք երկար տարիներ աշխատում են հիվանդանոցում, ու թեեւ խոստացվել է, որ նրանցից եւ ոչ մեկը չի կրճատվելու աշխատանքից, բողոքները, միեւնույն է, շարունակվում են: Դժգոհ է նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ղեկավարությունը: Ըստ ԵՊԲՀ ռեկտոր Վիլեն Հակոբյանի, բուհի 68 ամբիոններից տասը տեղակայված են հենց այս հիվանդանոցում, իսկ ուսանողն առանց հիվանդին առնչվելու մասնագետ չի կարող դառնալ: Համաշխարհային բանկի Առողջապահության ԾԻԳ-ն իր հերթին է վրդովված, քանի որ, ըստ գրասենյակի ղեկավար Սերգեյ Խաչատրյանի, իրենք բազմիցս տեղեկացրել են իրենց նախագծերի մասին թե՛ հիվանդանոցի տնօրինությանը, թե՛ ԵՊԲՀ ղեկավարությանը, նաեւ ակնկալել նրանց առաջարկները, բայց այդպես էլ, պատասխան չստանալով, լռությունն ընդունել են որպես համաձայնության նշան: Այժմ ՀԲ ներկայացուցիչներն ու փորձագետներն առաջարկում են ստեղծել բուժհիմնարկների համալսարանական կլինիկաների նոր միավորում, որի մեջ կընդգրկվեն թիվ 1 մանկական հիվանդանոցը, թիվ 1 մեծահասակների հիվանդանոցը, Աչքի կլինիկան եւ Արեշի «Հայք» բուժկենտրոնը: Մեծահասակների հիվանդանոցը վթարային լինելու պատճառով կվերակազմավորվի ադմինիստրատիվ մասնաշենքի, որտեղ նաեւ կտեղակայվեն ԵՊԲՀ հինգ ամբիոններ, իսկ հիվանդանոցի բաժանմունքները կտեղափոխվեն նշված կլինիկաների շենքեր: Ինչ վերաբերում է հիվանդանոցային պայմաններում ուսանողական պրակտիկային, ապա Ս. Խաչատրյանը համոզված է, որ հիվանդներով գերհագեցած եւ կոնստրուկտիվ տեսակետից ապահով հիվանդանոցում մասնագիտանալն, ըստ երեւույթին, ավելի խելամիտ է: Ս. Խաչատրյանը համոզված է, որ հիվանդանոցի աշխատակիցներին թյուրիմացության մեջ են գցում` ասելով, թե հիվանդանոցը սեփականաշնորհվելու է: