Բայքերական եղբայրություն

10/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բայքեր` նշանակում է երկանիվ տրանսպորտային միջոցի վարորդ: Հայաստանի առաջին մոտոցիկլետային ակումբի կանոնակարգի մեկնաբանությամբ՝ բայքերի հիմքում կամ նրա փիլիսոփայության մեջ տեղավորվում է ընկերությունը, եղբայրությունը, հոգեւոր հավատի հասնող սերը, աշխարհայացքով, հետաքրքրություններով միանման մտածելն ու իրար նմանվելը:

Բայքերների կյանքի սկզբունքներից են՝ փոխադարձ հարգանքը, ազնվությունը, նվիրվածությունը, հավատարմությունն իրենց իսկ սկզբունքներին, որպեսզի հակառակ ուժերը չկարողանան ներխուժել, քայքայել եղբայրությունը: Նժդեհի խոսքերի՝ «Միավորված ուժեղների հետ հաշվի են նստում, իսկ թույլերին թելադրում ինչ անել» կրողն են: Բայքերների ակումբի յուրաքանչյուր անդամ պետք է ապրի այս սկզբունքներով:

Հայ բայքերների առաջնորդ «Խարլե» մականունով Նորայր Մարտիրոսյանը, 10-12 տարի առաջ գտնվելով Լեհաստանում, հասկացավ, թե ինչ ասել է` բայքեր: Հայաստանում հետպատերազմյան շրջանից հետո կային մոտոցիկլետներ՝ Յավաներ, Դնեպրներ, Ուրալներ, բայց բայքերության հասկացությունը չկար, քանի որ դեռ նոր՝ Անգլիայում, «Բիթըլզների» օրոք էր ծնվում բայքերությունը: Նորայրը մեկ տարի բետոն թափելով ու անխնա աշխատելով` գնեց իր «ԻԺ պլանետա սպորտ» մոտոցիկլետը: 90-ականներին Լեհաստանում ուսումնասիրեց բայքեր խմբավորումների կենսակերպը, փիլիսոփայությունը: Հասկացավ, որ բայքերությունը միայն մոտո վարորդ լինելը չէ:

– Մեր քաղաքը լցված է մարդկանցով, ովքեր զբաղված են մոտո-առեւտրով, մոտո քշելով, իրենց ցուցադրելով: Նրանք փորձում են տեղավորվել բայքերության մեջ, բայց մեր կանոնակարգի սկզբունքները կրողը չեն, հետեւաբար` բայքեր չեն կարող համարվել: Թանկ մոտո ու հագուկապ ունենալը բայքերի կարգավիճակի վկայությունը չէ: Պետք է վստահելի, իսկական տղա լինես, օջախի տղա պետք է լինես:

1995թ. Նորայր Մարտիրոսյանը, ակցիաներ գնելու փոխարեն, ընկերների հետ հիմնեց բայքերների ակումբը, այն դեպքում, երբ հայերը բայքերությունից գաղափար չունեին: Ակումբի փաստաթղթում ստորագրող շատ բայքերներ ակումբից հեռացել են.

– Գուլյատ, կայֆեր, նանարներ, կաֆեներ. նրանք չկարողացան մաքուր մնալ, չկարողացան սիրել, չնախանձել, կամենալ… Ներկայումս ակումբում կան 15 հավատարիմ մարդիկ, որոնցից ավելի հավատարիմ են 4-5-ը: Եթե անգամ ես չլինեմ՝ նրանք բայքերության գաղափարախոսությունը կպահպանեն, առաջ կտանեն: Դրան հասնելու համար երկար ժամանակ թորվեց ու մաքրվեց այդ ջուրը:

Նժդեհականներ

Ակումբը մինչ օրս անուն չունի: Դեռեւս չկա նաեւ ակումբի դրոշն ու զինանշանը: Մոտո-ակումբը բավական հետաքրքիր ավանդական արշավների ամենամյա նախագծեր ունի, օրինակ՝ «Աղ եւ հացի սկիզբ» արշավ, «Զատիկի ավանդական օր» խորագրով արշավ, «Մոտո-ակումբի» պաշտոնական սեզոնի բացում», «Դեպի Բյուրական՝ այց ճանաչված ֆիզիկոսին» եւ այլն: 2005թ. ավանդական արշավների ցանկում տեղ է գտել նաեւ «Սեւակ-Նժդեհ» հուշ-արշավը: Տարիներ առաջ նույնպես նման մի ակցիա էր արվել, որի ժամանակ բայքերներն այցելել էին Նժդեհի գերեզման: Հարցիս, թե արդյոք բայքերների գաղափարների մեջ չե՞ն նկատվում նացիոնալիստական դրսեւորումներ, Նորայրը պատասխանեց.

– Նացիոնալիստական՝ ոչ, պարզապես մենք հայավարի ենք բայքերություն անում, մենք այդ մթնոլորտը ստեղծել ենք եւ յուրաքանչյուրս կրում ենք այդ ազդեցությունը: Շատ է պատահել, որ հիասթափվել եմ էս պոռնկությունից, անվերջ քաշ ես տալիս լուծը, բայքերությունը թողած` մարդկային հարաբերություններն ես սկսում ուղղել: Անբարոյական մթնոլորտ է, բայց, միեւնույն է, չեմ կոտրվում: Ես ապշել եմ, որ էդ անբարոյականությունը նույնիսկ բայքերության մեջ է մտնում: Շատ ժամանակ մտածում էի՝ ինչո՞ւ եմ այսքան մարդ հավաքել ու հետս տանում, մարդիկ չեն ուզում ազնիվ, մաքուր ապրել, բայց չեմ կարող ամեն բան քանդել: Բայքեր լինելն ամեն մեկը պետք է պատիվ համարի, մարդը պետք է մաքրվի: Բայքերությունը նաեւ դաստիարակչական միջոց է, ինքնամաքրման պրոցես է, ինչի արդյունքում շատերը սկսում են ճիշտ ապրել: Հայաստանում հասարակական գործ անելը շատ դժվար է, հինգ կազինո բացես` ավելի հեշտ կպահես: Այսօր Հայաստանում Նժդեհի պես մարդկանց կարելի է մատների վրա հաշվել: Թեեւ, եթե այդ մի քանի հոգին միավորվեն՝ մենք ոչ Ադրբեջանի հետ խնդիր կունենանք, ոչ էլ Ռուսաստանի: Պատմությունը մեզ բերել է մի պատնեշի առաջ, որ այլեւս չենք կարող ուրիշների վրա հույս դնել, ուշ է, Նժդեհի գաղափարախոսությամբ պետք է ինքներս մեր վրա հույս դնենք: Նժդեհական արտահայտություն գոյություն չունի, մենք Նժդեհի գաղափարները կրողն ենք: «Հանրապետականներից» (կուսակցությունը նկատի ունի, -Լ.Ս.) ես գաղափար չունեմ, բայց ինչո՞ւ են իրենք իրենց մասին «նժդեհական» ասում… Նժդեհի աճյունը բերող Պավել Անանյանն անգամ չի ասում, որ ինքը նժդեհական է: Իսկ եթե Նժդեհի անունն օգտագործվում է իմիջ բարձրացնելու համար, ապա դա անբարոյականություն է: Ես որեւէ մեկին չեմ քննադատում, բայց Նժդեհի կամ Սեւակի գաղափարներով ապրելու համար պարտադիր չէ նժդեհական կամ սեւակական կոչվել: Հարկավոր է պարզապես Նժդեհի տեսակը ունենալ եւ կենցաղում նրա պես ապրել, թե չէ` ասել ու չանել… Ամեն մի չապրած տարվա համար մոմ ենք վառում, այս տարի հունիսի 17-19-ը Նժդեհի 50 մոմի տարին է լինելու:

Մոտո-ակումբի 2005թ. ավանդական արշավների ցանկում ընդգրկված է նաեւ քաղաքից դուրս որեւէ մանկատան այցելությունը, ինչը հետաձգվում է գումարների բացակայության պատճառով: Ի դեպ, Նորայրի խոսքերով՝ Նժդեհի մոտ գնալու ակցիայի համար, երբ «Բարի լոտոյին» խնդրել են հովանավորել, լոտոյի ներկայացուցիչները հարցրել են, թե էդ ո՞վ ա:

– Մենք չենք գնում ուտել-խմելու, որ մեզ հովանավորեն, պարզապես մանկատուն գնալիս հարկավոր է երեխաների համար գնումներ կատարել, իսկ այնտեղ ապրում է մոտ 250 երեխա: Մարդիկ ջիպերով գալիս են Քանաքեռի «Զատիկ» մանկատուն, տեսախցիկներով իրենց ցույց են տալիս, բայց թող գնան մարզերի մանկատներ, տեսնեն ինչ է կատարվում, այնտեղ երեխան ատամի խոզանակ անգամ չունի: Ամենայն հավանականությամբ, կգնանք Կիրովականի մանկատուն, երեխաներին կներկայացնենք, թե ինչ բան է մոտոցիկլետային աշխարհը, որպեսզի երեխան, սառնարանից բացի, նաեւ հասկանա, թե ինչ բան է բայքերը, նրա աշխարհայացքը: Համեմատելով այլ երկրների բայքերական տուսովկաների հետ` Նորայրը նշեց, որ տարբերությունը շատ մեծ է.

– Օրինակ՝ Ամերիկայի «Անգելի ադա» բայքերական ակումբում բայքերին անդամագրելու ժամանակ պահանջում են, որ վերջինս ատամներով պոկի հավի գլուխը, թեեւ հնարավոր է, որ դրանք լեգենդներ լինեն: Ամերիկայի պես երկիրը, որը 500 տարվա պատմություն ունի, «կովբոյին» սարքեց ժողովրդական հերոս, իսկ մենք դարերի պատմություն ունենք, բայց նրանց ենք կրկնօրինակում: Մենք ինչ է, չե՞նք կարող հայատեսակ բայքերություն անել: Ամերիկայի դեսպանատան աշխատող Դերին մեր արշավներին մասնակցեց, հիացել էր, որ նման կորած, փոքր երկրում հայավարի բայքերության ոճ ենք պահում: Մոսկվայի «Մոտո» ամսագրից հեռախոսով ինձնից հարցազրույց վերցրեցին ու հարցնում են, թե` ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին ձեր ղեկավարությունը: Ասում եմ՝ մեր ղեկավարության համար միեւնույն է, ասում է` ինչպե՞ս, մեր բայքերներով հետաքրքրված են Լուժկովը, Ժիրինովսկին եւ այլք: Ինչո՞ւ են նրանց պես մարդիկ բայքերներին համակրում. որովհետեւ բայքերները զորք չեն, միավորված են, գաղափարակիրներ են: Բայքերները ճիշտ զանգված են: