Ղարաբաղում նախընտրական շրջանի յուրօրինակ հանգստությունն ու լռությունն արդեն մտահոգիչ է դառնում: Թեեւ «ընդհատակյա» նախընտրական եռուզեռն արդեն սկսվել է, բոլորը կարծես ինչ-որ իրադարձության են սպասում: Ղարաբաղում մարդիկ կատակում են, թե նույնիսկ գյուղապետի ընտրությունների նախընտրական շրջանը չի լինում այդպես խաղաղ ու հանդարտ:
Թվում էր, թե Ղարաբաղում գործող եւ 33 հոգանոց խորհրդարանում 12 պատգամավոր ունեցող «Ազատ Հայրենիք» կուսակցության վերջերս հնչած որոշումը նոր թափ կտա նախընտրական շրջանին, բայց դա տեւեց ընդամենը մի քանի օր: Խոսքն այն որոշման մասին է, որ «Ազատ Հայրենիքը» ԼՂՀ նախագահական ընտրություններում հավանաբար կսատարի ԼՂՀ Անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանին: Այդ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքերով, իրենց վերջնական դիրքորոշումը կարտահայտեն մարտի վերջերին: Մեր տվյալներով, հանրապետության ազդեցիկ ու մեծամասնություն կազմող կուսակցությունները «պայմանավորվում են» նախագահի թեկնածուի շուրջ: Ըստ վերլուծաբանների, հնարավոր է, որ Արցախի ժողովրդավարական եւ Ղարաբաղում գործող որոշ կուսակցություններ եւս սատարեն Բակո Սահակյանին: Առայժմ դեռ այս առումով որեւէ հետաքրքրություն չեն ցուցաբերում ՀՅԴ եւ «Շարժում-88» կուսակցությունները:
Իսկ այն, թե ո՞ր կուսակցության կողմից է առաջադրվելու Բակո Սահակյանը եւ ի վերջո առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, դեռեւս հայտնի չէ, քանի որ այդ մասին առայժմ ոչ ոք չի հայտարարել: Փաստն այն է, որ նրան սատարողների թիվն օրեցօր աճում է: Կուսակցությունների վերջնական դիրքորոշումները դեռ հայտնի չեն: Մեր տվյալներով, մինչեւ մարտի վերջը պարզ կլինի նաեւ ՀՅԴ-ի դիրքորոշումը: Իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի ընտրությունների օրը նշանակելուց հետո: Կուսակցությունը մարտի 19-ից քաղաքական խորհրդատվություններ է սկսել` առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության դիրքորոշումը ճշտելու եւ հստակեցնելու նպատակով: Նախատեսվում են քննարկումներ կուսակցության Կենտրոնական խորհրդի, ԱԺ-ում «Ժողովրդավարություն» խմբակցության եւ ԱԺԿ քաղաքային ու շրջանային խորհուրդների մակարդակներով: «Մինչեւ նախագահական ընտրությունների օրվա նշանակումը մենք կամփոփենք քննարկումների արդյունքները, իսկ թեկնածուների առաջադրման փուլում կուսակցության արտահերթ համագումարը կհրապարակի ԱԺԿ միասնական դիրքորոշումը: Միաժամանակ, ԱԺԿ-ն պատրաստ է նման խորհրդատվություններ անցկացնել երկրի մյուս քաղաքական ուժերի հետ` նկատի ունենալով այն պարզ իրողությունը, որ այսօրվա եւ վաղվա մարտահրավերները պահանջում են միակամություն ու համախմբվածություն: ԱԺԿ-ն առաջնորդվելու է վերջին տարիներին իրականացված` ժողովրդավարական գործընթացների անշրջելիության եւ երկրի Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներով»,- նշվում է տեղեկատվության մեջ:
Մնում է սպասել եւս մեկ կամ երկու շաբաթ: Սպասելը Ղարաբաղում սովորական երեւույթ է դարձել: Իսկ ԼՂՀ նախագահական ընտրություններին քիչ է մնացել. այն, ըստ օրենքի, կանցկացվի մոտավորապես հուլիսի կեսերին: