Ոչ թե պատերազմ, այլ մրցակցություն

27/03/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«ԱրմենՏելի» սեփականատեր «ՎիմպելԿոմ» ընկերության ղեկավար անձնակազմը եւ ԱՊՀ երկրներում ընկերության տնօրենները տարին երկու անգամ հավաքվում են եւ քննարկում իրենց անելիքները։ Այս անգամ որպես հանդիպման վայր ընտրվել էր Ծաղկաձորը։

«ՎիմպելԿոմի» գործադիր փոխտնօրեն Սերգեյ Ավդեեւի խոսքերով, ժողովի նպատակն է՝ հասկանալ՝ ի՞նչ է կատարվում յուրաքանչյուր երկրում, ինչպե՞ս կարելի է լավագույնս համագործակցել գլխավոր գրասենյակի հետ, գնահատել միտումները եւ մշակել ընդհանուր որոշումներ։ Այլ կերպ ասած՝ ճշգրտել ժամացույցները, քանի որ ընկերությունը ԱՊՀ տարածքում կառուցում է միասնական «Բիլայն» ցանց։

Քննարկման կարեւոր թեմաներից մեկն, այսպես կոչված, կոնվերգենցիոն համակարգի ներդրումն է։ Որքանով մենք հասկացանք, դա ֆիքսված եւ բջջային համարների միացումն է։ Դա նորույթ է, եւ առաջին անգամ այն կիրառում են Հայաստանի բջջային ցանցում։ «ՎիմպելԿոմի» ներկայացուցիչները հավաստում են, որ բաժանորդի համար՝ թե՛ կապից օգտվելու, թե՛ սակագնի տեսակետից այն ավելի հարմար կլինի։

«ԱրմենՏել» բրենդը պահպանվելո՞ւ է, թե՞ նրան կփոխարինի «Բիլայնը»։ Այս հարցի հստակ պատասխանը դեռ չկա։ «ԱրմենՏել» անունը, մեղմ ասած, լավ չի ընկալվում բնակչության շրջանում։ Այս մասին գիտեն նաեւ «ՎիմպելԿոմում»։ «Բջջային կապում, վաղ թե ուշ, լինելու է «Բիլայն» ապրանքանիշը։ Ֆիքսված կապի ոլորտում «ԱրմենՏել» բրենդն, ամենայն հավանականությամբ, կպահպանվի, քանի որ այն բավական ուժեղ դիրքեր ունի, պարզապես պետք է փոխել իմիջը, ապացուցել, որ այն կարող է որակյալ ծառայություններ մատուցել»,- գտնում է Ս. Ավդեեւը։

Իսկ «ԱրմենՏելի» տնօրեն Օլեգ Բլիզնյուկը համոզված է, որ գոնե ֆիքսված կապի ոլորտում «ԱրմենՏել» անունը պետք է պահպանել, քանի որ այն դարձել է ազգային բրենդ։

Ս. Ավդեեւի խոսքերով՝ միակ մրցակցի՝ «ՎիվաՍելլի» հետ, իրենք նորմալ, մրցակցային հարաբերություններ ունեն. «Մենք մրցակցությանը վերաբերվում ենք ոչ թե որպես պատերազմի, այլ որպես մրցության։ Հաղթում է նա, ով ավելի արագ է վազում, բարձր է թռնում… Էթիկայի կանոններին հակասող որեւէ քայլ մեզնից սպասել պետք չէ»։ «ՎիմպելԿոմի» փոխտնօրենը նաեւ նշեց, որ հնարավոր է՝ իրենք համագործակցեն, օրինակ՝ համատեղ շահագործեն բջջային կապի աշտարակները։

Մեր դիտարկման հետ, թե դա կարող է նմանվել մոնոպոլիայի, Ս. Ավդեեւը համաձայն չէ։ Նա վկայակոչեց այլ երկրներում իրենց փորձը, որտեղ տարբեր օպերատորները մրցակցում են եւ, միեւնույն ժամանակ, աշտարակները համատեղ են օգտագործում՝ դա շատ ավելի էժան է, եւ, վերջին հաշվով, շահում է բաժանորդը։

Դժվար է ասել, զուգադիպությո՞ւն էր, որ նույն օրը՝ մարտի 22-ին, ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «ՎիմպելԿոմին» վաճառել «ԱրմենՏելի» իր 10% բաժնեմասը։ Պրն Ավդեեւն այդ մասին իմացավ հենց լրագրողներից (համենայնդեպս, այդպես ցույց տվեց)։ «Ես այդ մասին չգիտեի, ուրախ եմ, որ այդ որոշումն ընդունվել է»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նախնական պայմանավորվածություն կար. «ՎիմպելԿոմը» հրաժարվում է իր մենաշնորհներից, ինչի դիմաց կառավարությունը վաճառում է իր 10%-ը։ «Մենք հրաժարվեցինք մենաշնորհներից»,- ասաց պրն Ավդեեւը։ Հուսանք, որ մնացած հարցերում էլ «ՎիմպելԿոմն» իր ասածները կանի, եւ այս ընկերության նկատմամբ չի առաջանա այնպիսի «ջերմ» վերաբերմունք, ինչպիսին կար նախկին սեփականատիրոջ՝ OTE-ի նկատմամբ։