Ինչպես վկայում են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2007թ. հունվար-փետրվար ամսվա համախառն ներքին արդյունքը կազմել է 186.8 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից բարձր է 9.4%-ով։ Հիշեցնենք, որ 2007թ. բյուջեով նախատեսված է տնտեսական աճ՝ 9%-ի սահմաններում։
Սակայն պետք չէ տխրել։ Նախորդ տարվա հունվար-փետրվարի աճը կազմել էր ընդամենը 7%, մինչդեռ տարին փակեցինք փառահեղ ցուցանիշով՝ 13.4%-ով։
Երբ տնտեսությունը դիտարկում ենք ըստ տարբեր ոլորտների, ապա ստացվում է դեժավյուի նման ինչ-որ բան՝ թվերի աննշան փոփոխությամբ։
Այսպես, արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել։ Այս տարվա առաջին երկու ամիսների արդյունաբերական արտադրանքը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 99%-ը։ Թեեւ եթե հաշվի չենք առնում ադամանդի արտադրությունը, ապա գրանցվել է 5.6% աճ։
Գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է 2.4%-ով։
Ամենամեծ աճն արձանագրել է ծառայությունների ոլորտը՝ 14.6%։
Շինարարությունը երկրորդ տեղում է՝ 12.4%-ով։ Սակայն դժվար թե շինարարության ոլորտն աճի ծավալներով տարվա կտրվածքով առաջին տեղը չգրավի։ Նախորդ տարի այս ոլորտն աճել է 37%-ով։ Ընդհանրապես, շինարարությունը մոտ ապագայում չի զիջի իր առաջատար դիրքերը՝ տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից, եթե հաշվի ենք առնում «Լինսի» ծրագրով եւ «Հազարամյակի մարտահրավերներով» նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները։ Գալով սրան, հիշեցնենք, որ օրեր առաջ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի անդամ, լրագրողների «Ապարեզ» ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Բարսեղյանը նամակ էր գրել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովսեփյանին եւ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Շահառուների խորհրդի անդամներին: Լ. Բարսեղյանը հիմնավորել էր, որ մի շարք մարզերում «Լինսի» եւ ՀՄՀ-ի ծրագրերը միմյանց կրկնում են։ Այսինքն, նույն ճանապարհահատվածը պետք է վերանորոգվի եւ՛ «Լինսի», եւ՛ ՀՄՀ-ի ծրագրերով։ Կարելի է ենթադրել, որ եթե վերանորոգումը սկզբում կատարվել է ՀՄՀ-ի կողմից, ապա «Լինսի» ծրագրով կարճ ժամանակ անց այն պետք է քարուքանդ արվի եւ նորից սարքվի։ Կատակը՝ կատակ, բայց եթե ծրագրերի դոնորներն այս մասին չտեղեկացվեն, ապա շատ հնարավոր է՝ փաստաթղթերում ցույց տան, որ նույն հատվածը երկու ծրագրով էլ վերանորոգվել է։ Դա դժվար չէ եւ ձեռնտու է բոլոր առումներով՝ ճանապարհը վերանորոգված է, ժամանակը վատնված չի, եւ, ամենակարեւորը՝ փողը կարելի է ուղղել ավելի «հարմար» նպատակների, ասենք՝ նոր մեքենա կամ առանձնատուն գնելու։ Եվս մի հանգամանք, իրականում մեկ ճանապարհահատվածի վերանորոգման փոխարեն՝ ՀՆԱ-ի շինարարության բաժնում տեղ կգտնեն 2 հատվածներ, եւ ՀՆԱ-ն կաճի։
Անցնենք ԱՎԾ մյուս տվյալներին։ Բնակչության եկամուտներն աճել են 18.9 %-ով, իսկ ծախսերը՝ 19.5։ Արձանագրվել է նաեւ գործազրկության մակարդակի անկում՝ 5.4%-ով։
ԱՎԾ-ն արձանագրել է նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալների աճ։ 2007թ. հունվար-փետրվարի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 18.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 66.2 տոկոսով։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 2 ամսվա կտրվածքով կազմում է 101.8 մլրդ դրամ կամ 282.2 մլն դոլար։ Դա կազմում է ՀՆԱ-ի 55%-ը։
Սա, մեղմ ասած, այնքան էլ լավ ցուցանիշ չէ։ Առայժմ մեզ կարող ենք մխիթարել նրանով, որ առաջին երկու ամիսների ՀՆԱ-ն դեռ փոքր է տարվա միջինից. օրինակ, գյուղատնտեսության ծավալները, կապված սեզոնայնության հետ, դեռ կաճեն։ Հիշեցնենք, որ 2006թ. արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է ՀՆԱ-ի 18%-ը։
Արտահանման-ներմուծման մասին խոսելիս վերջին շրջանում միշտ ուշադրության է արժանանում փոխարժեքի թեման։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում նկատվում է դրամի դիրքերի թուլացում։ Այս տարվա համար նախատեսված է մեկ դոլարի՝ 357 դրամ փոխարժեք, սակայն փետրվարի վերջին դոլարը հասավ մինչեւ 350 դրամի։ Իսկ դրանից հետո սկսվեց հակառակ պրոցեսը, որը կարծես դեռ շարունակվում է։ Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, դոլարը երեկ արժեր 361.22 դրամ։ Դրամի արժեզրկման պատճառների պաշտոնական բացատրություն դեռ ոչ ոք չի տվել։ Ոմանք դա կապում են նախընտրական շրջանի հետ։ Եթե պատճառն իրոք դա է, ապա կարելի է ենթադրել, որ մինչեւ մայիսի 12-ի ընտրությունները դոլարը կարող է անցնել 400 դրամից։ Իսկ դա վտանգավոր է նրանով, որ աստիճանաբար դրամի կողմը թեքվող քաղաքացիները նորից կսկսեն իրենց խնայողությունները վերածել դոլարի։ Դեռ տարեսկզբին ԿԲ-ն փաստել էր, որ գնաճի ճնշումներն ուժեղ չեն, եւ իրենք փոխարժեքի կայունությանը կսկսեն ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Ըստ երեւույթին, հենց այդպես էլ անում են։
Ինչ վերաբերում է գնաճին, ապա պաշտոնական տվյալներով՝ այն կազմել է 2.6%՝ 2006թ. դեկտեմբերի համեմատ։ Իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ գներն աճել են 5.1 տոկոսով։