Ամեն ինչ երեխաների համար

23/03/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Մանկության աշխարհ EXPO-2007» միջազգային ունիվերսալ ցուցահանդեսը, որն առաջին անգամ անցկացվեց Երեւանում` «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում, մեկ կարեւոր նպատակ էր հետապնդում. ներկայացվում էր մանուկների եւ դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված հայրենի արտադրանքը: Ցուցահանդեսի կազմակերպիչ «LOGOS EXPO Center»-ի տնօրեն Սուրեն Նազինյանն ասաց, որ վերջին տարիներին մանկական ապրանքներ արտադրող ընկերությունների թիվը Հայաստանում ավելացել է, եւ նրանց պետք է ցուցադրվելու հնարավորություն տալ:

Բարձր պետական հովանու տակ անցկացվող ցուցահանդեսում արտադրատեսակները ներկայացված էին թեմատիկ բաժիններով` հագուստ, կոշկեղեն, սպիտակեղեն, գրենական պիտույքներ, մանկական գրքեր, կահույք, սննդամթերք, խաղալիքներ, խաղահրապարակների ձեւավորում ու կահավորում, եւ այլն: Բոլոր ապրանքներն ու ծառայությունները կոչ էին անում գնել հայրենական արտադրանքը, որը ոչ միայն չի զիջում արտասահմանյան արտադրանքին, այլեւ` շատ դեպքերում գերազանցում է: Պաղպաղակ, հյութեր, կոնֆետներ, տրիկոտաժ եւ կոշկեղեն արտադրող հայկական ընկերություններն արդեն իրենց հաստատուն տեղն ունեն մեր շուկայում: Իսկ այս ցուցահանդեսի միջոցով կարելի էր տեղեկանալ նաեւ շուկա մուտք գործել ցանկացող նոր ընկերությունների մասին:

Հայ արտադրողները համաշխարհային տենդենցների համաձայն` իրենց արտադրանքի շեշտը դրել էին բնական հումքի, առողջության համար անվնաս բաղադրիչների վրա: Այն, որ օգտակարի, բնականի, հարմարավետի եւ գունեղի միաձուլումը կարող է կրել «Պատրաստված է Հայաստանում» պիտակը, արդեն կասկած չի հարուցում: Օրինակ, տրիկոտաժե հագուստ արտադրող «Տոսպ» ընկերությունը հայկական շուկայում իր արտադրանքը վաճառում է` նշելով, որ այն 100%-անոց բամբակից է պատրաստված, մատչելի գին ունի եւ հարմարավետ է: «Ռասար» ֆաբրիկան, որը Երեւանի նախկին Կաշվե գալանտերեայի գործարանի նոր անվանումն է, հայ սպառողին է առաջարկում բնական կաշվից ու գործվածքից կարված պայուսակներ, դպրոցական ուսապարկեր ու գրչատուփեր, որոնք չինական արտադրանքի գնին համապատասխան լինելով՝ աչքի են ընկնում հայկական սիմվոլիկայով: Հայկական այբուբենի տառերը որպես զարդանախշ օգտագործելը թեեւ շատ հայրենասիրական եւ գեղեցիկ է դիտվում, սակայն, ինչպես ասացին գործարանի ներկայացուցիչները` ավելի մեծ պահանջարկ ունեն անգլերեն տառերն ու «Բարբի» տիկնիկի պատկերներով դպրոցական պայուսակները: Կարելի է ենթադրել, որ այդ մոտեցումը ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել, եւ երեխաները մի օր նախապատվությունը կտան հայկական տառերին: Ճիշտ այնպես, ինչպես շատերը վաղուց արդեն ոչ թե արտասահմանյան, այլ` հայկական կոնֆետներ են ուտում եւ հայկական արտադրության փափուկ խաղալիքներով են խաղում: Փափուկ խաղալիքներ արտադրող «Մանկան» ֆիրման հայրենական շուկայից կարողացել է դուրս մղել չինական արտադրանքն ու իր բազմազան տեսականիով բավարարում է Հայաստանի սպասելիքները: «Մանկանի» նորամուծություններից է լինելու խանութներում իրականացվող դեմոնստրացիա-պատրաստումը, որի ընթացքում հաճախորդ-երեխաները խաղալիքների փափուկ կաղապարի մեջ միջուկ լցոնելու պրոցեսի ականատեսը կդառնան` համոզվելով, որ խաղալիքի միջուկը բնական հումք է պարունակում: Ցուցահանդեսի օրերին հեքիաթային տնակից ձյունե միջուկը դեռ «անշունչ» շնիկի կամ փղիկի մեջ լցնելու իրադարձությունը շատ երեխաների էր գրավում, քանի որ խաղալիքը հենց իրենց աչքերի առջեւ էր ստեղծվում:

Երեք օրերի ընթացքում ցուցահանդես այցելած երեխաները պետք է գոհ լինեն, քանի որ նրանք դառնում էին ապրանքների ու խաղերի փորձարկողները: Գրեթե յուրաքանչյուր տաղավարի մոտ երեխաներին հետաքրքիր որեւէ զբաղմունք էր առաջարկվում, նրանք հյութեր եւ քաղցրեղեն էին համտեսում: Բացի այդ, նրանք այս ցուցահանդեսում կարող էին նաեւ անել այն, ինչը իրենց մոտ ամենալավն է ստացվում` խաղալ եւ նկարել: Նրանց թույլ էր տրվում ճոճվել, վազվզել, վարսահարդարման ստուդիայի մոդելներ դառնալ, նկարազարդել սեփական դեմքերն ու լուսանկարվել: Իսկ հայրենական արտադրողներին մնում էր հաշվի առնել նրանց կարծիքներն ու նախասիրությունները: Մանկական ապրանքների շուկան դեռ շատ բաց տեղեր ունի:

Ընդ որում, բացի ապրանքներից, ներկայացվում էին նաեւ երեխաների ուսուցողական, ժամանցային, առողջապահական ոլորտների հետ առնչվող ծրագրերն ու մեթոդիկաները: Կրթական համալիրները, մանկական գրահրատարակչությունները ներկայացնում էին իրենց ուսուցողական ձեռնարկները, ամսագրերը, գրքերը, խաղերը, գրենական պիտույքները: Նրանք կարող էին մրցույթի մասնակից դառնալ ու համտեսել իրենց հասցեագրված արտադրանքը: Ու թեեւ «Մանկության աշխարհ EXPO-2007»-ում ներկայացված չէր խոշորագույն «Գրանդ քենդին», սակայն ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում բոլոր այցելուներին առաջարկվում էր համտեսել հայկական արտադրության քաղցրավենիքը: Սննդամթերք, հիմնականում՝ կաթնամթերք եւ քաղցրավենիք արտադրող հայկական խոշոր ընկերությունները վերջերս իրենց գովազդային քաղաքականությունը կառուցում են` հենք ընդունելով երեխաներին եւ հենց նրանց հասցեագրելով իրենց արտադրանքը: Այդպես են վարվում «Էլնոր» (կարագ), «Սոֆի» (շոկոլադե մածուկ), «Աշտարակ-կաթ» (յոգուրտ), հյութեր եւ պաղպաղակ արտադրող գրեթե բոլոր ընկերությունները: Նրանց գովազդային հոլովակների հերոսները երեխաներն են դառնում, ովքեր որոշակի ապրանքատեսակներ ուտելով եւ խմելով՝ դառնում են ավելի ուժեղ, առողջ եւ երջանիկ: Այդպիսի մոտեցումը գրեթե անխափան է գործում, եւ երեխաները ոչ միայն գովազդի սպառողը, այլեւ` գովազդի շարժիչ ուժն են դառնում: Երեխաներին հասցեագրված ծառայությունները շատանում են: Նրանց կարելի է մուլտֆիլմի մեջ սուզել, ու ծնողներին վաճառել այդ մուլտֆիլմի տեսաերիզը (բավականին թանկ գնով), կարելի է խաղային համալիր հրավիրել (նույնպես թանկ գնով), կարելի է թղթի մի կտոր ու մատիտներ տալ` առաջարկելով ստեղծագործել (գրեթե անվճար), կարելի է երեխային անչափահաս մոդելների մրցույթի ուղարկել, կարելի է նրան որակյալ ու գեղեցիկ գրքերով ապահովել: Ամեն բան կարելի է, կարեւորն ընտրելու հնարավորությունն է: