Մրցախաղը կլինի Օպերայում

23/03/2007

Մայիսի 4-6-ը Երեւանում կայանալիք Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ մրցախաղը, թերեւս, տեղի կունենա Օպերային թատրոնում: Այս մասին «Շախմատային Հայաստան» հանդեսին տված հարցազրույցում ասել է ՀՀ շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Վերջինիս հավաստմամբ, բեմի երկու կողմերում խոշոր ցուցապաստառների վրա անմիջականորեն կվերարտադրվեն գրոսմայստերների կատարած քայլերը: Բացի այդ, ցուցատախտակներ կտեղադրվեն նաեւ ճեմասրահներում: Ս. Սարգսյանը չի բացառել, որ «Հ1»-ն օրվա ընթացքում մի քանի անգամ անմիջական միացումներով կանդրադառնա խաղի ընթացքին: