Տաքսիստների հետ այսօրվա մեր զրույցի թեման Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն է: Նրանք պատասխանում էին «Ի՞նչ կուզենայիք փոխել Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքում» հարցին:
«Դեմագոգների խունտան թող հեռանա»
Վարորդ Ռուբենը զայրացած է. «Ինձ կներեք, որ սենց ջղային տոնով եմ խոսում, բայց էդ հարցն ինձ հունից հանեց, ու վստահ եմ, որ իմ պատասխանը շատ նման է լինելու ձեր լսած բոլոր պատասխաններին, որովհետեւ բոլորն էլ իմ նման են մտածում: Կուզենայի, որ մեր երկրի վերեւներում նստած դեմագոգների խունտան թողներ իշխանությունը: Կուզենայի՝ նրանք հասկանային, որ ամեն ինչ զավթելով չի, որ պետք է թողնեն իշխանությունը ու նրանց փոխարինողներ գան: Թող մեր նման մարդիկ գան, թող ուրիշները գան, մենակ թե՝ ոչ նրանք»,- բարկացած ասում է Ռուբենն ու մի քանի րոպե լռելուց հետո փորձում անկեղծանալ: «Ախր, գիտե՞ք, ասում եմ, բայց, երբ ինքս ինձ հարց եմ տալիս, որ` լավ, ասենք՝ սրանք դուրս եկան ղեկավարությունից, բա ովքե՞ր փոխարինեն: Մարդ չկա: Նրանք թողնեն` նրանցից տգետների շարան է գալու: Մտածում եմ ու չեմ գտնում, հասկանում եմ, որ բոլորս էլ հուսահատությունից ենք էդպես ասում»: Ինչ վերաբերում է մեր հասարակական կյանքի փոփոխություններին, ապա Ռուբենը սեփական օրինակով փորձում է բացատրել, թե մեր հասարակական կյանքն ինչո՞ւ է այսքան «հիվանդոտ»: «Ես մասնագիտությամբ ինժեներ եմ, տասնյակ տարիներ «Նաիրիտում» աշխատել եմ որպես գլխավոր էներգետիկ: Ստացել եմ 250 ռուբլի աշխատավարձ, եւ իմ տան սառնարանը միշտ լիքն է եղել: Համատեղ աշխատելով մեկ այլ հաստատությունում՝ Նալբանդյան փողոցում խանութ եմ բացել, Պուշկին փողոցում օբյեկտ ունեի, բայց ամեն ինչ տարիների ընթացքում վաճառել եմ: Հիմա ես` ստաժավոր ինժեներս, առավոտից-իրիկուն տաքսի եմ քշում, բայց իմ տան սառնարանը դատարկ է: Չնայած, փառք Աստծուն, որ տաքսի եմ քշում, որովհետեւ ինժեներներից շատերն էսօր զիբիլի ավտո են քշում: Եթե տղամարդն իրեն լիարժեք չի զգում՝ ի՞նչ հասարակական կյանք: Էսօրվա անգրագետ չինովնիկներին էն ժամանակ բերում էին ինձ մոտ պրակտիկայի, ու ես էլ ստորագրում էի, որ սա պիտանի մասնագետ է: Արժե՞ր, որ ստորագրեի: Նույն էդ պրակտիկանտներն իրենց Անգրագետ հալով էսօր ուզում են իմ ղեկավարները դառնալ: Ես հիշում եմ, որ Սովետական տարիներին, եթե մարդուն ուզում էին մի պաշտոն տային` պարտադիր կերպով իր աշխատած բոլոր կառույցներից հավաստագրեր, երաշխավորագրեր էին պահանջում, որ վստահ լինեին նրա հմտության վրա: Պաշտոն զբաղեցնող մարդն ահագին փուլեր էր անցնում, որ իր մասնագիտական կարողությունների մասին գնահատականներ տվող փաստաթղթերը պապկայով ներկայացներ մինիստրություն, հետո նոր կմտածեին` ընդունե՞ն, թե՞ ոչ: Հիմա դաշտն ազատ է: Ուզում եմ ասել, որ մեր հասարակական կյանքն էլ ավելի վատանալու է, քանի դեռ մեզ ղեկավարողները խելոքներ չեն: Հասարակության մեջ, եթե ընտանիքի սյունը` տղամարդն իրեն լիարժեք չի զգում, ուրեմն` ո՛չ հասարակություն, ո՛չ էլ ընտանիք հասկացություն չկա: Ինչպիսին մեր ղեկավարությունն է, էնպիսին էլ մեր հասարակական կյանքն է»,- կարծիքը եզրափակում է Ռուբենը: Նրա պես, իսկապես, շատերն են մտածում:
«Թիկունք ունեցողների համար օրենքը ոսկի ա»
Վարորդ Կարենն այս հարցին պատասխանելիս անդրադառնում է վերջերս Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, երբ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչն ինքնահրկիզվել էր: «Ես էդ պահին պատվեր էի կատարում: Աննկարագրելի ծանր տեսարանն էր, նենց շփոթվեցի, որ քիչ էր մնում վթարի ենթարկվեի: Մինչեւ հիմա էդ տեսարանը աչքիս առաջ ա: Սոսկալի բան ա, երբ աչքիդ առաջ մարդն ինքնասպան ա լինում: Էդ դեպքից հետո մի քանի օր գիշերները չէի քնում, ուշքի չէի գալիս: Հիմա ձեր հարցին, թե ես ի՞նչ կփոխեի` կպատասխանեմ էսպես. կուզենայի, որ մեր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բնակարաններ բաշխեր ոչ միայն հիմա` ընտրությունների ժամանակ, այլ իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Կուզենայի, որ ուտել-խմելուց առաջ մտածեն, որ էս երկրի առաջ պարտավորություններ ունեն: Կուզենայի, որ մարդիկ Կառավարության առաջ հրկիզվելու փոխարեն` գային լավ գործերի համար շնորհակալություն հայտնելու: Ա՛յ, դա կուզենայի: Թե չէ՝ ուր պտտվում ես՝ միտինգ, բողոք ու հայհոյանք ա: Կուզենայի, որ էս երկրում օրենք գործեր ու էդ օրենքները կիրառելով մարդկանց կյանքը թեթեւացնեին: Օրենքը չլիներ միայն քաղաքացուն դեմ ու պաշտոնյային կողմ, այլ լիներ բոլորի համար հավասար,- նշում է Կարենն ու հավելում, որ ինքը որպես ՀՀ օրինապահ քաղաքացի՝ օրենքը հարգելու փոխարեն՝ օրենքից վախենում է, որովհետեւ,- Էդ օրենքը կիրառում են ինձ նման թիկունք չունեցողների վրա: Էդ օրենքներով ցանկացած պահի կարան գլխիդ սարքեն ու ասեն՝ օրենքն ա պահանջում, իսկ ա՛յ, թիկունք ունեցողների համար մեր օրենքները պատժող չեն, խրախուսող են, ոսկե օրենքներ են»,- ասում է Կարենն ու վստահեցնում, որ ինքն առանձնապես սպասելիքներ չունի, թե առաջիկայում ինչ-որ բան փոխվելու է:
«Ապացուցե՞մ, որ զզվում եմ»
Վարորդ Գեղամն, ինչպես միշտ, օրիգինալ է: Մեր հարցին նա այսպես պատասխանեց. «Կուզենայի ինձ փոխել: Մարդը մեծանալով նրբազգաց ա դառնում: Էս վերջերս ամեն ինչ ծանր եմ տանում ու սրտանց ներվայնանում եմ: Կուզենայի մի քիչ սառնասիրտ լինել, թե չէ՝ ամեն մի մանրուքից սիրտս նեղվում ա: Առաջ կարգին, պինդ տղա էի, ամեն ինչին դիմանում էի, երեւի ծերանում եմ, չնայած 56-ը տղամարդու համար ի՞նչ տարիք ա: Փողոցներում ջարդած ավտո ու միլիցա եմ տեսնում, թե չէ` սիրտս սկսում ա արագ-արագ խփել: Մարդը դիմացկունությունը կորցրել ա, էլի, երեւի էս դժվարություններից, սթրեսներից ա: Եթե ես փոխվեի` թքած կունենայի մեր քաղաքական, հասարակական կյանքի վրա էլ, ինչքան ուզում են՝ թող իրար ուտեն ու երկրի եղածն ուտեն»,- ասում է Գեղամն ու նյարդայնանում։ «Դե՛, ասում ես, հոգնած, ջարդված, ներվայնացած գնում ես տուն, հեռուստացույցը միացնում ես, որ մի երկու բան լսես: Որ ալիքը միացնում ես՝ գովազդ ա: Աղջիկ ջան, կներես իհարկե, բայց բռնաբարում են բառիս բուն իմաստով: Եթե տղամարդ հալով քեզ զգում ես բռնաբարված, էլ ի՞նչ հասարակական կամ քաղաքական կյանք»,- ասում է վարորդ Գեղամն ու որպես օրինակ մեջբերում իր համար անտանելի ու անհասկանալի գովազդային մի հոլովակ: «Եթեր են մտնում աղջիկներն ու ասում են` «Ապացուցիր, որ սիրում ես»: Քիչ ա մնում ասեմ` «Ապացուցեմ, որ բռնաբարում ես»: Ախր էդ ռեկլամի իմաստը ո՞րն ա: Ո՞նց ապացուցեմ, որ սիրում եմ, եթե զզվում եմ: Ավելի լավ ա էդ ռեկլամների փոխարեն 2 րոպեանոց դուդուկ նվագեն, լաց լինենք, մինչեւ ռեկլամը վերջանա: Մեկ ա լացացնում-թողում են: Միակ հաղորդումը, որ ամբողջ ընտանիքով` թոռներով, տղայով, հարսով նայում ենք` «Իմ իրավունքն» ա: Միակ հաղորդումն ա, որ քեզ բռնաբարված չես զգում, այլ զգում ես, որ էդ մարդը կարա քեզ պաշտպանի: Շատ եմ հարգում էդ դատավորին, ու ահագին բան ենք սովորում: Մեկ էլ էս հոգսերից մի քիչ թեթեւանում եմ, երբ «Էլի մի ձայն»-ն եմ նայում: Ա՛յ մարդ էդ ինչ ճիշտ կերպարներ են: Կադրերում, որ մեկ-մեկ լիքը պատգամավորներ են ցույց տալիս, ասում եմ` երանի չէ՞ր, որ իսկական ԱԺ-ում մի անգամ էսքան շատ պատգամավոր տեսնեինք, միշտ դատարկ ենք տեսնում: Օրինակ` երբ թոռնիկս էն երաժշտական հաղորդումներն ա նայում, ես ամոթից փախնում եմ սենյակից: Ասում ա` պապի՛կ, էս ձեր թիվը չի, հիմա մարդիկ զարգանում են: Ասում եմ, եթե տկլորանալը զարգանալ ա, բալես, ուրեմն` ես շատ կուզենամ, որ դու թերզարգացած մնաս»,- ասում է վարորդ Գեղամն ու վստահեցնում, որ իրենց «թիվը նամուսով թիվ էր», իսկ մեր ժամանակներին համակերպվելու համար ամեն ինչ անում է, որ փոխվի:
«Տաքսիստների սանձերը թուլացել են»
Վարորդ Վազգենն իրեն իրավունք չի վերապահում քաղաքական կյանքի մասին խրատներ տալ. «Բոլորը դոցենտների պես քարոզ են կարդում: Ասեցին՝ խոսքի ազատություն, բայց չասեցին, որ իմացող-չիմացողը պիտի քաղաքականություն վերլուծի ու ուղղություն ցույց տա: Եթե ես 10-ամյա կրթություն ունեմ` ի՞նչ իրավունքով ասեմ, որ սա ա ճիշտը, իսկ սա սխալ ա: Աջ ու ձախ քննադատում են, բայց ամենահեշտ բանը քննադատելն ա: Երկիր ղեկավարելը կարծում եք հե՞շտ ա: Կարծում եք՝ իշխանությունը վատն ա, իսկ ընդդիմությունը սո՞ւրբ, կամ էլ մենք` բոլորս սուրբ ենք, բացի մեր ղեկավարների՞ց: Էդ նույն քննադատները կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, սրան-նրան են շիրա լինում: Իմ հարեւաններից մեկն էս իշխանությունների սուր քննադատն ա ու ամեն օր աղբը ցելոֆանով աղբարկղի մեջ գցելու փոխարեն՝ շպրտում ա արկղի կողքը: Իսկ փողոցով քայլելիս իրա ցիրուցան եղած աղբը մեր կոշիկներին ա կպնում, ու էդ հոտը մեր երեխեքն են շնչում: Պետությունն ի՞նչ անի նրա նմաններին, երբ պետության շահերի պաշտպան ձեւացողը պետության առաջին թշնամին ա: Ամբողջ օրն էլ պատերի տակ քննադատում ա թաղապետարանին, թե աղբը չեն հավաքում: Իսկ, երբ թաղապետարանից մի բան պոկելու հարց ա լինում` առաջին անունն իրանն ա լինում»,- ասում է Վազգենն ու բոլորիս խորհուրդ տալիս լինել լավ քաղաքացի, որից հետո նոր պահանջել, որ պետության ղեկավարներն էլ լինեն լավ քաղաքացիներ: «Քաղաքական կյանքում բան փոխելու համար գոյություն ունեն մասնագետներ, թող փոխեն, իսկ հասարակական կյանքում կուզենայի փոխել հասարակության հոգեբանությունը: Ես ձեր թերթի տաքսիստների մասին նյութերը միշտ կարդում եմ ու հիմա ուզում եմ քննադատել հենց իրենց` տաքսի քշողներին: Էդքան, որ գայիշնիկների անունը վարկաբեկում են, թող անկեղծ լինեն: Թող ասեն, որ պահը բաց չեն թողնում, որ խախտում անեն: Թող ասեն, որ հազար անգամ ասում են, որ սա անթույլատրելի վայր ա, բայց մեկ ա՝ իրանք կանգնում են: Թող ասեն, որ խախտում են անում ու կաշառք են տալիս, որ ակտ չգրեն: Թող ասեն, որ ուղեւորների հաշվի վրա թիվ են կրակում, իսկ փողոցից ուղեւոր վերցնելու դեպքում սերվիսից գաղտնի ուղեւորի գրպանը դատարկում են, իսկ հետո էլ թերթով կոռուպցիայի գործեր են տալիս: Իսկ ամենակարեւորը` ինչի՞ չեն ասում, որ էդ նույն գայիշնիկների բացակայության պատճառով օրը մի ավարիա ա լինում, որովհետեւ մեր նման տաքսի քշողների սանձերը թուլացել են»,- անկեղծորեն ասում է Վազգենը: