Վերջերս Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանի տնտեսության մասին «Կովկասյան վագր» անունը կրող իր երկրորդ զեկույցն էր հրապարակել: Այս տարվա վագրը գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ տարվա վագրից: Մեր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել ենք, թե Հայաստանը, ըստ ՀԲ-ի, վագրային ինչպիսի՞ ցատկեր է անում ու միշտ դոփում նույն տեղում:
Վագրն այս պարագայում բավականին ողորմելի վիճակում է հայտնվել: Զեկույցի հիմնական հեղինակ ՀԲ տնտեսագետ Սաումյա Միտրան, այս կապակցությամբ օրերս նշեց, որ «Համաշխարհային բանկը «վագրային» է համարում այն երկրների տնտեսությունները, որտեղ 10 տարուց ավելի արձանագրվում է երկնիշ տնտեսական աճ»: Իսկ Հայաստանի տնտեսությունը երկնիշ թվով աճ է արձանագրել ընդամենը 2002 թվականից եւ հասցրել է դառնալ վագր: Ս. Միտրան այդ հինգ տարիների երկնիշ թվերը գումարել եւ միջինացված կարգով երկնիշ աճ է արձանագրել մի քանի տարի ավելի երկար ժամանակահատվածի համար: «Հայաստանի տնտեսության աճի առանձնահատկությունն այն է, որ դա նավթի վրա հիմնված չի եղել եւ բավականին հավասարակշռված է, ի տարբերություն ձեր հարեւանի, որի տնտեսությունն ամբողջովին աճում եւ զարգանում է նավթի հաշվին,- ասում է ՀԲ փորձագետը: -Հայաստանի տնտեսական աճը տարբերվում է նաեւ Ռուսաստանի տնտեսական աճից, որտեղ եղել են դեպի վեր եւ դեպի ներքեւ զարգացումներ: Ռուսաստանի զարգացումները նույնպես պայմանավորված են նավթով եւ գազով: 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը համեմատած ԱՊՀ մյուս երկրների եւ Լեհաստանի հետ, բավականին կայուն կերպով աճել է դեպի վեր»:
ՀԲ տնտեսագետը նաեւ բազմաթիվ թերություններ է նկատել, որոնք խոչնդոտում են երկրի հետագա կայուն աճի ապահովումը: Այդ խոչընդոտները վերաբերում են հիմնականում ավիացիայի, հեռահաղորդակցության ու մաքսային ոլորտներին: Հատկապես նշված ոլորտներում բարեփոխումները պետք է արագացվեն: Հայաստանում ավիացիայի միջոցով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների արժեքը բավականին բարձր է: Դա հիմնականում նրանից է, որ ոլորտը գտնվում է մենաշնորհային վիճակում: Օտարերկրացի մասնագետը գտնում է, որ ոչ մի երկրում ազգային փոխադրողը չունի այնպիսի արտոնություններ, ինչպիսիք Հայաստանում ունի «Արմավիան»: Ս. Միտրան գտնում է, որ ավիացիայի ոլորտում բարեփոխումներն ու ծառայությունների գների իջեցումները Հայաստանի տնտեսությանն անպայման անհրաժեշտ են եւ այն էլ՝ անհապաղ: «Երկու հիմնական պատճառ կա, որ ավիացիոն ծառայությունները պետք է բարելավվեն,- ասում է պարոն Միտրան: -Հայաստանը ծովային սահմաններ չունեցող երկիր է, եւ չէի առաջարկի, որ այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկի: Մյուսն էլ՝ սահմաններից երկուսը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից փակ են: Ենթադրենք, ուզում եք Անթալիա գնալու համար տոմս գնել եւ վճարում եք մոտ 300 եվրո: Եվրոպայում նույն տարածությունն անցնելու համար 40-50 եվրո են վճարում: Սպառողները վճարում են, իսկ բաժնետերերն՝ օգուտ ստանում»:
ՀԲ փորձագետն առաջարկում է նաեւ ազատականացնել հեռահողորդակցության ոլորտը: Հայաստանի տնտեսության զարգացմանը խանգարում է նաեւ այն հանգամանքը, որ կայացած չէ մրցակցային դաշտը: Նրա խոսքերով՝ կայացած տնտեսություններում ցանկացած տնտեսվարող կարող է շուկա մտնել եւ դուրս գալ: Իսկ Հայաստանի տնտեսությունն այդպիսի հնարավորություն չի տալիս: Այստեղ ազատ եւ հավասար մրցակցային պայմաններին խոչընդոտում են օլիգարխները, ովքեր տնտեսվարողների մուտքն ու ելքը շուկա արգելում են: Մրցակցային հանձնաժողովը թույլ է եւ չի կարող կիրարկել կանոնները: ՀՀ տնտեսության կայուն աճի ապահովմանը խանգարում է նաեւ կոռուպցիան: Տնտեսվարողները պետական չինովնիկների հետ շփվելիս ավելի շատ ոչ պաշտոնական վճարումներ են կատարում: «Այս հանգամանքները կառավարությանը հայտնի են, բայց դժվար է լինելու այս ամենն իրական գործողության վերածելը եւ այն շահերի դեմ պայքարելը, որոնք թույլ չեն տալիս որպեսզի այդ զարգացումները տեղի ունենան»,- ասում է Ս. Միտրան: Նրա խոսքով՝ տնտեսական աճի պահպանման համար առաջին հերթին խիստ կարեւոր է հարկային եւ մաքսային մարմինների աշխատանքների բարելավումը: Ս. Միտրայի համոզմամբ՝ կոռուպցիան ավելի շատ այս մարմիններում է: Որքան էլ մեզ համար զարմանալի է, ՀԲ մասնագետները բավականին ցածր են գնահատում Հայաստանի բանկային ոլորտի վիճակը, նույնիսկ ԱՊՀ երկրների շարքում: Բանկերը շատ քիչ են մասնակցում տնտեսության կայացմանը, քիչ են վարկեր տալիս եւ ներդրումներ կատարում: Իսկ մեր իշխանություններն ու ոլորտի պատասխանատուները առիթը բաց չեն թողնում պարծենալու, թե ԱՊՀ տարածքում մենք ունենք կայացած բանկային համակարգ:
Փորձագետի ասելով՝ 1998թ. աղքատ էր համարվում Հայաստանի բնակչության 56 տոկոսը: Այդ ժամանակ մեկ շնչի հաշվով օրական ծախսը չէր անցնում 1 դոլարի սահմանը: Այսօր արդեն աղքատ է համարվում բնակչության մոտ 30 տոկոսը: Բայց այս ցուցանիշը կարելի է վիճարկել թեկուզ միայն նրա համար, որ մի քանի տարի առաջ 1 դոլարը 580 դրամ էր, այսօր՝ 360 դրամ: Եթե այս նույն տեմպերով դոլարը շարունակի արժեզրկվել, ապա 1 տարի հետո Հայաստանը աղքատ բնակչություն չի ունենա, որովհետեւ օրական 500 դրամի ծախսը կհավասարվի 2-3 դոլարի: Պարոն Միտրան եւս մի քանի թերություններ նշեց, որոնք խանգարում են ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը: Բայց երբ ասաց, թե այդ թվերն ու ցուցանիշներն ինչ հետազոտության արդյունք են, ամեն ինչ իր տեղն ընկավ: Համաշխարհային բանկի փորձագետներն օգտվել էին ՀՀ Վիճակագրական ծառայության տվյալներից: Այ, հենց այստեղից էլ պետք էր սկսել զեկույցը կամ մեկնաբանությունները: Հիմա պարզ է, թե որտեղից է առաջացել այդ վագրը: