Նամակ տիկին Փելոսիին

23/03/2007

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Առինջը նամակ է հղել ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսիին՝ հորդորելով չքննարկել Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի նախագիծը: Ըստ «Թըրքիշ դեյլի նյուզի», Առինջը պնդում է, որ Թուրքիան առաջարկել է հայ պատմաբաններին համատեղ ուսումնասիրել հարցը, սակայն հայերը չեն արձագանքել: Առինջը նաեւ գրել է. «Ինչ վերաբերում է 1915 թվականի իրադարձություններին, ապա Թուրքիան այս հարցում անպատասխանատու հերքողի դերում չէ»: Թուրքիայի խորհրդարանի խոսնակը կրկին կոչ է անում հայ պատմաբաններին քննարկել խնդիրը, ընդ որում՝ երրորդ երկրների, այդ թվում ամերիկացի պատմաբանների մասնակցությամբ: «Եթե թիվ 106 բանաձեւն ընդունվի, հայերը կհայտարարեն, թե ԱՄՆ-ը ճանաչել է 1915 թվականին վերաբերող իրենց անհիմն պնդումները: Նման զարգացումը թուրքական հանրությունը կընկալի որպես ԱՄՆ-ի կողմից հայերի պնդումների սատարում»,- եզրափակել է Առինջը: «Թըրքիշ դեյլի նյուզը» տեղեկացնում է նաեւ, որ մոտ օրերս վարչապետ Ռեջեփ Էրդողանն էլ մտադիր է նույն հարցով դիմել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին՝ հեռախոսով կամ նամակով: