Կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների մասով Գլխավոր դատախազությունը նախորդ տարի դատարան է ուղարկել 136 գործ, որոնցով 181 մարդ է անցնում: Ինչպես «Արմենպրեսին» ասել է ՀՀ նախագահի օգնական, Հակակոռուպցիոն մոնիտորինգային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Մհերյանը, կոռուպցիոն հանցագործություններով հարուցված քրեական գործերով 73 պաշտոնատար անձ է անցնում: Նրանց մեղադրանք է առաջադրվել յուրացման եւ վատնման (17 դեպքում), կեղծ ձեռնարկատիրության, գանձվող հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարներից խուսափելու, մաքսանենգության, ապացույցները կեղծելու համար: 18 անձ մեղադրվել է պաշտոնական դիրքի չարաշահման համար, 9 պաշտոնյա` կաշառք ստանալու, երկուսը` պաշտոնեական կեղծիքի, 22-ը` իշխանության չարաշահման, իշխանազանցության կամ անգործության համար:
Անցյալ տարի կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում պետությանը հասցվել է 2 մլրդ 34 մլն 300.000 դրամի վնաս (այդ թվում` պաշտոնատար անձանց գործերով` 651 մլն 700.000 դրամի):