Նա հավատում է Օսկանյանին

27/03/2007

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում երեկ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբիի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին առնչվող հարցեր: Արկադի Ղուկասյանը վերահաստատել է ղարաբաղյան կողմի դիրքորոշումը, ըստ որի, առանց բանակցային գործընթացին ԼՂՀ լիիրավ մասնակցության եւ կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի առկայության՝ անհնար է հասնել հիմնախնդրի լիարժեք եւ վերջնական կարգավորմանը: ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների զեկույցում տեղ գտած ձեւակերպումներն էլ Ա. Ղուկասյանն անտրամաբանական է համարել: Նա եւս դա բացահայտ սխալ է համարել՝ նշելով, որ հիմք չունի չհավատալու ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին: Պետեր Սեմնեբին ԵՄ անունից պատրաստակամություն է հայտնել առավել ակտիվ աջակցել հակամարտության բոլոր կողմերին՝ փոխզիջումային լուծման հասնելու եւ հակամարտության հետեւանքները հաղթահարելու գործում: Սեմնեբին ասել է, թե մայիսի 12-ին ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների պատճառով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կտրուկ փոփոխություններ չեն ակնկալվում, քանի որ բանակցությունները նվազ ակտիվ կընթանան: Ըստ Սեմնեբիի, ընտրություններից հետո բանակցությունները կակտիվանան, եւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսանան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քննարկումների համար: