Մոտոցիկլետների ինտերնացիոնալ բիզնեսը Հայաստանում

10/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Անհարմար վիճակ

«Avant Moto» մոտոցիկլետների վաճառքի սրահ այցելեցինք այն պահին, երբ Հարկային տեսչության աշխատակիցներն ինչ-որ բան էին փորձում համոզել աշխատակցին: Մինչ մենք քիչ հեռու կանգնած ուսումնասիրում էինք սրահում ցուցադրված երկաթե նժույգները, խանութի տերն ու Հարկայինի աշխատակիցները երկար-բարակ ինչ-որ բան էին քննարկում: Հարկայինի աշխատակիցները, ուշադրություն չդարձնելով անգամ լրագրողների ներկայությանը, լսվում էր, որ համոզում էին եւս մի աշխատակից խանութում ընդունել աշխատանքի, թե չէ՝ տուգանք կգրեն: Իսկ խանութի աշխատակիցը կրկնում էր նույն խոսքը. «Ինչի՞ համար, ես խախտում չեմ արել»:

Մոտոցիկլետներ՝ 700-5000 դոլարով

Նախ խանութի աշխատողից տեղեկացանք, որ ճապոնական ծագումով մոտոցիկլետների մասերը հավաքվում են Իրանում: Ունեն բարձր տեխնիկական ցուցանիշներ՝ աշխատում են նոր սերնդի չորս տակտանի շարժիչներով, այսինքն՝ բենզինի հետ յուղ չի խառնվում եւ, հետեւաբար, էկոլոգիապես ավելի մաքուր են, ավելի դիմացկուն, ապահով եւ խնայողական են: 100 կմ տարածություն հաղթահարելու համար ծախսում են 2-2,5 լիտր բենզին: «Ավանտ Մոտո» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել մոտոցիկլետների իրանական եւ մոտոաքսեսուարների ֆրանսիական ու բելգիական գործարանների հետ: Սաղավարտները, բաճկոնները, ձեռնոցները, կոշիկները եւ այլ աքսեսուարներն իրենց հայրենիքում անցնում են հատուկ թեստեր, ունեն մեկ տարվա երաշխիք, որովհետեւ դրանց որակից մարդու կյանքն է կախված: Բաճկոններն ունեն հատուկ պաշտպանիչ վահանակներ, որոնք հարվածի ժամանակ պաշտպանում են թիկունքը, ուսերն ու արմունկները, կարված են ջրակայուն, հրակայուն, չպատռվող կտորից: Բաճկոնների գները սկսվում են 100 ԱՄՆ դոլարից, սաղավարտներինը՝ 30-ից: Մոտոցիկլետների գները տատանվում են 700-5000 դոլարի սահմաններում: Հիմնականում Amico «Honda», «Suzuki», Nami «Honda» մակնիշների են:

Կայծակը

Ֆրանսիացի մեր հայրենակից Կայծակն անմիջական կապ ունի «Avant Moto»-ի պատմության հետ: Խանութի տնօրեն Հովհաննես Ղազարյանը Հարկային մարմիններին ճանապարհելուց հետո պատմեց, որ Ֆրանսիա այցելության ժամանակ երկու ֆրասահայ իրեն առաջարկեցին Հայաստանում մոտոցիկլետների բիզնես սկսել: Երկուսին էլ լավ ճանաչում էր. մեկը մոտոցիկլետների մոլի սիրահար Կայծակն էր, որն ամեն տարի իր կնոջը կարող է նվիրել նոր մոդելի «Պեժո», իսկ իր համար գնում է միայն մոտոցիկլետ: Մյուսը համակարգիչների մասնագետ է: Մոտոցիկլետի բիզնեսը Հովհաննեսի թաքուն երազանքն էր, եւ նա միանգամից ընդունեց առաջարկը: Կայծակն իր վրա վերցրեց ֆինանսական եւ թղթային խնդիրները եւ 2004-ի ապրիլի 10-ին՝ Հովիկի ծննդյան օրը, սրահի դռները բացվեցին:

Հովիկն ու իր մոտոհոբբին

«Երեքս էլ լավատեսորեն ենք տրամադրված, որովհետեւ ի սկզբանե վստահ էինք, որ առաջին մեկ-երկու տարին վնասով ենք աշխատելու: Բիզնեսը լավ կգնա մի հինգ տարի հետո: Պարզապես մոտոյի գաղափարը հայերի մոտ միանգամից դագաղի հետ կապված ասոցիացիաներ է առաջացնում. «Դագաղ` անիվների վրա» (թՐՏո վՈ ՍՏսպրՈւ): Բայց այս մեկ տարվա ընթացքում զգացինք, որ կա փոքր, բայց ստաբիլ մարդկանց շրջանակ, որոնց կարելի է համարել մեր հաճախորդը: Նրանց մի մասը նոստալգիա ունի սովետական ժամանակաշրջանից, մի քիչ տարիքով մարդիկ են: Մյուս կատեգորիան՝ բուն մոտոսիրողներն են՝ բայքերները: Երրորդը դա նոր ձեւավորված երիտասարդ սերունդն է, որն ունի ստաբիլ ամսական 150-200 դոլար եկամուտ, չի կարող իրեն թույլ տալ մեքենա գնել, բայց կարող է թեկուզ ապառիկով միջին գնանոց մոտո գնել»: Ապառիկ առք կարելի է ձեւակերպել՝ վճարելով գնի 30%-ը: Մինչեւ 2500 ԱՄՆ դոլար արժողությամբ մոտոցիկլետի պարտքը կարելի է փակել մեկ տարվա ընթացքում: Բանկի տոկոսը տարեկան կազմում է 24%: «Մոտոցիկլետի բիզնեսը հաստատ կզարգանա, որովհետեւ բոլոր հեռուստաալիքները հեղեղված են մեքենաների վաճառքի հայտարարություններով, ահռելի քանակությամբ ավտոմեքենաներ ամեն օր ներմուծվում են Հայաստան: Դա նշանակում է, որ այսօր չէ, վաղը հանդիպելու ենք փողոցների խցանումներին ու մոտո քշելը դառնալու է ոչ այնքան հաճույքի կամ ցուցադրության ատրիբուտ, այլ արագ ու պրակտիկ փոխադրամիջոց: Իհարկե, չհաշված այն «բարձր» խավը, որն իր պատվից ցածր է համարում մոտո քշելը: Այսպիսի ստերեոտիպ կա. եթե դու միայն մոտո ես քշում, քո մշտական տրանսպորտային միջոցը դա է, ուրեմն դու բոմժ ես կամ անմակարդակ: Բայց եթե դու ունես ջիփ եւ մի հատ լավ մոտո, ուրեմն դու «ՍՐցՑՏռ» տղա ես: Իմիջիայլոց, շատ ուրախալի փաստ էր մեր խանութի դեռ ոչ այնքան երկար պատմության մեջ՝ մեր մոտից առաջին անգամ աղջիկ է մոտո գնել»,- պատմում են խանութում: Հովհաննեսն անձամբ ճանաչում եւ հիշում էր բոլոր հաճախորդներին: Պատմեց նաեւ մի երիտասարդի մասին, որի ծնողները կտրականապես դեմ էին որդու ցանկությանը, բայց խորհրդակցելով Հովիկի հետ, ոչ միայն ընդառաջեցին, այլեւ իրենց կողմից մոտոցիկլետ նվիրեցին երիտասարդին: Հովիկն ասում է, որ սա իր հիմնական գործը չէ, այլ հոբբին է: Ունի երկու մասնագիտություն՝ բժշկի եւ իրավաբանի: Հիմնական գործը շատ ավելի լուրջ է համարում՝ Սահմանադրական դատարանում դատավորի օգնական է: Բայց դա նրան չի խանգարում շրջել քաղաքում ու աշխատանքի գնալ իր դեղին «Suzuki»-ով: