Ժամանակին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը Խորհրդային Միության ամենամեծ բուհերից մեկն էր, որտեղ սովորում էր 25.000 ուսանող: Իսկ դա նշանակում է, որ հայերի ինժեներական միտքը միշտ էլ զարգացած է եղել:
Սակայն խոսքը չի վերաբերում վերջին տարիներին, որովհետեւ ականատես եղանք, թե ինչպես այդ միտքը սահմանափակվեց էլիտար շենքերով եւ տարատեսակ «մուտիլովկա» նախագծերով: Եթե ուշադիր նայենք ԱԺ ընտրություններին՝ համամասնական ցուցակով առաջադրված կուսակցությունների ցանկերին, ապա պարզ կդառնա, թե ինչ նկատի ունենք «մուտիլովկա» նախագծեր ասելով: Ինչ խոսք, քաղաքական տեխնոլոգիաների առումով այս ամենը նորություն չէ: Ավելին, նմանատիպ նախագծերը, բացի հետխորհրդային տարածքից, արդեն գրեթե ոչ մի տեղ չեն օգտագործվում: Ցիվիլիզացիան, ինչպես միշտ, բավական ուշ է մեզ հասնում: Այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա: Այս տարվա նախագծերի մեծ մասը նախագծվել է նույն տեղում: Ու քանի որ նախագծողը բուհը հեռակա է ավարտել, հետեւաբար գերադասում է իր նախագծերը կառավարել հեռակա կարգով:
Նախագիծ թիվ 1
Հայաստանի Հանրապետական կուսակցություն. այս նախագիծը մնացածից տարբերվում է նրանով, որ մինչեւ վերջերս կուսակցություն էր եւ ոչ թե նախագիծ: 2006թ. հուլիսի 22-ից հետո, սակայն, այն ռեմիքս արվեց եւ նմանվեց «Համեր» ավտոմեքենայի, որն իր մեծ գաբարիտների եւ ծախսատարության պատճառով աշխարհում առանձնապես պահանջարկ չունի: Բայց քանի որ «մերն ուրիշ է», Հայաստանում այն մեծ պահանջարկ ունի, նույնիսկ, եթե այն անհարմար է Երեւանի նեղ փողոցներով երթեւեկելու համար:
Նախագիծ թիվ 2
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն. նախագծված է շատ գրագետ, լայն զանգվածների համար: Նպատակը ընդդիմադիր «զապորոժեցների», «ժիգուլիների» եւ անգամ «վոլգաների» տեղը գրավելն է: Թողարկման թիվը` 2006թ.: Մաքսազերծված է: Ունի գրավիչ եւ հարուստ տեսք: Շարքային քաղաքացիների համար՝ գինը՝ պայմանագրային:
Նախագիծ թիվ 3
«Օրինաց երկիր» կուսակցություն. ի սկզբանե` 1998թ նախագծված էր «Ֆոլկսվագեն – Ժուկ» մակնիշի սկզբունքով (եթե հիշում եք՝ այդ մեքենայի կարգախոսն էր` «Իմ երկրորդ ավտոմեքենան»): Սակայն 2005թ. այն վերանախագծվեց որպես ընդդիմություն եւ այսօր ունի հետեւյալ պարամետրերը. շարժիչը Տ-ձեւ է, վերանորոգված է եվրոատլանտյան ստանդարտներով: Գույնը՝ անորոշ: Վերավաճառվել է ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում: Ծանր ճանապարհային պայմաններում «բուքսավատ է անում»:
Նախագիծ թիվ 4
Հայաստանի առաջադիմական կուսակցություն. «Խնդալու» նախագիծ է, մոտավորապես՝ ինչպես «ԵրԱԶ» ավտոմեքենան: Օգտագործման ժամկետը նույնքան է, որքան «ԵրԱԶ»-ինը: Աշխատանքի սկզբունքը՝ նույնպես: Այսինքն, երբ նորմալ «մարշրուտկաներն» աշխատանքն ավարտում են, վերջիններս սկսում են գիշերը «գռդոն» անել:
Նախագիծ թիվ 5
Ժողովրդական կուսակցություն. նախագծված է բեռնատար ավտոմեքենայի սկզբունքով, որին ուզում են «ծյունինգի» միջոցով դարձնել մարդատար: «Գռուզիտ» է անում բոլոր նրանց, ովքեր հեռուստացույցի կարիք ունեն: Շարժիչը հզոր է, սակայն մնացած մասերը ձեռք է բերել «բազառի» հետեւանքով՝ «Օրինաց երկրի» վերանախագծելուց հետո: Հաճախ կարելի է հանդիպել Երեւան-Սեւան մայրուղում: Առաջիկայում՝ նաեւ Քաբուլետիի ճամփեքին:
Նախագիծ թիվ 6
Հայաստանի միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցություն. շարժվում է միայն «ՄԻԿԱ» մակնիշի բենզինով: Նախագծված է կարճ տարածությունների «գռդոնի» համար: «Կոմունիստական» բառն օգտագործված է որպես գովազդային հնարք՝ հայտնի բրենդին նմանվելու համար: Զամասկած է, բայց «յուբկա» փչած չէ:
Նախագիծ թիվ 7
Միացյալ ազատական ազգային կուսակցություն. նախագծվում է, որպես էլիտար շենքերի սիրահարների համար ապագայի մեքենա: Տեսքը գրավիչ է: Շարժիչը համատեղ հայ-ռուսական արտադրության է: Առայժմ չի վաճառվում, որովհետեւ այս տարի է գրանցվել:
Նախագիծ թիվ 8
Հայաստանի երիտասարդական կուսակցություն. նախագծված է Ռուսաստանում: Օգտագործվում է հիմնականում Բաղրամյան պողոտայի շրջակայքում: Էքստեմալ պայմաններում կարող է հասնել մինչեւ Իրաք: Տեխանձնագրի տվյալները չեն համապատասխանում շահագործման ընթացքում ստացված արդյունքներին:
Նախագիծ թիվ 9
Հայաստանի մարքսիստական կուսակցություն. նախագծված է «կալյասկով» մոտոցիկլետի սկզբունքով: Վրան տեղադրված է բարձրորակ «սիգնալիզացիա»: Բոլոր մոտոցիկլետների նման բավականին «շուստրի է», բայցեւ հասկանալի է, որ երկար ճանապարհի վրա խեղճանում է:
Նախագիծ թիվ 10
«Ժողովրդական ուղի» կուսակցություն. սա այն նախագծերից է, երբ շարժիչը «թխած է» մի նախագծից, «խադավոյը»` մեկ ուրիշից, իսկ` «կուզովը»` երրորդից: Այս առումով շատ նման է 80-ական թվականների սովետական մեքենաներին: Ապակիները հեռակառավարման վահանակով են, սակայն արգելակները մեխանիկական են: Լավ պահելու դեպքում երկար կծառայի: «Զապ չաստերը» էժան են եւ հեշտ ճարվող:
Հարգելի ընթերցող, թեեւ նախկին կյանքում ես եղել եմ ճարտարագետ-մեխանիկ, սակայն վաղուց արդեն լավատես եմ: Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, սակայն, կարծում եմ, որ իմաստ չունի, որովհետեւ մենք ավելի լավ ինժեներներ էլ ենք ունեցել, ընդ որում՝ տարբեր բնագավառներում` Մերգելյան, Թամանյան, Օսիպյան եւ այլն: Եվ քանի որ ոչինչ անհետ չի կորչում, հետեւաբար՝ մեր ինժեներական միտքն էլ չէր կարող անհետ կորչել: Եվ ես համոզված եմ, որ մեր երիտասարդ ճարտարագետներն իրենց խոսքը դեռ կասեն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնագավառում: