Նկարում պատկերված 61-ամյա այս ծերունին Ասատուր Դարբինյանն է, ով, մեկ տարի է, իր ասելով՝ «բոմժ» է դարձել: Նա եկել է խմբագրություն մեր թերթի միջոցով իր վիճակի համար ելք փնտրելու: «Ես բոմժ եմ դարձել: Գնալու տեղ չունեմ»,- վստահեցնում է նա` ասելով, որ նախկինում բնակվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հանրակացարանում: «Բառիս բուն իմաստով ինձ դուրս շպրտեցին, որովհետեւ պարզվեց՝ նույն սենյակում ուրիշին են գրանցել»,- պատմում է Ասատուր պապը, ում խոսքերով` հանրակացարանի պարետի կատարած մեքենայությունների պատճառով ինքը փողոցում է հայտնվել: Հանրակացարանից վռնդվելուց հետո նա փողոցներում ու մի կրպակում է գիշերել այնքան ժամանակ, մինչեւ փողոցում շունը ոտքը կծել է, եւ դրա հետեւանքով ինֆեկցիա է առաջացել: Ծերունին, ով դժվարությամբ էր կարողանում խոսել, պատմում է, որ այդ դեպքից հետո գնացել է «Արմենիա» բժշկական հիվանդանոցի Մաշկավեներական բաժանմունք: «Ոտքս ամբողջովին ուռել էր, շնից ինչ-որ ինֆեկցիա էր անցել, թարախակալել էր: Մեծ դժվարությամբ պառկեցրին ու սկսեցին բուժել, բայց, քանի որ գնալու տեղ չունեմ, արդեն համարյա 2 ամիս է, ինչ այդ հիվանդանոցում եմ ապրում: Հիմա կատեգորիկ պահանջում են, ասում են` դուրս արի, ոտքդ լավացել է, ոչ մի պատճառ չունես այստեղ մնալու: Էս րոպեին ես դրսում եմ: Էս իմ այլանդակ վիճակը բոմժի վիճակ է»,- ասում է նա` մատնացույց անելով մորուքն, ու վստահեցնում, որ անգամ սափրվելու եւ սնվելու հնարավորություն չունի:
Ասատուր պապն ավարտել է ԵՊՀ-ի Ապրանքագիտության եւ առեւտրի էկոնոմիկայի ֆակուլտետը եւ մասնագիտությամբ արդյունաբերական ապրանքների ապրանքագետ է: Նախկինում մասնավոր թերթերի գործակալությունում աշխատել է որպես ապրանքագետ, իսկ հետագայում աստիճանաբար իջել է, աշխատելով մինչեւ անգամ պահակ: «Սրճարանում պահակ էի աշխատում, բայց սրճարանը փակեցին, ես էլ անգործ մնացի: Հիմա ոտքիս պատճառով ֆիզիկապես չեմ կարող աշխատել, բայց մի քիչ ոտքի կանգնելուն պես կկարողանամ»,- ասում է ծերունին, ով նույնիսկ կենսաթոշակ չի ստանում, քանի որ թոշակային տարիքը չի լրացել: Ասում է, որ դիմել է Աբովյանի, Նորք Մարաշի, 4-րդ գյուղի ծերանոցներ, սակայն չեն ընդունել` պատճառաբանելով, որ տեղ չունեն: «Ասում են` չենք կարող ընդունել, տեղ չունենք, կամ էլ թե` տվյալները չի բռնում, թոշակառու չես, հաշմանդամություն չունես: Այդպիսի պատճառաբանություններ են առաջ քաշում ու մերժում են: 4-րդ գյուղի տուն-ինտերնատում խնդրեցի-աղաչեցի, բայց սպառնացին՝ եթե շարունակես պնդել` պահակներին կասենք՝ կծեծեն»: Հարցնում եմ` «Հիմա ձեզ ի՞նչ է պետք»: Պատասխանում է` «Քաղաքի ծայրամասերում որջերի նման սենյակներ են վարձով տալիս` օրական 500-1000 դրամով: Գոնե կարողանայի մի ժամանակ էնտեղ ապրել: Հիվանդանոցի տնօրենն ասում է` ա՛յ, ստեղս ես հասցրել (ձեռքով ցույց է տալիս կոկորդը,-Լ.Ս.), դուրս արի, հերիք եղավ, ամեն օր մի պատճառ ես բռնում»,- ասում է հուսահատված ծերունին: