Երեկ Երեւանի Հյուսիսային պողոտայում, քաղաքապետարանի նորակառույց շենքի դիմաց տեղի ունեցավ «Մոսկվայի տան» բացման հանդիսավոր արարողությունը, որի հիմնաքարը դրվել էր դեռեւս 2005թ. հոկտեմբերի 8-ին:
Երկու մայրաքաղաքների միջեւ 2003թ. ստորագրված համագործակցության արդյունքում կառուցված այս գիտական-մշակութային կենտրոնի բացման առթիվ Հայաստան էր ժամանել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը: Նա իր ելույթում անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջեւ առկա ջերմ ու սերտ կապերին, նկատեց, որ Երեւանում «Մոսկվայի տունը» խորհրդանիշ է ոչ միայն ռազմավարական համագործակցության, այլ հիանալի հիմք է նոր հարաբերությունների եւ նոր սկզբունքների իրագործման ճանապարհին: «Այսօր մենք ձեզ հետ ականատեսն ենք երկու քաղաքների եւ պետությունների համագործակցության նյութական մարմնավորմանը: Այն կօգնի նաեւ երկու երկրների մշակութային կապերի ամրապնդմանը, որն անհրաժեշտ է մեր երկու ժողովուրդներին»,- նշեց Մոսկվայի քաղաքապետը եւ հիշարժան օրվա առթիվ ոսկե բանալի հանձնեց Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին, որն էլ իր հերթին խոստացավ, որ Մոսկվայից բերված նվերն իր արժանի տեղը կգտնի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Երեւանի Պատմության թանգարանում: Ինչպես նշեց Ե. Զախարյանը, թանգարանի ցուցադրական մասի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 2-3-ը: Շենքի բացման հանդիսավոր արարողությունից հետո նոր շահագործված շենքի դահլիճում տեղի ունեցավ նաեւ Յու. Լուժկովի «Պատմության վերակերտումը. Մարդկությունը 21-րդ դարում եւ Ռուսաստանի ապագան» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: «Մոսկվայի տան» պաշտոնական բացման արարողությանը ներկա էին նաեւ Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը եւ այլք:
Երեւանում «Մոսկվայի տան» շենքի ճարտարապետն է Լեւոն Վարդանյանը: Շենքի կառուցման համար ծախսվել է 10մլն դոլար, որը տրամադրել է Մոսկվայի կառավարությունը:
Մարտի 24-ին Մոսկվա կմեկնի Երեւանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը, որտեղ կմասնակցի Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ծրագրային համագործակցության եւս մի խոշոր նախագծի` «Երեւան» առեւտրի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: «Հայաստանի կողմից կառուցված առեւտրի կենտրոնը Մոսկվայում գտնվող խոշորագույն առեւտրի կենտրոններից մեկն է եւ կնպաստի երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալների աճին. Հայաստանում արտադրված ապրանքները պահանջարկ ունեն մոսկվացիների շրջանում»,- ասաց Յու. Լուժկովը: