Երեւանի ոստիկանության Քննչական վարչության ավագ քննիչ Ռ. Դարբինյանը երեկ քրեական մեղադրանք է առաջադրել Հայկ Բաբուխանյանին: Վերջինս մեղադրվում է ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանի արժանապատվությունը ստորացնելու մեջ: Բանն այն է, որ կուսակցական «քաշքշուկների» ժամանակ Հ. Բաբուխանյանը Հ. Խաչատրյանի գործողություններին տվել է գնահատական, առ այն, որ նա որպես «փալաս» եւ «իշխանությունների կամակատար՝ օգտագործվում է իշխանությունների կողմից» ընդդիմության դեմ ՀՀ ԱԺ ընտրությունների նախաշեմին: Հ. Բաբուխանյանն առաջադրված է մեծամասնական կարգով թիվ 5 ընտրատարածքում, ուստի, ըստ «Ա1+»-ի, հայտարարում է, որ իր դեմ քրեական մեղադրանք ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, որն իրականացվում է իր քաղաքական հայացքների եւ համոզմունքների հետեւանքով, եւ նպատակ ունի խափանել նրա նախընտրական ընտրարշավը, միջազգային գործունեությունը, խոչընդոտել «Իսկական Իրավունքի» հրատարակմանը, առավել եւս՝ նախընտրական ընթացքում: Հ. Բաբուխանյանին ներկայացված մեղադրանքի հոդվածը նախատեսում է տուգանք կամ մինչեւ 6 ամիս ուղղիչ աշխատանքներ: