Խոստանում են դիմադրել

23/03/2007

Մարտի 19-ին բացվեց ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ինչով էլ, փաստորեն, մեկնարկեց մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրության երկարաժամկետ դիտորդական առաքելությունը:

Դիտորդները Հայաստանում են գտնվում մեր երկրի Արտգործնախարարության հրավերով: 13 փորձագետները կգտնվեն Երեւանում, իսկ 29 երկարաժամկետ դիտորդներ՝ հանրապետության այլ վայրերում: ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության խմբի ղեկավար, սլովենացի Բորիս Ֆրլեցը երեկվա ասուլիսում նշեց, թե այս ընտրությունները Հայաստանի համար «կարեւոր են»: Նաեւ ընդգծեց, որ, դժբախտաբար, Հայաստանում ընտրությունները մինչ օրս չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին, եւ 2007 թվականի ընտրությունը շանս է՝ փոխելու համար այդ միտումը: ԺՀՄԻԳ-ը խնդրանքով դիմելու է ԵԱՀԿ մասնակից պետություններին՝ ներկայացնել եւս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ ընտրության օրն ընտրական տեղամասերի բացումը եւ փակումը, քվեարկությունը, ձայների հաշվարկն ու արդյունքների ամփոփումը դիտարկելու համար: Դիտորդները գնահատելու են խորհրդարանական ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարական ընտրական գործընթացների սկզբունքներին: Նրանք հետեւելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական հանձնաժողովների եւ համապատասխան պետական մարմինների աշխատանքին, ընտրական օրենսդրության կիրառմանը, լրատվական միջավայրին եւ ընտրական վեճերի լուծմանը: «Վերջերս փոփոխված Հայաստանի Ընտրական օրենսգիրքն ապահովել է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար առողջ իրավական բազա, սակայն իշխանությունների համար մարտահրավեր է հանդիսանում դրա կիրառման մեջ բարի կամք դրսեւորելը, որպեսզի այս եւ հետագա ընտրություններն անցնեն ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան»,- նշեց Բորիս Ֆրլեցը: Նրա գլխավորած դիտորդական խումբը մտադիր է իր ուժերը միավորել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կարճաժամկետ դիտորդների հետ: Այս խմբի ղեկավարն էլ լինելու է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Տոնե Տինգսգաարդը: Բ. Ֆրլեցը երեկ հայտարարեց նաեւ, որ իրենք ընտրական գործընթացի առանձին դրվագների ընթացիկ գնահատական չեն տալու, այլ հետեւելու են մինչեւ վերջ, որից հետո միայն տալու են ընդհանուր գնահատական, որովհետեւ շատ կարեւոր է՝ «ընտրությունները գնահատել ամբողջության մեջ»: Դիտորդներն իրենց վրա ճնշումը բացառում են, ասելով, որ կդիմադրեն այդ ճնշումներին եւ ամեն ինչ կանեն՝ անկախ ու անաչառ լինելու համար: Դիտորդները պատրաստվում են հանդիպել նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ըստ Ֆրլեցի, իրենք ընտրությունից հետո մի որոշ ժամանակ էլ կմնան Հայաստանում, որպեսզի տեսնեն եւ գնահատեն նաեւ հետընտրական գործընթացները: Ֆրլեցը նաեւ շեշտեց, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը գործում են իրարից անկախ՝ առանձին մանդատների համաձայն: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը ռուսաստանցի Վլադիմիր Պրյախինն է: