Հայ եւ թուրք երաժիշտները միասին են աշխատում

23/03/2007

Հայազգի լրագրող, թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի աղմկահարույց սպանությունն աշխարհում որպես ոճրագործություն ընկալվեց եւ մտորումների մեծ ալիքի սկիզբ դարձավ: Թուրքիայում ծնված երաժիշտ, «Armenian Navy Band» խմբի ղեկավար, էթնո-ջազային կոմպոզիցիաների հեղինակ Արտո Թունչբոյաջյանը, ով Դինքի վաղեմի ընկերներից է, յուրահատուկ ակցիա է ձեռնարկել: Ազգամիջյան ատելության, թշնամանքի եւ վրեժի դեմ պայքարող հայազգի լրագրողը երկու պետությունների միջեւ կամուրջներ կառուցելու փորձեր էր անում, եւ հիմա նրա գործը շարունակություն կստանա հայ եւ թուրք երաժիշտների աշխատանքում:

Թուրք կոմպոզիտոր ու երգիչ Յաշար Կուրտիի հետ Ա.Թունչբոյաջյանը որոշել է իր զոհված ընկերոջ հիշատակին նվիրված ձայներիզ թողարկել: Այս օրերին երկու երաժիշտները Հայաստանում ձայնագրություններ են անում (թուրք երաժիշտն առաջին անգամ է այցելել մեր երկիր), իսկ հետագայում ցանկանում են հայ եւ թուրք երաժիշտներից բաղկացած երաժշտական խումբ ստեղծել եւ շրջագայել աշխարհով մեկ: Խումբը կոչվելու է «Յաշ Ար» (երկու երաժիշտների անունների առաջին վանկերն են, իսկ բառը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «ապրող») եւ երգեր է կատարելու համամարդկային արժեքների եւ կյանքի անկրկնելիության մասին: Ա. Թունչբոյաջյանը միայն իր սեփական ստեղծագործություններն է կատարում, որոնք, նրա խոսքերով՝ «կրում են իրենց մեջ իր կյանքի հնչյունը եւ թույլ են տալիս մշտապես արտահայտել իր հայկական էությունը»:

Ա. Թունչբոյաջյանի վերջին ստեղծագործություններից սկսել են պակասել երաժշտական էքսցենտրիկ մշակումներն ու մատուցումները, իսկ երգերը ավելի մտերմիկ ու ռոմանտիկ են դարձել: Դրա ապացույցներից է «Արարատ» երգը, որն իր պարզ ու անկեղծ հնչերանգների շնորհիվ սիրելի է դարձել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար:

Ա. Թունչբոյաջյանն ու «Armenian Navy Band»-ը վերջերս են վերադարձել Ֆրանսիայից, որտեղ Հայաստանի տարվա շրջանակներում մի քանի համերգներ են ունեցել: