Սկիզբը՝ նախորդ երկու համարներում
Նախաձեռնվելիք իշխանափոխությունը նման չէր լինելու «Հոկտեմբերի 27»-ին։ Ավանդական կուսակցության ինձ ծանոթ շարքայիններն ասում էին, որ գործողության ժամանակ արյուն չի լինելու, որ ամենաշատը կարող է մեկ զոհ լինել։ Պիտի անցներ ժամանակ, ու ես պիտի հասկանայի, որ այդ մեկ զոհը հենց «Հոկտեմբերի 27»-ի գլխավոր թիրախն էր լինելու։
1994 կամ 95 թվականին, հիմա լավ չեմ հիշում, բայց կարծում եմ, որ արխիվներում անպայման կարելի է գտնել, Ներքին գործերի նախարարության «02» ոստիկանական լրատուի ավարտին անսպասելի ցուցադրվեց մի ռեպորտաժ, որը պատմում էր Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի Արշակունիների Ամբերդում գտնվող դամբարան կատարած այցելության մասին։ Տարօրինակ ու անհասկանալի էր ոստիկանական լրատուի ժամին նման ռեպորտաժ թողարկելը, հատկապես, որ դատելով հաղորդավարի տեքստից եւ հերոսների ուղիղ խոսքից՝ դա երեք արձակագրի հանդիպում էր, ոչ թե երկու նախարարի ու մեկ արձակագրի։ Որքան հիշում եմ, նրանք խոսում էին Արշակունիների դամբարանը նորոգելու, տարածքը բարեկարգելու ու նման բաների շուրջ։
Ռեպորտաժը տարօրինակ թվաց ոչ միայն ճիշտ տեղում չլինելու պատճառով, այլ որովհետեւ այդ օրերին բոլորն էին խոսում Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի լարված հարաբերությունների մասին։ Ասում էին, որ հրադադարից հետո հակասություններ էին առաջացել երկու նախարարների միջեւ, եւ, որ դա իբր կապված էր սեփականության բաժանման հետ։ Ըստ հավաքական աղբյուրների, Վանո Սիրադեղյանը՝ պատերազմի ժամանակ լինելով թիկունքի պատասխանատուն, դարձել էր նոր ձեւավորվող բուրժուազիայի պաշտպանը, իսկ Վազգեն Սարգսյանը գտնում էր, որ հանրային ունեցվածքը պետք է տնօրինեին ռազմաճակատներում կռված տղերքը։
Առանց կրակ՝ ծուխ, իհարկե, չի լինում, բայց արդյո՞ք այնքան լարված էին իշխանության երկու սյուների հարաբերությունները, որ բացառվեր փոխզիջումը։ Լարված հարաբերությունների մասին ինֆորմացիան տարածվում ու գեներացվում էր հասարակության մեջ։ Տաքսու վարորդից մինչեւ տարբեր կարգի չինովնիկներ՝ ականատեսի վստահությամբ պատմում էին այս կամ այն ռեստորանում տեղի ունեցած դեպքեր, թե իբր Վանոյի տղերքն ու Վազգենի թիկնապահներն ահավոր տուրուդմփոց են սարքել, եւ, որ բանը հասել է անգամ դեպքի վայր եկած շեֆերի ձեռնամարտին։ «Վազգենը մի հատ կպցրել ա Վանոյին»,- վստահաբար պնդում էին պատմողները, բայց հետո պարզվում էր, որ իրենք ոչ թե ականատես են եղել, այլ լսել են հորեղբոր տղայի աներձագի չգիտեմ եսիմ ումից։
Հետո, իհարկե, պիտի պարզ դառնար, թե երեք արձակագիրներն ինչո՞ւ էին հասել Ամբերդ։ Արշակունիների դամբարանը գրական բանավեճեր անցկացնելու ամենահարմար տեղը չէր։ Հասել էին այդ բարձրադիր վայրը, որպեսզի տեսանելի լինեին բոլորին, որպեսզի ցույց տային, թե հակասություն ու վեճ չկա ու չի լինի, հատկապես, որ մեջտեղում Հրանտ Մաթեւոսյանի նման խոհեմ մարդ է կանգնած։
Ավելի ուշ պիտի պարզ դառնար նաեւ նախաձեռնվելիք իշխանափոխության սցենարը։ Մութ ու անհասկանալի հանգամանքներում Վազգեն Սարգսյանը սպանվում է։ Հանրությունը եւ Վազգենի զինակիցները՝ քաղաքում շրջող խոսակցությունների ազդեցության տակ, կասկածում են Վանո Սիրադեղյանին։ ՆԳ նախարարը պաշտոնանկ է արվում, ձերբակալվում է, բանտ նետվում, եւ այդ խառնաշփոթի մեջ, ինչպես ավանդական կուսակցության անդամ ծանոթներս էին ասում, Խոջալու եւ Շուշի տեսած տղերքի համար մեկ-երկու պետական հիմնարկ գրավելը դառնում էր տեխնիկական փոքրիկ խնդիր։ Իշխանությունը սահուն կերպով անցնում էր ՀՅԴ-ին։
Ամբերդյան հանդիպումը ոչ միայն այս սցենարի դեմ ձեռնարկված քայլ էր, այլեւ սկիզբն էր իրական փոխզիջումների, որոնք, թեեւ այդ պահին շատ դրական արդյունք ունեցան, բայց չի կարելի ասել, թե հետագայում նպաստեցին քաղաքական համակարգի կարգավորմանը։
Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի վեճը, եթե այն իսկապես կար, պատերազմի ընթացքում ձեւավորված զուգահեռ հասարակությունների վեճն էր։ Պատերազմի մասնակիցները պիտի տուն վերադառնային, եւ պաշտպանության նախարարը տալու բան պիտի ունենար։ Եվ որպեսզի նրանք կոպիտ մեթոդներով չառգրավեին իրենց հասանելիքը, շուկայական տնտեսության համոզված կողմնակից Վանո Սիրադեղյանը զիջումների գնաց։
Այս ամենը շատ պրիմիտիվ կերպով այն ժամանակ ներկայացվում էր որպես երկու «մոնստրների» հարստություն կուտակելու եւ այդ միջոցով իշխանությունը հավերժորեն պահպանելու մոլուցք, բայց ոչ ոք չէր նկատում ստորջրյա այն հոսանքը, որը գալու էր ավերելու Հայաստանի քաղաքական համակարգը։ Դա հաղթանակի հոսանքն էր, որը նախ պիտի երեւակվեր իբրեւ երկրապահական եղբայրակցություն, իսկ հետո պիտի կազմակերպական ձեւ ստանար՝ հանձին Անկախության բանակի հիման վրա ստեղծված Հանրապետական կուսակցության։
Ունեցվածքն արժանիներին բաժանելու Վազգեն Սարգսյանի մոդելը պիտի չարիք դառնար ոչ միայն պետության, հասարակության համար, այլեւ հենց իրենց՝ արժանիներից շատերի, որովհետեւ նրանց մեծամասնությունը պիտի քաղցեր հացիվ, իսկ փոքրամասնությունը՝ բանիվ։