Երեկ ժամը 17-ին Երեւանի «Ազատության» հրապարակում նախատեսված էր «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանրահավաքը: Այն կայացավ արտառոց պայմաններում եւ ունեցավ բավականին անսպասելի, յուրօրինակ ու ինքնաբուխ ընթացք: Սակայն ամեն ինչի մասին՝ հերթով:
Դեռեւս մոտ 10 օր առաջ «Այլընտրանքն» օրենքով սահմանված կարգով դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ իրազեկելով մարտի 23-ին, ժամը 17-19-ին «Ազատության» հրապարակում հանրահավաք անցկացնելու իր մտադրության մասին: Քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հանրահավաքն արգելելու մասին որոշում չէր ընդունել, ուստի՝ այդ հանրահավաքի անցկացումը միանգամայն օրինական էր: Եվ որպեսզի «Ազատության» հրապարակում հանրահավաքներն արգելելու հիմք լինի, քաղաքապետարանը որոշել է մինչեւ նախընտրական քարոզարշավի ավարտն ամեն օր այդ հրապարակում ինչ-որ համերգանման բան կազմակերպել երեխաների միջոցով: Նախորդ օրերին այդ միջոցառումների փոխարեն շատ հաճախ պարզապես բարձր ինչ-որ երաժշտություն էր հնչեցվում, ու հատուկենտ անցորդներից շատերն էլ պարզապես, հիշատակելով խլացնող բարձրությամբ երաժշտություն միացնողների հարազատներին, արագ-արագ հեռանում էին տարածքից: Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները՝ թերեւս դժվար չէր գուշակել, որ մարտի 23-ին, ժամը 17:00-ի սահմաններում ինչ-որ ոչ սովորական բան է տեղի ունենալու, քանզի ժամը 16:00-19:00-ը նախատեսված էր քաղաքապետարանի կազմակերպած համերգանման միջոցառումը, իսկ 17:00-ին՝ «Այլընտրանքի» հանրահավաքը՝ նույն վայրում: Այս ամենը հաշվի առնելով, մենք հանրահավաքի սկզբից մոտ 40-45 րոպե շուտ էինք գնացել «Ազատության» հրապարակ՝ այս միջոցառումների «նախապատրաստման» ականատեսը լինելու նպատակով: Երբ տեղ հասանք, թեթեւ անձրեւ էր գալիս, որը շուտով կտրվեց: Անձրեւի կտրվելուց շատ չանցած «Ազատության» հրապարակում տեղադրված բեմում հայտնվեցին մի քանի կիսամերկ երեխաներ ու սկսեցին ոգեւորված երգել, պարել ու ասմունքել հիմնականում իրենց հանդիսատես-ծնողների համար: Անզեն աչքով էլ նկատելի էր, որ շրջակայքում շատ մեծ էր ոստիկանների ու ոստիկանական մեքենաների թիվը: Նրանց մեծ մասը «թաքնված էին» այս կամ այն ծառերի կամ մերձակա սրճարանների կողմերում, այնպես որ, բոլոր ոստիկաններին ու բոլոր մեքենաներին «հայտնաբերել-հաշվելն» ահագին բարդ գործ էր: Համենայնդեպս, մենք շատ չխորացանք ծակուծուկերում ու հաշվեցինք երեւացողներին. մոտ 7-8 տասնյակ ոստիկանական հագուստով եւ կարմիր բերետավոր անձինք ու մոտ երկու տասնյակ ոստիկանական մեքենաներ, ընդ որում, այդ մեքենաներից մի քանիսը լցված էին լրացուցիչ ոստիկանական ուժերով: Շատ չանցած ոստիկաններից շատերը դուրս եկան ծակուծուկերից, սկսեցին այս ու այն կողմ քայլել: Մի պահ նրանց թիվն այնքան շատացավ, որ տպավորություն էր ստեղծվում, թե տարածաշրջանի ամենամարտունակ ոստիկանությունը պատրաստվում է ցուցադրել իր պոտենցիալը: Այնուհետեւ համերգանման միջոցառման հնչյունների ներքո սկսեցին հավաքվել հանրահավաքի մասնակիցները, ոստիկաններից ոմանք էլ հետ քաշվեցին՝ վերադառնալով իրենց տեղերը: Ու ժամը 17:00-ի սահմաններում հենց «Ազատության» հրապարակում, այդ համերգանման միջոցառմանը զուգահեռ, առանց երեխաների երգուպարը խանգարելու, Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի հարեւանությամբ մեկնարկեց «Այլընտրանքի» հանրահավաքը, որը թերեւս ամենաբազմամարդն էր նրանց հանրահավաքների շարքում: Հանրահավաքին մասնակցում էին մոտ 3-3,5 հազար մարդիկ: Ներկա էին ՀՀՇ, «Հանրապետություն», «Նոր Ժամանակներ» եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ (այս անգամ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանն էլ էր եկել): Ելույթ ունեցավ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նկատեց, որ «միայն ձեզ հայտնի ահաբեկչական կազմակերպություններն են, որ պաշտպանվելու համար առաջ են մղում երեխաներին»: «Մենք այսօր այստեղ չենք եկել ի հեճուկս այս երեխաների, մենք այսօր այստեղ ենք եկել հանուն այս երեխաների: Մենք այստեղից՝ հրապարակից, չենք գնալու՝ հանուն այս երեխաների»,- շարունակեց նա: Նա տեղեկացրեց, որ «Այլընտրանքը» պատրաստվում է հանրահավաք անցկացնել նաեւ մարտի 30-ին, կրկին «Ազատության» հրապարակում: Քաղաքապետարանն արգելել է այդ հանրահավաքը, սակայն «Այլընտրանքը» մտադիր է դատարանում վիճարկել այդ որոշումը: Ն. Փաշինյանը չբացառեց, որ հանրության հետ շփումը նորմալ պայմաններում անցկացնելու համար հանրահավաքն անցկացնեն Մատենադարանի հարակից հրապարակում (բարձր երաժշտությունը խանգարում էր): Նշվեց, որ ասելու շատ բան կա, եւ մարտի 30-ին խոսելու են առաջիկա 1-2 ամիսների անելիքների մասին: Ելույթ ունեցան Պետրոս Մակեյանը, Վահագն Խաչատրյանը ու նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Մարտի 30-ի հանրահավաքից հետո խոսքի ազատության պահանջով նախատեսված է նաեւ երթ՝ դեպի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի շենք: Հանրահավաքը եզրափակվեց յուրօրինակ ձեւով. հանրահավաքի մասնակիցները շրջան կատարեցին «Ազատության» հրապարակով եւ ծափահարեցին այն մանուկներին, ովքեր անձրեւոտ ու ցուրտ եղանակին կիսամերկ համերգ էին տալիս բացօթյա բեմի վրա: Ու թեեւ հանրահավաքը փակված էր հայտարարվել, դրա մոտ 500 մասնակիցներ «ազատություն» եւ «իմպիչմենտ» վանկարկելով Թումանյան, այնուհետեւ Աբովյան փողոցի մայթերով երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Այս չնախատեսված ու ինքնաբուխ երթի ընթացքում ցուցարարների կողքով քայլում էին ոստիկանները: Միջադեպեր չեղան: