Գյուղացիների պայքարն ավարտվեց հաղթանակով

23/03/2007

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի բնակիչների պայքարն ավարտվեց հաղթանակով: Մարտի 4-ին տեղի ունեցած համայնքապետի ընտրությունից հետո նորաբակցիներն ընտրությունն անվավեր ճանաչելու հայցով դիմել են Վարդենիսի առաջին ատյանի դատարան։ Նորաբակի գյուղապետի թեկնածուները երկուսն էին` Վարդենիս քաղաքի բնակիչ Արտակ Կարապետյանը եւ նորաբակցի Վազգեն Ասատրյանը:

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր Ա. Պետրոսյան)` երեք օր ընթացող դատական նիստն ավարտվեց: «Երբ բացեցին քվեաթերթիկներով պարկը եւ հաշվեցին, պարզվեց, որ Արտակ Կարապետյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների մի մասը վավեր չէին, իսկ 23 հոգի էլ կեղծ էին, նրանք Նորաբակի գրանցում չունեին»,- ասաց Վազգեն Ասատրյանի վստահված անձ, գյուղապետարանի հողաչափ-գանձապահ Արմեն Ղազարյանը: Դատարանն անվավեր ճանաչեց ընտրական հանձնաժողովի որոշումը: Վերահաշվարկելով քվեաթերթիկները` դատարանը վճռեց Նորաբակի համայնքապետի ընտրություններում հաղթող ճանաչել Վազգեն Ասատրյանին:

Այսօր մարզպետարանի ներկայացուցիչները պետք է այցելեն Նորաբակ եւ համայնքին ներկայացնեն նոր համայնքապետին: Նորաբակի ընտրությունները կարող են արդար ընտրություններ անցկացնելու դասական օրինակ դառնալ: Այս գյուղում որեւէ քաղաքական ուժ չի մասնակցել, չի առաջնորդել գյուղացիներին, ընդդիմությունից որեւէ մեկը չի էլ փորձել ներկա գտնվել այս ընտրատարածքում, գյուղացիներն իրենք են ոտքի կանգնել եւ պաշտպանել իրենց իրավունքները:

www.hetq.am