Անցած շաբաթ Էրեբունի համայնքում ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունն, ըստ ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, «սադրանք է երկու կուսակցությունների դեմ»: «Ես առայժմ չեմ կարծում, թե նման քայլերի գնացել են ո՛չ «Բարգավաճը», ո՛չ էլ Հանրապետական կուսակցությունը, եւ չեմ մտածում, որ հնարավոր է նույնպես ապագայում նման քայլերի դիմեն: Ցանկացած պարագայում դա ինձ համար եւս անհասկանալի է: Կարծում եմ՝ դա ընդամենը սադրանք է երկու կուսակցությունների դեմ, – «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գ. Մելիքյանը,- Ես նման հակամարտություն չեմ տեսնում: Ես տեսնում եմ պարզ եւ շիտակ մրցակցություն»: Հարցին, թե ո՞ւմ կողմից է եղել սադրանքը, Մելիքյանը պատասխանել է. «Երրորդ ուժերի կողմից… Հիմնականում ընդդիմադիր դաշտում ընդդիմություն ձեւացող ուժերի կողմից»: Այնուհետեւ Գ. Մելիքյանը հստակեցրել է, որ խոսքն «Օրինաց երկիր» կուսակցության մասին է: Ի դեպ, երեկ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ի պատասխան ասել է. «Դա աբսուրդ է՝ նման բան ասելը: Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչ ցանկություն կա «Օրինաց երկրին» խցկելու իրենց միջեւ հարաբերություններում»: