Կարգավիճակի տրամադրում՝ առանց նախապայմանների

27/03/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ժնեւում վերջերս կայացած բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի` ԼՂՀ-ի հարակից շրջաններից հայկական զորքերի դուրսբերման եւ չճանաչված երկրի համար միջանկյալ կարգավիճակի որոշման մասին հայտարարությունը քննարկումների առարկա դարձավ հանրապետության մի քանի ԶԼՄ-ներում, որոնք քաղաքական ուժերից փորձում էին միջանկյալ կարգավիճակի մասին մեկնաբանություններ ստանալ:

ԱԺ պատգամավոր, «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ Գագիկ Պետրոսյանը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները փակուղի են մտել, եւ վերջին շրջանում միջնորդների փորձերը` ԼՂՀ-ն ներգրավել բանակցություններում, ըստ պատգամավորի, երկու պատճառ ունեն` կամ միջնորդները փորձում են ԼՂՀ ձեռքով ձախողել 1997-ից սկսած բանակցային գործընթացը, կամ էլ գիտակցում են, որ առանց ԼՂՀ-ի անհնար է համաձայնության գալ: Նա վստահ է, որ միջնորդները եւ, առաջին հերթին` Ադրբեջանը պետք է ելնեն իրականությունից եւ ճանաչեն դե ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը: «Միջնորդներին կառաջարկեի միջանկյալ կարգավիճակը որոշել առանց նախապայմանների, եւ հետո միայն փոխել բանակցությունների ձեւաչափը, որում ՀՀ-ն, Ադրբեջանը եւ ԼՂՀ-ն կդառնան իրավահավասար մասնակիցներ: Կարծում եմ, դա հակամարտության արագ կարգավորման ամենաօպտիմալ տարբերակն է: Առանց ԼՂՀ-ի միջանկյալ կարգավիճակի որոշման` անընդունելի է բանակցությունների նախկին ձեւաչափում ներգրավել ԼՂՀ-ին»,- ասում է Գ. Պետրոսյանը: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը գտնում է, որ զիջումների հաշվին ԼՂՀ-ին միջանկյալ կարգավիճակի տրամադրումն անիմաստ է: Նա նաեւ նշեց, որ ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացում քննարկվող տարբերակները հեռու են կուսակցության պատկերացումներից ու մոտեցումներից:

Իսկ ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը գտնում է, որ բանակցություններին մասնակցելու համար հասարակական վստահություն է անհրաժեշտ: Դժվարանալով Մերզլյակովի հայտարարությանը որեւէ գնահատական տալ, Վ. Աթանեսյանը, նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած պաշտոնական հաղորդագրությունն այդ հանդիպման մասին, հայտնեց այն կարծիքը, որ ռուսաստանցի համանախագահը պարզապես կազմակերպել է տեղեկատվական արտահոսք, փորձելով, ամենայն հավանականությամբ, շոշափել կողմերի քաղաքական ուժերի կամ հասարակությունների վերաբերմունքը:

Նա գտնում է, որ սխալ է այն տպավորությունը, թե բանակցային գործընթացում էական ոչ մի հարց չի քննարկվում: «Եթե արտգործնախարարները քննարկում են, իրենց ասած, 2-րդ շերտի խնդիրներ` պետք է ենթադրել, որ սկզբունքների շուրջ իրականում եթե ոչ 100 տոկոսանոց, ապա, առնվազն հիմնական սկզբունքների շուրջ, կողմերն արտգործնախարարների մակարդակով մոտենում են ընդհանուր հայտարարի: Իսկ սա խոսում է այն մասին, որ ընթանում են լրջագույն բանակցություններ, որոնք կարող են բախտորոշ լինել եւ կարող են ունենալ այնպիսի դրսեւորումներ, որոնց մասին ակնարկում է ռուսաստանցի համանախագահը: Կտրուկ շեշտադրել, թե դրակա՞ն է արդյոք դա ԼՂ-ի համար, թե՞ բացասական, կարծում եմ, հարցի պատասխանը պետք է տա ամբողջ հասարակությունը, քաղաքական ամբողջ դաշտը: Այս առումով պետք է պատրաստ լինենք լուրջ բանավեճերի եւ քննարկումների, որոնք մեզ կհանգեցնեն մի գլխավոր հարցադրման` մենք պատրա՞ստ ենք գնալ խնդրի կարգավորման, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանն ունենալուց հետո կարելի է իհարկե անդրադառնալ այն նրբերանգներին, որոնց մասին ոչ ուղղակի, բայց հասկացնել է տալիս ռուսաստանցի համանախագահը»,- նշեց Վ. Աթանեսյանը, ավելացնելով, որ որեւէ քաղաքական ուժ, գործիչ չի կարող ստանձնել կարգավորման համար իր երկրի ամբողջ պատասխանատվությունը, եթե չունենա հասարակության վստահության լիմիտը, որը կարող է ձեւավորվել այն ժամանակ, երբ բոլոր տարբերակները բաց բանավեճի ճանապարհով հնարավոր կլինի քննարկել եւ հանգել մի այնպիսի ընդհանուր եզրակացության, ինչն ընդունելի կլինի հասարակության մեծամասնության կողմից: Իսկ Ղարաբաղի բնակիչների մի մասն այլ կարծիք ունի, մի զգալի մասն էլ տեղյակ չէ քննարկվող կամ համանախագահների կողմից հնչեցվող տարբերակների մասին: Ոմանք նշում են, որ վաղուց է որոշված ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը, եւ «նույն հարցով երկրորդ անգամ հանրաքվեի անցկացումը պարզապես անիմաստ է», չնայած համոզված են, որ նույն բանը կհաստատվի նաեւ երկրորդ անգամ: Այն, որ ԼՂՀ-ի բնակիչները կտրականապես դեմ են ազատագրված տարածքների հանձնմանը եւ ադրբեջանցի փախստականների վերադարձին, ակնհայտ է, քանի որ նրանց համար այդ տարածքներն անվտանգություն են եւ կյանք: Տարբեր սոցհարցումների արդյունքները նույնպես դա են արձանագրել: Շատերը դեմ են նաեւ այդ տարածքներից հայկական զորքերի դուրսբերմանը, քանի որ իրենց անվտանգության երաշխավոր համարում են միայն այդ զորքերին: Բնակիչների հետ զրույցի ժամանակ շատերը դժգոհում են, որ «իրենց ճակատագիրը փորձում են տնօրինել ուրիշները եւ նույնիսկ իրենց իրավունք են վերապահում նաեւ ինչ-որ հայտարարություններ անել»: