ՀՅԴ-ն կողմ է, ՀԺԿ-ն՝ ո՞չ

27/03/2007

ԱԺ երեկվա ճեպազրույցում ՀԺԿ պատգամավոր Ստեփան Զաքարյանը հայտարարեց, որ իրենք դեմ են ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանի` ընդդիմադիր միասնական շտաբ ստեղծելու մասին առաջարկին. «Մենք սկզբունքորեն դեմ չենք, եթե մեզ ցույց տան, թե այդ մարմինը կոնկրետ ինչ գործառույթներ պետք է կատարի, որ կուսակցությունները չեն կարող: Ես կարծում եմ` ընդդիմադիր կուսակցությունները պետք է համագործակցեն հանձնաժողովի իրենց անդամներով, վստահված անձանցով»,- ասել է Ս. Զաքարյանը: Նա նաեւ նշեց, թե այս անգամ ՀԺԿ-ն շատ ավելի լավատես է ընտրությունները չկեղծելու հարցում, որովհետեւ առաջին անգամն է, որ իրենք հանձնաժողովի անդամներ ունեն: «Երբ ընդդիմությունը դաշինքով էր, ավելի փոքր կուսակցությունները հույսը դնում էին ավելի մեծերի վրա եւ ակտիվ չէին աշխատում, իսկ այսօր ստիպված են իսկապես աշխատել»,- ասաց նա: Իսկ հարցին, թե ՀԺԿ-ն կպաշտպանի՞ ընդդիմադիր, ասենք՝ ՀՀՇ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, Ս. Զաքարյանը պատասխանել է, թե երբ իրենց ընդդիմադիր համարող ուժերը պայքարում են ՀԺԿ-ի դեմ միջոցների մեջ խտրականություն չդնելով, ապա տարօրինակ է դառնում, թե ինչու պետք է ՀԺԿ-ն «մեծահոգի» գտնվի ու պաշտպանի այդ ուժերի ներկայացուցիչներին: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը նշեց, թե միասնական շտաբ ստեղծելու գաղափարի մասին պետք է ոչ միայն խոսել, այլեւ իրական քայլեր ձեռնարկել: «ՀՅԴ-ն անցած ընտրությունների ժամանակ էլ նման բան հայտարարել էր, բայց այդ մեխանիզմը չստեղծվեց: Ընդդիմության կողմից նման առաջարկը ողջունելի է, բայց լավ կլինի, որ դրանում ներգրավվեն բոլոր քաղաքական ուժերը»,- ասել է նա: