Պուրիմ. հրեաների Փրկության տոն

23/03/2007 Հասմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գարնան սկզբին, ըստ արեգակնային-լուսնային օրացույցի՝ հրեական ադար ամսվա տասնչորսերորդ օրը հրեաները տոնում են Պուրիմի (եբրայերեն` վիճակ) տոնը: Այս ամենաուրախ հրեական տոնն ունի այսպիսի պատմություն: Մ.թ.ա. չորրորդ դարում պարսկական Շուշան մայրաքաղաքում թագավորում էր պարսից արքա Ախաշվերոշը: Մի անգամ նրա կինը` Վաշտին, հրաժարվեց դուրս գալ հյուրերի մոտ եւ ցուցադրել իր գեղեցկությունը, եւ զայրացած արքան որոշեց նոր կին ընտրել իր համար:

Շուշանում ապրում էր Մորդեխայ անունով մի հրեա՝ իր զարմուհի Էսթերի հետ: Գերված նրա գեղեցկությամբ` Ախաշվերոշը երկրի բոլոր աղջիկներից նրան ընտրեց՝ որպես իր կին: Ախաշվերոշն ուներ նաեւ գլխավոր նախարար` Համանը: Երբ նա անցնում էր քաղաքի փողոցներով, բոլորը նրան խոնարհվում էին, բացի Մորդեխայից: Եվ փառասեր Համանը որոշում է ոչնչացնել ողջ հրեական ազգը:

– Մի ժողովուրդ կա, – ասում է նա թագավորին,- որ սփռված է ողջ աշխարհով. նրանց կրոնն ու օրենքները տարբեր են մերինից: Նրանք չեն ուզում ենթարկվել մեր օրենքներին, հրամայիր պատժել նրանց: Թագավորը համաձայնում է նրա հետ եւ հրամայում. տասնչորսերորդ ադարին, այն օրը, որ ընտրել էր Համանը, բնաջնջել հրեաներին, իսկ նրանց ունեցվածքը բաժանել:

Սգո զգեստներ հագած Մորդեխայը գնում է թագավորական պալատ` էսթերին խնդրելու փրկել հրեաներին: Թագուհին բոլոր հրեաներին հրամայում է ծոմ պահել ու աղոթել երեք օր ու գիշեր եւ միայն դրանից հետո գնում է թագավորի մոտ:

Ախաշվերոշի վրա, ամենայն հավանականությամբ, տպավորություն է գործում Էսթերի` եռօրյա ծոմից ուժասպառ տեսքը: Եվ այն օրը, երբ պիտի կախաղան հանեին Մորդեխային ու սկսեին հրեաների բնաջնջումը, թագավորը հրամայում է սպանել Համանին եւ նրա որդիներին: Այսպես ողբերգական օրը հրեաների համար դառնում է տոնական: Պուրիմը տոնում են ամբողջ աշխարհի հրեաները, որ երկրում էլ բնակվեն: Հայաստանի հրեական համայնքը նույնպես տոնում է այս տոնը:

Պուրիմին, երեկոյան եւ առավոտյան սինագոգում կարդացվում է Էսթերի Մեգիլահը (մագաղաթ), ուր գրի է առնված Պուրիմի պատմությունը: Պատմությունը գրված է կաշվի վրա ձեռքով: Պուրիմի պատմությունը կենդանի եւ հենց մագաղաթից լսելն Էսթերի առաջին պատվիրանն է: Ընդ որում, ամեն անգամ, երբ ռաբբին արտասանում է Համանի անունը, երեխաները պետք է ռաշ անեն (աղմկեն) ու բարձր շխկշխկացնեն չխկչխկաններով, որպեսզի խլացնեն նրա անունը:

Պուրիմին հատուկ պատվիրվում է ուրախանալ ու նույնիսկ արբել մինչեւ այն աստիճան, որ հնարավոր չլինի տարբերել «Կեցցե Մորդեխայը» եւ «Անիծված լինի Ամանը» արտահայտությունները: Ուրախանալը երկրորդ պատվիրանն է:

Երեխաները hրեական համայնքի հասարակական կազմակերպության կիրակնօրյա դպրոցում պատրաստել էին Պուրիմ շպիլ` բազմադարյա իրադարձությունների սեփական թատերական մեկնաբանումը: Հին ժամանակներից կա Պուրիմին դիմակահանդեսներ կազմակերպելու սովորույթ: Դիմակահանդեսին հագուստը մարդուն փոխում է անճանաչելիության աստիճան, ինչը հիշեցնում է Պուրիմի օրը հրեաների ճակատագրի փոփոխության հրաշքի մասին:

Երրորդ պատվիրանն է` չմոռանալ այլոց: Պուրիմին պարտադիր է առնվազն երեք հրեայի ուղարկել հյուրասիրություն` մեշլոահ մանոթ: Եվ չորրորդ պատվիրանը, որին պիտի հետեւեն հրեաները, աղքատներին օգնելն է: Պուրիմին պարտադիր է պատրաստել թխվածք կակաչով` Համանի ականջներ կամ օզնեյ Համան: Կաբալիստները պնդում են, որ ինչպես կարկանդակում կա տեսանելի մաս` խմորը, եւ անտեսանելի` լցոնը, այնպես էլ Պուրիմում կան Մեգիլաթում նկարագրած ակնհայտ իրադարձություններ եւ Աստծո քողարկված ներկայությունը նրանցում:

Իսկ Պուրիմի իմաստը հետեւյալն է: «Պարսկաստանում տեղի էր ունենում հրեաների ձուլում,- ասում է հայաստանաբնակ հրեաների գլխավոր ռաբբի Գերշ Բուրշտեյնը,- հրեաները մոռանում էին իրենց համար Տորայում գրված Աստծո պատվիրանները: Մորդեխայն ու Էսթերը հասկացան, որ հրեաների բնաջնջման հրահանգն իրականում ոչ թե պարսիկների վրեժխնդրությունն էր, այլ Աստծո նախազգուշացումն իրենց մեղքերի համար: Հրեաներն ապաշխարեցին (տվյալ դեպքում դա արտահայտվեց ծոմապահությամբ), եւ արդյունքում նրանց փրկություն ուղարկվեց»: Հրեաներին հայտնի են նշանակալից «զուգադիպություններ» պատմության մեջ, երբ հրեական ժողովրդի թշնամիները զրկվել են կյանքից հենց Պուրիմի օրը:

1420 թվականին Իսպանիայում Պեդրո Չորրորդ արքայի գահակալության տարիներին Մարկուս անունով մի կնքված հրեա թագավորին մատնում է, որ հրեաները Տորայի մագաղաթները հանում են տապանակներից, երբ դրանք տաճարներից դուրս են հանում արքայի պատվին հանդիսավոր երթերի ժամանակ: Թագավորը կարգադրում է, որ մոտակա շքերթին տապանակները բացվեն եւ ստուգվեն: Սակայն երթին նախորդող գիշերը տասներկու սինագոգների սպասավորներին երազում հայտնվում է Եղիա մարգարեն եւ պատվիրում չհանել մագաղաթներն այդ անգամ: Երբ երթի ժամանակ տապանակները բացվում են, մագաղաթները տեղում են լինում: Արքան զայրանում է մատնիչի վրա «ապատեղեկատվության» համար ու հրամայում կախել նրան: Ահմեդ փաշան` Եգիպտոսի կառավարիչը, որ հայտնի էր հրեաների հանդեպ իր ատելությամբ, տասնչորսերորդ դարում հայտարարում է, որ ուղեւորվում է շոգեբաղնիք, իսկ վերադառնալուն պես հրահանգ կարձակի Եգիպտոսի բոլոր հրեաների ոչնչացման մասին: Սակայն այն պահին, երբ սուլթանը բաղնիքից դուրս է գալիս փողոց, նրա ծառաներից մեկը հարձակվում է նրա վրա ու սպանում:

Եվ, իհարկե, «զուգադիպություններից» ամենահայտնին. 1953 թվականին Ստալինը պլանավորում էր «հրեական հարցի վերջնական լուծումը», այսինքն` հրեաների արտաքսումը բոլոր նախկին սովետական հանրապետություններից Սիբիր եւ Հեռավոր Արեւելք: Մարտի 6-ին պետք է կայանար դատը «վնասարար բժիշկների» հայտնի գործով, որոնց ստիպել էին խոստովանել չկատարած հանցանքների համար: Սակայն Պուրիմի օրը, որն այդ ժամանակ` 1953 թվականի մարտի մեկին էր, Ստալինը կաթվածահար եղավ, իսկ չորս օրից մահացավ:

www.hetq.am