Բազեյանը մանեւրում է

27/03/2007

Կուսակցությունների համամասնական ցուցակների հրապարակումից հետո կարծիքներ հնչեցին, թե «Բարգավաճ Հայաստանի» ցուցակի կազմման գործում «խառն է» ՀՀ նախագահի աշխատակազմը: Նաեւ նշվում էր, թե մի քանի այլ իշխանամետ կուսակցությունների ցուցակները կազմելու գործում «հեղինակային իրավունքը» եւս պատկանում է նախագահականին: Նրանց է պատկանում նաեւ մի քանի ընդդիմադիր կուսակցությունների հետ նախընտրական պայմանավորվածություններ ձեռք բերելու նախաձեռնությունը: Իսկ օրերս քաղաքական շրջանակներում սկսեցին խոսել այն մասին, որ ՀԺԿ-ի համամասնական ցուցակի շատ բարձր` 2-րդ հորիզոնականում ոչ ՀԺԿ-ական, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի հայտնվելը նույնպես ՀՀ նախագահի աշխատակազմի եւ ՀԺԿ-ի միջեւ եղած պայմանավորվածությունների ու նախագահականի կողմից առաջադրված նախապայմանների տիրույթում է գտնվում: Սակայն, երբ խոսք է գնում ՀԺԿ-ի եւ իշխանության մեջ եղած պայմանավորվածությունների մասին, Բազեյանը պատասխանում է, որ եթե փաստերով հաստատվեն ՀԺԿ-ի մասին կասկածները, ապա նա կվերանայի իր մասնակցությունը ՀԺԿ ցուցակում: Իրականում նա մանեւրում է՝ չայրելով ետ գնալու կամուրջները: