«Ժողովրդի ընտրությանն այսօր չեմ հավատում»

27/03/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Մեր հասարակությունն իր ցանկություններով եւ հնարավորություններով հիշեցնում է արդեն տարիքն առած տղամարդու, որը երազում տեսնում է իր իդեալին` շիկահեր կամ, ըստ ճաշակի, սեւամորթ մի գեղեցկուհու, բայց առավոտյան արթնանում է իր` լաչառ, խելքը կորցրած կնոջ կողքին»: Հատկապես հայկական ընտանիքներին բնորոշ այս գողտրիկ համեմատության հեղինակը «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հ/կ ղեկավար, ԵՊՀ դասախոս Տիգրան Հակոբյանն է: Նրա համոզմամբ` նույն վիճակում է նաեւ մեր հասարակությունը. «Մարդիկ իրենց տեսլականներում պատկերացնում են պատգամավորի մի իդեալական տեսակ` ազնիվ, խելացի, իր աշխատանքին, երկրին նվիրված, գաղափարներով տոգորված, ձգտում են արդարությանը, բարեկեցությանը, սակայն իրականում գնում եւ մեծամասամբ ընտրում են այդ գործունեության համար անպիտան տեսակին»: Չքնաղ «բլանդինկային» երազելու, սակայն կյանքը լաչառ կնոջ հարեւանությամբ անցկացնելու սինդրոմը պարոն Հակոբյանը պայմանավորում է նրանով, որ նվաճելով անկախ պետականություն, Ղարաբաղյան պատերազմում հաղթելով, սակայն հաղթանակի, անկախության պտուղները չտեսնելով, ժողովուրդը նախընտրեց պրագմատիկ մոտեցումը` ի՞նչ կտա իմ ձայնի դիմաց տվյալ կուսակցությունը կամ անհատը. « Եվ ոչ թե՝ ինչ կտա երկրին, տնտեսությանը, իմ երեխայի ապագային, այլ՝ թե ի՞նչ կտա ինձ այսօր` լինի դա փող, «կռիշ», տատիկիս հոգեհացի սեղանի համար մեկ արկղ օղի, կամ գոնե մի համերգ` իր սալյուտային թաշախուստով»: Սակայն եթե ընտրողի համար իր ձայնն այսինչի օգտին տալու համար անվիճարկելի հիմնավորում է, օրինակ, իր տատիկի հոգեհանգստի սեղանի մեկ արկղ օղին, ապա ինչո՞ւ չտալ. տվյալ դեպքում` առաջա՞րկն է ձեւավորում պահանջարկը, թե՞ հակառակը: «Հավի եւ ձվի հայտնի դիլեմայի պես մի բան է. բայց կարծում եմ, առաջարկն է ձեւավորում պահանջարկը, որովհետեւ այս վիճակի համար նախեւառաջ պատասխանատու է իշխանությունը, որն օտարեց ժողովրդից եւ՛ հաղթանակները, եւ՛ արժանապատվությունը: Համոզված եմ, եթե պետական քարոզչամեքենան ամիսներ շարունակ կրկնի, որ Հայաստանի համար նախապատվելին քարե դարն է, ապա մարդկանց մի մեծ զանգված կհավատա, որ քարե դարը հենց այն է, ինչ մեզ այնքան պակասում էր: Եվ իշխանական քարոզչամեքենան եւ այսօրվա ընդդիմության մեծ մասը հաղթանակի եւ հպարտության շատ կարճ տեւած էպոխան նենգորեն անվանակոչեց «մթի, ցրտի եւ թալանի տարիներ», եւ քանդեցին այն արժեքային համակարգը, որում սկսում էր ապրել երկրի քաղաքացին»:

Իսկ «երկրի քաղաքացին» ընտրակաշառքի բազում տարբերակներից նախապատվությունն, այնուամենայնիվ, տալիս է կանխիկ փողին: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ այսօր ամենապարզունակ, սակայն իրեն ամենաարդարացնող ընտրագործիքն, ամեն դեպքում, մնում է փողը: Ըստ պարոն Հակոբյանի` փողը շատ հին գործիք է: Իսկ նոր գործիքներից է` ավելի շատ փողը, էլ ավելի մեծ ադմինիստրատիվ ռեսուրսը, ընտրակեղծիքների մեջ ներգրավված ավելի շատ քաղաքացիները: Մնացածը` այդ գործիքները լեգալացնելու հնարքներն են. տափակ համերգները, հրավառությունները, այսպես կոչված՝ «ագիտացիոն նյութերը»:

«Այսինքն, հանրության հետ շփվելու գործիքաշարքի առումով եւս ոչ մի նորամուծություն չկա. «Գաղափարները» մնում են նույնը` «մենք գալիս ենք ձեր մատի փուշը հանելու»: Եվ միայն: Որեւէ հոդաբաշխ արտահայտված ծրագիր չենք լսում: Նախեւառաջ պետք է ձեւավորվի քաղաքական կամք ունեցող ուժ, որը կկարողանա ռադիկալ մեթոդներով վերափոխել այն, ինչ ունենք: Ներքեւից, այսինքն` այս հասարակությունից, ես հեղափոխական գործողություններ չեմ ակնկալում: Նույնիսկ մտավախություն ունեմ, որ ժողովրդի հեղափոխական գործողությունները չեն բերի ակնկալված արդյունքին: Եթե այսօր լսես ժողովրդի ձայնը, թողնես ժողովրդի ազատ ընտրության վրա, ապա շատ հնարավոր է, որ ՀՀ նախագահ, իշխան, թագավոր կամ «պախան» կարգվի Տիգրան Կարապետիչի պես մեկը: Ժողովրդի ընտրությանը ես այսօր չեմ վստահում: Ինձ կարող են մեղադրել հակաժողովրդական մտածելակերպի մեջ, բայց, կրկնում եմ, այսօրվա հասարակության հակումներն ինձ թույլ չեն տալիս մտածել, որ ժողովրդի կողմից ազատ ընտրություններում ձեւավորված իշխանությունը կբերի արմատական փոփոխությունների»:

Անկախ համամասնական ցուցակներում ընդգրկված, հաճախ` իրարամերժ դեմքերի առատությամբ, ընտրողների համար այդ ցուցակները մնում են մեկ մարդու կուսակցություն: Եվ ընտրությունն արվելու է ոչ թե կուսակցության, այլ անհատի օգտին: Մեր այս դիտարկմանը պարոն Հակոբյանը համաձայնեց. «Այո, այսօր ոչ թե գաղափարի, ապագայի ձեւաչափի ընտրություն է, այլ անձերի մրցակցություն, որոնք սեփական ամբիցիաները բավարարելու, իշխանական կերակրատաշտին մոտ մնալու համար ընտրությունների միջոցով փչացնում են հասարակությունը: Չէ՞ որ ընտրական գործընթացներում ներգրավված է մեր բնակչության բավականին զգալի տոկոսը` եւ մեծամասամբ կրթված հատվածը: Եվ նրանց, ավելի ճիշտ՝ մեզ բոլորիս, «իջեցնելու են»` 100 դոլարով, մի փոր հացով, դատարկ խոստումով կամ սպառնալիքով: Դա համազգային աղետ է»: Այստեղ պարոն Հակոբյանի դեմքին թախիծ իջավ: Նա, հավանաբար, վերհիշեց իր ուսուցիչներին, որոնց վարքը թույլ էր տալիս պնդել, որ նրանք երբեք հաց չեն ուտում, ներեցեք, զուգարան չեն գնում: Իսկ այսօ՞ր. «Վերցնենք ամենակարեւոր սոցիալական շերտը` ուսուցչին, վարժապետին: Մեր տարբեր տրամաչափի իշխանավորներն ուսուցիչներին անբարո կանանց տեղ դնելով` տոնից տոն քարշ են տալիս ռեստորանից ռեստորան եւ չալաղաջ են պատիվ տալիս: Այդ օրն ուսուցիչները գեղեցիկ հագնվում են, մազերը ֆենում են եւ ուրախ-զվարթ գնում են «քեֆ անելու»` ժամանակին դպրոցը հազիվ ավարտած կիսագրագետ իշխանավորների հետ: Եվ չեն ասում` ստո՛պ, պարոնայք, այդ փողերով ջեռուցման համակարգ դրեք, մի երկու համակարգիչ գնեք դպրոցի համար: Վերեւից պարտադրում են, ներքեւից չեն ընդվզում…: Իսկ միառժամանակ հետո նույն «հաց տվողները» զարմանքով ասում են` ի՞նչ եք ուզում, հասարակությունն է փչացած: Ուրեմն վերեւից ոչ ոք չպետք է ուսուցչին չալաղաջ պատիվ տա, չպիտի կաշառի այս երկրի քաղաքացուն՝ նրան ներգրավելով ընտրակեղծիքների փչացած համակարգի մեջ»:

Պարոն Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ զրույցի ընթացքում այդպես էլ չարտաբերեց «ընդդիմություն» եզրը. «Իսկ ես ասացի, չէ՞, որ այդ ընդդիմությունն էր «ցրտին եւ թալանին» նվիրված երգի կատարման ժամանակ դամը պահում: Իշխանության գան, նրա՞նք ուսուցչին «օբյեկտներում» պատիվ տան: Է, ի՞նչ տարբերություն»:

Զրույցի վերջում Տիգրան Հակոբյանն այնքան էլ տեղին չհամարեց Հայաստանում խոսել գրագետ քաղաքական գովազդի կամ ընտրագործիքների քաղաքակիրթ կիրառման մասին. «Մեզ մոտ նախընտրական տեխնոլոգիաները եւ ռեկլամային նյութերի առատությունը նույնացվում են: Տեսեք, տոնվեց բանակի 15-ամյակը, որն ուներ իր հստակ նպատակը` փառաբանել Սերժ Սարգսյանին: Բանակը չմեծարվեց: Ուշադրություն դարձրեք քաղաքի մեծ պաստառների վրա, որոնք նվիրված են բանակի 15-ամյակին` «Իմ զենքը իմ ժպիտն է, իմ հմայքն է, իմ երգն է….», ավետում են համակրելի, ժպտերես դեմքերը: Այդ երբվանի՞ց են երգ ու պարով հողեր ազատագրում: Չտեսանք այդ պաստառներին հպարտ զինվորի, իմաստուն գյուղացու, հմուտ բանվորի, պատերազմում հաշմանդամ դարձած ազատամարտիկի կամ որդուն կորցրած ծնողի պատկերները: Իհարկե, ֆոտոգենիկ չեն: Պաստառների ընտրած ձեւը գեղեցիկ էր, բովանդակությունը՝ փտած: Ընտրվեցին շոու-բիզնեսի հաջողակ դեմքերը: Որպես մեր օրերի հերոսներ՝ արտադրողին, կռվողին, բարիք ստեղծողին, հանուն երկրի զրկանքներ տանողին փոխարինեցին բարիքների սպառողները: Դերասանությամբ, դուդուկով կամ ժպիտով պետություն չեն պահում, եւ, եթե խորն ես նայում, դա մեր բանակին ձեռք առնել է, դա մեր քաղաքական վերնախավի մտածելակերպն է: Սա ցույց է տալիս այս պաստառները պատվիրողների գաղափարական փտածությունը: Այս երկրի նպատակները մի կողմ են դրել եւ իրենց շրջապատել են զուռնա-դհոլով: Եվ ընտրություններն էլ սրա պես զուռնա-դհոլ է լինելու. մեզ մատուցելու են դատարկ շոուներ, իսկ հետո նկարելու են եւ ցույց են տալու այդ նկարները: Մենք էլ նորից մարսելու ենք: Սա մեռած հասարակություն է»: